Արցախից միշտ մեծ էներգիա եմ ստանում. Վահագ Ռաշ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախից միշտ մեծ էներգիա եմ ստանում. Վահագ Ռաշ

Արցախից միշտ մեծ էներգիա եմ ստանում. Վահագ Ռաշ

Նոյեմբերի 11-ին Շուշիի կերպարվեստի թանգարանի բեմում կայացել է հայտնի երգիչ, երգահան Վահագ Ռաշի՝ Վահագ Ռուշանյանի «Աշնան քամի» խորագիրը կրող երաժշտական համերգ-երեկոն: Երգչի երկար սպասված համերգին ներկա էին Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, երգչի ընտանիքի անդամները, Վահագ Ռաշի յուրահատուկ արվեստի սիրահարները: Մտերմիկ մթնոլորտում հնչել են արդեն սիրված երգեր, նաև՝ նոր կատարումներ: Վահագ Ռաշին նվագակցել է քույրը` ջութակահարուհի Լիլիթ Ռուշանյանը:

Արցախում գտնվելու առիթից օգտվելով՝ «Ապառաժ»-ը զրուցել է հայտնի ու անհայտ բանաստեղծների ստեղծագործություններին յուրահատուկ հնչեղություն տվող, յուրօրինակ ձայնով, երաժշտական ճաշակ թելադրող երաժիշտի հետ:

— Վահագ, Ձեր արվեստի սիրահարների համար համերգը վաղուց սպասված էր: Շուշիի համերգից դուք ի՞նչ տպավորություններ ստացաք:

— Շատ մեծ էներգիա ստացա, Արցախ գալուց միշտ դրական մեծ  էներգիա եմ ստանում: Շատ եմ կապված Արցախի հետ, քանի որ երկու տարի էլ այստեղ ծառայել եմ: Մտածում եմ առաջիկայում Ստեփանակերտում կենդանի նվագակցությամբ հանդես գալու մասին:

23550361_1493629350673593_7268092243069906786_o

-Դուք նոր շունչ, կյանք եք տալիս արդեն հայտնի կամ անհայտ ստեղծագործություններին: Հետաքրքիր է, ի՞նչպես եք ստեղծագործությունների ընտրությունը կատարում:

-Հնարավոր է՝ բանաստեղծությունները կարդամ ու հոգեհարազատ բան գտնեմ բանաստեղծության մեջ, իմ համար նշեմ, որոշեմ, որ հետո երգ պիտի դառնա: Շատ երգեր, կիսատ մնացած երաժշտություններ ունեմ գրած, որոնց համար բառեր պետք է ստեղծվեն: Մոտավոր 300-400-ի չափ կիսատ մնացած գործեր կան, որոնք մնացել են համակարգչի հիշողության մեջ: Վերջնական տեսքի բերելը կախված է նաև ծախսերի հետ՝ գործիքավորում, մշակում, ձայնի վոկալ: Այդ ամենը հաշվի առնելով՝ հերթով, կամաց-կամաց անում եմ:

Հայրիկիս երգերը գործիքավորելուց հետո սկսել եմ ես երգեր գրել: Չնայած փոքր տարիքից եմ գրում երգեր: Բայց հիմնական երգացանկս կազմում են հայրիկիս գրած երգերը: Եղիշե Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ» բանաստեղծության երաժշտությունը գրել է քեռիս, «Ժամանակ» երգը՝ ընկերներիցս մեկը, մնացածը իմ հեղինակային երգերն են: Հիմնականում աշխատում եմ ընտրել հայ դասականների ստեղծագործությունները, նաև նոր բանաստեղծներից գործեր, որոնք ինձ դուր են գալիս: Ժամանակակից գրողներից դեռ միայն Տաթև Ոսկանյանի հետ եմ աշխատել:

-Արդյո՞ք մտավախություն չեք ունենում, որ արդեն հայտնի ստեղծագործությունների նոր տարբերակները չեն ընկալվի ունկնդիրների կողմից:

-Մտավախություն, որպես այդպիսին, չի եղել: Ինչ-որ չափով եղել է ռիսկային քայլ: Ես բնավորությամբ միշտ ռիսկային եմ եղել: Իսկ քննադատութուններից երբեք չեմ վախեցել, ընդունել եմ, իհարկե, առողջ քննադատությունը:

-Բազմիցս նշել եք, որ Ձեր երաժշտական կայացման վրա մեծ ազդեցություն են թողել Ձեր ծնողները: Իսկ հայ երաժիշտներից ովքե՞ր են Ձեզ համար այսպես ասած օրինակ ծառայել:

— Մանկուց, կարելի է ասել, դաստիարակվել եմ Հախվերդյանով, Մեսչյանով, Արմեն Մովսիսյանով, դասականներից Ռուբեն Մաթևոսյանին եմ փոքր ժամանակից լսել: Ու կարելի է ասել, որ նրանց ազդեցության շնորհիվ է, որ հայերեն եմ սիրում երգել: Եթե ռուսերեն երգեմ, կերգեմ իմ գրած բառերով: Համերգներին շատ են խնդրում երգել արտասահմանյան երգեր: Երգում եմ, բայց չեմ սիրում, քանի որ, իմ կարծիքով, երգիչը պետք է մատուցի կոնկրետ իր ձեռագիրը, իր երգը: Եթե ինչ-որ բան ես անում, երգ ես երգում, պիտի քո ոճով ներկայացնես: Միշտ փորձում եմ յուրովի ներկայացնել. թե ինչքանով է դա ստացվում, հանդիսատեսը կարող է ասել:

23511397_1495243327178862_1537128083472340741_o

-Ի՞նչ ստեղծագործությունների սպասենք առաջիկայում:

-Այժմ գործիքավորման փուլում է «Բարի արագիլ»-ը: Բավական ժամանակ առաջ, երբ դեռ ոչ մեկը չէր երգել այն, ես պատրաստած ունեի: «Փոքրիկ տղան մի վարդ տեսավ» երգը հին երաժշտությամբ կներկայացնեմ իմ ոճի մեջ: Շուտով կներկայացնեմ «Անձրև» երգը, որը աշնանային երգ է: Ունեմ ռուս բանաստեղծ Անենսկիի բառերով գրված ռուսերեն երգ՝ «Осенний романс» է կոչվում: Կան նաև երկու երգեր, որոնց երաժշտությունը ես չեմ գրել, բայց ինձ շատ հարազատ մարդ է գրել: Բառերը մայրիկս է գրել: Առաջինը կոչվում է «Երգ երգի մասին»: Հետաքրքիր երգ է այն մասին, թե ինչ է երգն ինձ համար: Երկրորդը «Մեր բակ» է կոչվում: Դա արդեն գործիքավորման մեջ է. ես իմ ձեռագիրը կդնեմ, իսկ երգը երաժշտությամբ, բառերով պատրաստ է: Բավական շատ բան կա անելու, պետք է աշխատեմ:

-Տարբեր միջոցառումների, համերգների ժամանակ այնքան էլ հաճախ չենք տեսնում Վահագ Ռաշ երգչին. ինչո՞վ է դա պայմանավորված:

-Ճիշտն ասած, ես չեմ սիրում շատ մատուցել ինձ: Հայաստանի տարբեր ռեստորաններում, փաբերում ելույթ ունենալու բազմաթիվ առաջարկներ եմ ստանում: Բայց ես դրան կողմնակից չեմ: Ճիշտ կլինի այսպիսի մտերմիկ, անմիջական միջավայրում կազմակերպել համերգ, գեղեցիկ մատուցել երգերը:

23551003_1495243963845465_7862430455946039152_o

 

Տաթևիկ Աղաջանյան

լուսանկարները՝ ART PR ֆեյսբուքյան էջից

1