Իր աշխատանքներն է սկսել Եվրոպայի հայերի 4-րդ համագումարը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Իր աշխատանքներն է սկսել Եվրոպայի հայերի 4-րդ համագումարը

Իր աշխատանքներն է սկսել Եվրոպայի հայերի 4-րդ համագումարը

Հոկտեմբերի 18-ին Բրյուսելում մեկնարկել է Եվրոպահայերի 4-րդ համագումարը:

Համագումարը Եվրոպայում գործող Հայ դատի հանձնախմբերի եւ հայկական այլ կազմակերպությունների հետ, Հայաստանից, Արցախից, Եվրոպայից, Միացյալ Նահանգներից և այլ շրջաններից հասարակական գործիչներ, քաղաքագետներ, գիտնականներ և հոգևորականներ է մեկտեղել՝ զրուցելու եւ եզրակացությունների հանգելու հայ ժողովրդի դիմագրաված հիմնահարցերի  ներկա զարգացումների շուրջ:

Համագումարի բացման խոսքում ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է, որ 3-րդ համագումարը կայացել է 4 տարի առաջ, այնուհետև ամփոփ ներկայացրել է նախորդ 4 տարիներին կատարված աշխատանքների հիմնական ուղղությունները:

Համագումարին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների բարձր մակարդակի քաղաքական ներկայացուցիչներ,Եվրոպական խորհրդարանում Եվրոպական Միություն-Հայաստանի Հանրապետություն և Եվրոպական Միություն-Արցախի Հանրապետություն բարեկամության խմբերի նախագահներ եւ Եվրոպական խորհրդարանի անդամներ:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն իր ողջույնի խոսքում խորին երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մշտապես սատարում են Արցախին, ապրում նրա հոգսերով, անում հնարավորը տարբեր ատյաններում արցախյան հիմնախնդիրը արդարացի ներկայացնելու եւ մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար: «Համագումարի հարթակը և նրա ներկայացուցչական կազմը հնարավորություն են տալիս լուրջ ու գործնական քննարկումներ կազմակերպել մեր առջև ծառացած խնդիրների շուրջ: Չափազանց կարևոր է, որպեսզի կայանա մտքերի կառուցողական փոխանակում, հնչեն տարբեր կարծիքներ և ընդունվեն փոխհամաձայնեցված որոշումներ առաջին հերթին գերնպատակ ունենալով միավորել մեր ժողովրդի տարբեր հատվածները համազգային ծրագրերի իրականացման համար»,- նշել է Բակո Սահակյանը:

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ անկախության ճանաչման ուղղությամբ ունեցած նշանակալից ավանդի համար և ի նշանավորումն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի, ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն իր խոսքում անդրադարձել է աշխարհասփյուռ հայության առջև ծառացած խնդիրներին: Անդրադառնալով Արցախյան խնդրին, Արամ Առաջինը վստահեցրել է, որ Հայաստանի, Սփյուռքի ամբողջական զորակցությունը Արցախի հետ է. «Արցախի անկախությունը ամեն ինչից առաջ մեր ժողովրդի պատմական իրավունքն է, որովհետև մեր ժողովուրդը Արցախը չգրավեց. ուրիշներն ուրիշի նվեր տվեցին, ուրիշներ գրավեցին, իսկ մեր ժողովուրդն իր պատմական հողի վրա է: Մեր ժողովրդի արդար իրավունքն է իր հողի վրա իր անկախությունը, իր ինքնիշխանությունը կազմակերպել: Այս գիտակցությամբ մենք միշտ զորավիգ ենք Արցախի անկախ պետությանը»:

Համագումարին ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը, Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը:

Ողջույնի ելույթներից հետո զեկույցներն ու քննարկումները շարունակվեցին 3 թեմաներով՝ Ցեղասպանության ճանաչում, Արցախի ինքնորոշման իրավունք և Հայապահպանություն: Համագումարի աշխատանքները կշարունակվեն նաև հոկտեմբերի 19-ին:

1