Վինգչունիստները վերակենդանացրին Դահրազի եկեղեցին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Վինգչունիստները վերակենդանացրին Դահրազի եկեղեցին

Վինգչունիստները վերակենդանացրին Դահրազի եկեղեցին

Արցախի վինգչունի եւ թայչիի ֆեդերացիայի մարզիկները շարունակում են հայրենիքի համար ռազմավարական նշանակություն ունեցող բարեգործական աշխատանք իրականացնել, որի շրջանակը ընդգրկում է Արցախի պատմամշակութային արժեքների՝ եկեղեցիների, սրբավայրերի բարեկարգում:

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում գտնվող Դահրազ գյուղը ավերվել է ադրբեջանցիների կողմից Արցախյան պատերազմի ժամանակ՝ 1992 թ. հունիսին, ազատագրվել՝ 1992 թ. սեպտեմբերին: Պատերազմից հետո գյուղը չի վերականգնվել, մշտական բնակիչներ գյուղում չկան: Դահրազում կան պատմամշակութային հուշարձաններ՝ կանգուն, բայց ոչ բարվոք վիճակում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին (1862 թ.) եւ գյուղի մոտակայքում՝ Դահրազ (Հոռումսիմ) ամրոցը (9-13-րդ դդ.):

Սեպտեմբերի տասին լքված համարվող Դահրազ գյուղն մարդաշատ էր. բարեկարգման աշխատանքներ կատարելու նպատակովայդտեղ էր ժամանել Արցախի վինգչունի եւ թայչիի ֆեդերացիայի եռանդուն, համարձակ մարզիկների խումբը, ում ցավ էր պատճառում Սուրբ Աստվածածին եկեղեցու անմխիթար տեսքը, որի հեղինակը ոչ միայն ժամանակն էր, այլեւ թուրքի ավերող ձեռքը (սրբավայրը փրկվել է հիմնահատակ քանդվելուց, երբ 1992-ին ազատագրվել է Դահրազը):Խումբը համալրում էին ֆեդերացիայի ավագ եւ պատանի մարզիկները՝ մարզիչ Սայաթ Բաղդասարյանի գլխավորությամբ:

Աշխատանքային ծրագրի առաջին էտապը ներառավ եկեղեցու հարակից տարածքի մաքրում եւ աղբահանում: Այնուհետեւ հաջորդեց ցանկապատի եւ մուտքի դռան վերականգնում: Մարզիկների համատեղ ուժերով արագորեն քարե պատ շարվեց, որը կպաշտպանի եկեղեցին զանազան կենդանիների ներխուժումից: Արտաքին աշխատանքներին հաջորդեցին եկեղեցու ներսիբարեկարգման եւ աղբահանման աշխատանքներ: Ոգեւորված մարզիկների կազմակերպված աշխատանքի արդյունքում Դահրազի եկեղեցու ներսն ու դուրսը շուտով կոկիկ եւ խնամված տեսք ստացան: Քրտնաջան աշխատանքով ու զուգորդող  աշխուժությամբ կարծես վերակենդանացավ ոչ միայն եկեղեցին, այլեւ՝ գյուղը: Կանգուն եւ խնամված եկեղեցու առկայությունը, ինչու չէ նաեւ գործող լինելը տարածքում կխթաներ գյուղի վերաբնակեցմանը, ինչը մարտավարական նշանակություն ունի երկրի համար: Դեպի գյուղ տանող ճանապարհի անհարթությունն ու տեղումների առաջացրած բացասական հետեւանքները մշտական ուշադրություն եւ աշխատանք են պահանջում, իսկ եկեղեցու տանիքն ու ներսը հիմնովին վերանորոգման կարիք ունեն, որի համար հովանավոր ձեռքեր են անհրաժեշտ: Պետք է մշտապես գնահատել ժողովրդի իրական արժեքները:

Այն հարցին, թե ինչ զգացողություններ ունեն նման բարեգործական ծրագրեր կատարելիս, մարզիկները միաբերան պատասխանեցին՝ հոգու թեթեւություն: Արածի կարեւորությունը գիտակցելով՝ նրանք համեստորեն քչախոսում են, մինչդեռ նրանց աչքերում առկայծող գոհունակության շողերը անթաքույց են:

Դահրազի Սուրբ Աստվածածին եկեղեցին կշարունակի ունկնդրել ուխտագնացների աղոթքները դեռ երկար տարիներ: Ուրախալի է, որ արցախցին բարեկարգում է ոչ միայն իր տունը, այլեւ սրբավայրը, որը դառնում է միջնորդ մեր եւ Աստծո միջեւ:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ

Արցախի վինգչունի եւ թայչիի ֆեդերացիա

1