Արցախում Ամանորյա միջոցառումների ծրագիրը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախում Ամանորյա միջոցառումների ծրագիրը

Արցախում Ամանորյա միջոցառումների ծրագիրը

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը հանրությանն է ներկայացնում ամանորյա ծրագիրը: Դեկտեմբերի 18-ից 12 օր շարունակ կկազմակերպի աննախադեպ  ամանորյա տոնական միջոցառումների շարք, որը հնարավորություն կընձեռի հասարակության լայն զանգվածներին ու տարբեր տարիքային խմբերի  ներկայացուցիչներին՝  նախատոնական օրերը  հետաքրքիր և յուրօրինակ կերպով  անցկացնելու:

Նախատեսվում է Ստեփանակերտի սրտում՝ Վերածննդի հրապարակում <հիմնել> ամանորյա քաղաք՝ Կաղանդավան: Կաղանդավանի բացումը տեղի է ունենալու դեկտեմբերի 18-ին՝ հատուկ տոնական արարողությամբ:

Տեղադրվելու են տնակներ՝ ամանորյա զարդարանքներով, որտեղ  առևտրային կազմակերպություններն ու ստեղծագործողները  ցուցադրելու և վաճառելու  են իրենց արտադրանքը կամ ծառայությունները։   Կաղանդ Պապի հետ իրենց ամանորյա երազանքներով կիսվելուց բացի, երեխաները հնարավորություն կունենան ժամանակ անցկացնել <ստեղծագործական տնակում>, որտեղ կկազմակերպվեն վարպետության դասեր՝ ամանորյա նվերներ, խաղալիքներ, բացիկներ պատրաստելու  համար։

<<Ամանորյա քաղաքի> փոքրիկ բեմը մշտապես աշխույժ է լինելու՝ երաժշտական ու պարային համարներ արցախյան համույթների մասնակցությամբ, ինչպես նաև թատերական ներկայացումներ փոքրիկների համար: Իրականացվելու են նաև այլ ժամանցային ծրագրեր՝ քիմիական շոու, միմ շոու, աճպարարների վարպետության ցուցադրություն: Երեխաները կհանդիպեն սիրված հեքիաթների հերոսների հետ:

Ծրագիրն իրականացվելու է գործընկերների աջակցությամբ՝ «Արդշինբանկ» ՓԲԸ, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ, «Արցախէներգո» ՓԲԸ, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ:

Դեկտեմբերի 31-ի ամանորյա համերգը կամփոփի նախատոնական միջոցառումների շարքը:  Համերգին իրենց մասնակցությունը կբերեն արցախյան համույթները և հատուկ հրավիրված հյուրը՝ «Capital Cities» ինդի-փոփ խմբի մեներգիչ Սեբուն, ով հասցրել է ձեռք բերել  հայաստանյան և արցախյան երկրպագուների մեծ բանակ:

Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ  ևս նախատեսվում է մեծ համերգային ծրագիր՝ հայաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

1