Դավիթ Իշխանյանը՝ ՀՅԴ խմբակցությունների հանդիպման մասին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Դավիթ Իշխանյանը՝ ՀՅԴ խմբակցությունների հանդիպման մասին

Դավիթ Իշխանյանը՝ ՀՅԴ խմբակցությունների հանդիպման մասին

Հոկտեմբերի 17-ին Երեւանում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովների ՀՅԴ խմբակցությունների հանդիպումը: Թեմայի շուրջ «Ապառաժ»-ի հարցերին է պատասխանում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը:

Ի՞նչ անհրաժեշտությունից ելնելով է առնվազն տարին երկու անգամ տեղի ունենում Արցախի եւ Հայաստանի Ազգային ժողովների ՀՅԴ խմբակցությունների հանդիպումը։

-Արցախի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցությունը յուրաքանչյուր տարի հաստատում է իր տարեկան գործունեության ծրագիրը, որում միջոցառումներից, ձեռնարկներից եւ օրենսդրական նախաձեռնություններից զատ նախատեսված է նաեւ Հայաստանի ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հետ տարեկան առնվազն երկու հանդիպում՝ միջխորհրդարանական հարաբերությունների խորացման նկատառումներից ելնելով: Այդ հանդիպումներից մեկը նախատեսված է կայացնել Երեւանում, մյուսը՝ Ստեփանակերտում՝ քննարկելու օրակարգային այն հարցերը, որոնք նախօրոք ճշտվում են երկու խմբակցությունների միջեւ:

Հանդիպման ընթացքում ՀՅԴ երկու խմբակցությունների անդամները տեղեկատվություն են փոխանցել նախորդ շրջանի կատարած աշխատանքների մասին եւ ներկայացրել խմբակցությունների առջեւ առկա խնդիրները: Նկատի առնելով այն հանգամանքը, որ ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը չունի այն լայն հնարավորությունները, որոնք ունի ՀՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը, հանդիպմանը քննարկվել է նաեւ փորձագիտական գրասենյակների եւ փորձագիտական աջակցության հարցը: Մեր խմբակցությունն ունի հայաստանյան մեր խմբակցության մասնագիտական եւ փորձագիտական աջակցությունը:

Ի՞նչ հարցերի շուրջ էին ծավալվում քննարկումները օրեր առաջ կայացած հանդիպման ընթացքում:

-Հանդիպման օրակարգային հարցերը վերաբերում էին օրենսդրական խնդիրներին, երկու հանրապետությունների միջեւ համագործակցության խորացման եւ միջազգային հարթակներում առավել արդյունավետ աշխատելու հեռանկարային հարցերին:

Անդրադարձել ենք մի շարք օրենքների, որոնք առնչվում են Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների քաղաքացիներին, մասնավորապես՝ ավանդերի վերադարձմանն առնչվող խնդիրներին: Ավանդների մշակված փոխատուցման կարգի համաձայն՝ քաղաքացիների ավանդը  փոխատուցվում է, սակայն Արցախում եւ Հայաստանում կան քաղաքացիներ, ովքեր ԽՍՀՄ տարիներին խնայդրամարկղներում պահված գումարների դիմաց ոչինչ չեն ստացել: Նման մարդկանց թիվն այնքան էլ մեծ չէ, եւ անհրաժեշտ է երկու խորհրդարաններում համապատասխան քննարկումներ ծավալել՝ փորձելով գտնել հնարավոր լուծումներ՝ երկու հանրապետությունների քաղաքացիների դժգոհության առիթը վերացնելու եւ օրենքին համապատասխան փոխատուցելու քաղաքացիների ի պահ դրված խնայողությունները: Այս առումով՝ կարեւոր էր երկուստեք հարցին անդրադառնալը:

Մաքսային ծառայության խնդիրը եւս հանդիպման օրակարգային հարցերից էր: Արցախի եւ Հայաստանի միջպետական սահմանը հատող Արցախի քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում ընդունված օրենքի համապատասխան պահանջներից են օգտվում, եւ կան մի շարք խնդիրներ, որոնք ունեն օրենքի կարգավորման անհրաժեշտություն: Այս առումով՝ Արցախի խորհրդարանը եւ խորհրդարանականները չէին կարող չանդրադառնալ այդ խնդրին:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում ընդունված մի շարք օրենքներ քննարկման են դրվում նաեւ Արցախի խորհրդարանում: Այդ իսկ պատճառով ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն՝ մեր խմբակցությանն է փոխանցվելու Հայաստանի Հանրապետությունում քննարկվող օրենքների եւ օրենսդրական նախաձեռնությունների մասին որոշակի տեղեկացվածություն՝ ընդունված օրենքների մասին պատկերացում կազմելու եւ Արցախի խորհրդարանի մակարդակով օրենքները քննարկելու նպատակով:

Լուսինե Թեւոսյան

1