ԼՂ հարցում կողմերի դիրքորոշումներն իրականում այնքան էլ հեռու չեն. Ջեյմս Ուորլիք
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ԼՂ հարցում կողմերի դիրքորոշումներն իրականում այնքան էլ հեռու չեն. Ջեյմս Ուորլիք

ԼՂ հարցում կողմերի դիրքորոշումներն իրականում այնքան էլ հեռու չեն. Ջեյմս Ուորլիք

արաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումներն իրականում բավական մոտ են՝ չնայած զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հոկտեմբերի 18-ին ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած քննարկումների ժամանակ. տեղեկացնում է Tert.am-ը:

«Կողմերը եկել են մի կետի, երբ առաջ շարժվելու հարցում նրանց դիրքորոշումներն այնքան էլ հեռու չեն իրարից՝ չնայած լրատվամիջոցների հաղորդումներին: Կողմերը մի քանի անգամ գրեթե հասել են համաձայնության, և վերջին անգամ դա 2011 թվականին է եղել»,- ասել է նա:

«Կանխելով Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմը. ԱՄՆ-ի և ԵԱՀԿ-ի դերը» թեմայով ճեպազրույցին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու նախկին ամերիկացի համանախագահները՝ Քերի Կավանոն և Ջեյմս Ուորլիքը, ինչպես նաև Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Մագդալենա Գրոնոն:

«Երբ ես 2013 թվականին ստանձնեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը, շփման գծի երկայնքով իրավիճակն անկայուն էր և վտանգավոր: Սպառնալիքը, որը պետք է վերացվեր, դիպուկահարների ներկայությունն էր, որոնք պարբերաբար կրակում էին՝ զոհերի և վիրավորների պատճառ դառնալով: ԵԱՀԿ Մինսկի խմբում ինձ նախորդած համանախագահներն ուղիներ են փնտրել հրադադարն ամրապնդելու և դիպուկահարների գործողությունները կանխելու համար: Այսօր սպառնալիքը շատ ավելի մեծ է: Կողմերը շփման գծի երկայնքով տեղակայել են ծանր զինատեսակներ»,- ասել է Մինսկի խմբի նախկին համանախագահը:

Ուորլիքը նշել է, որ այս զինատեսակների կիրառման հետևանքով ավելացել է զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում:

«Սխալ հաշվարկի և բռնկման հետ կապված վտանգները մեծ են, քան երբևէ: Մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը երկարատև խաղաղության հաստատման համար»,- նշել է Ուորլիքը:

«Այժմ անհրաժեշտ է ճանապարհ գտնել օգնելու համար կողմերին ձեռնարկել վերջին համարձակ քայլը՝ առկա անհամաձայնությունները վերացնելու և խաղաղության և կայունության հասնելու համար»,- հավելել է նախկին համանախագահը:

Ուորլիքը նշել է, որ այնուամենայնիվ, կողմերն անվստահություն են տածում միմյանց նկատմամբ, մեծացել է երիտասարդ սերունդ, որը միմյանց անմիջականորեն ճանաչելու փորձ չունի:

Ըստ նրա՝ խաղաղության առավելությունները գերակշռում են փակուղային իրավիճակին և թույլ են տալիս խուսափել վերսկսված ռազմական գործողությունների աղետալի հետևանքներից:

Մինսկի խմբի նախկին համանախագահն ընդգծել է, որ Հայաստանն անմիջապես կշահի բաց սահմաններից, ավելի մեծ անվտանգությունից, առևտրի, ճանապարհորդության, հարևանների հետ շփումների նոր հնարավորություններից:

Ադրբեջանը կվերացնի զարգացման ամենաառանցքային խոչընդոտը՝ փախստականներին և ներքին տեղահանված անձանց հնարավորություն տալով հաշտեցման և վերադարձի:

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, ըստ նրա, կազատվի մեկուսացման և կախվածության բանտից:

«Մենք պետք է ողջունենք դեմ առ դեմ հանդիպումները, բայց առանց առարկայական առաջընթացի՝ դրանք կարող են հիասթափություն բերել կողմերին»,- ասել է Ուորլիքը՝ խոսելով օրերս կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման մասին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Քերի Կավանոն իր հերթին հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերն այժմ ավելի են հեռացել համաձայնության ձեռքբերումից:

1