Շաբաթօրյակ Շալուա գետի ավազանի ճանապարհներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Շաբաթօրյակ Շալուա գետի ավազանի ճանապարհներին

Շաբաթօրյակ Շալուա գետի ավազանի ճանապարհներին

Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին շրջանի հյուսիսային թևում՝ Շալուա գետի ավազանում, կատարվեց շաբաթօրյակ:  Ըստ ծրագրի՝ յուրաքանչյուր բնակավայրի ներկայացուցիչները հնարավորինս բարեկարգեցին մինչ հարևան բնակավայր հասնող միջգյուղական ճանապարհը և հավաքեցին ճանապարհների եզրերին ընկած ավելորդությունները՝ հիմնականում պոլիէթելինային տոպրակներ, շշեր: Առավոտյան շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը եղավ Գանձայի գյուղական համայնքի Բազմատուս գյուղի տարածքում, որտեղ հիմնական ճանապարհը մի քանի տեղից հեղեղների պատճառով փլուզվել է և դարձել վտանգավոր:

Այս մասում որոշվել է հենապատ շարել 3 հեղեղատի սկզբում: Համայնքի բնակիչները քար, ավազ ու ցեմենտ տեղափոխեցին, որ շուտով սկսեն հենապատերի կառուցումը: Օրվա ընթացքում շրջվարչակազմի ղեկավարի օգնական, «Հայրենասեր» ՀԿ համահիմնադիր Ստեփան Սարգսյանի, աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետ Հարություն Բերբերյանի և վերաբնակեցման բաժնի պետ Ռոբերտ Մաթևոսյանի հետ այցելեցի տվյալ տարածքը: Առաջինը հանդիպեցինք Գողթանիկի գյուղական համայնքի բնակիչներին:

Այստեղ գետի աջ ափին գտնվող դաշտում հիմնվել է Հայրենական Մեծ պատերազմում մեր պապերի կերտած հաղթանակի 70 ամյակին նվիրված այգի: Այգու տարածքում նույնպես իրականացրեցին մաքրման աշխատանքներ: Նորաշենիկի գյուղական համայնքի կազմում գտնվող Վարդուտ գյուղում այցելեցինք դպրոց: Մոտ 10 տարվա պատմություն ունի նորաշեն Վարդուտը: Դպրոցի տնօրեն Ռաիսա Բաղիկյանը տեղեկացրեց, որ ունեն 14 աշակերտ, 7 ուսուցիչ: Զրուցեցինք նաև աշակերտների հետ: Չնայած փոքրաթիվ աշակերտներ ունի Վարդուտի դպրոցը, սակայն կրթօջախի շրջանավարտների մեծ մասը հետագա ուսումը շարունակել է ՀՀ և ԱՀ պետական բուհերում: Դպրոցի նախկին աշակերտուհի Տիգրանուհի Խաչատրյանն Արցախից միակ աշակերտն էր, որ 3 տարի առաջ ընդունցեց Դիլիջանի միջազգային դպրոց, իսկ այժմ ուսումը շարունակում է ԱՄՆ-ում: Ստ. Սարգսյանը ծանոթացավ դպրոցի խնդիրներին. հնարավորության դեպքում կցուցաբերի օժանդակություն:

Համայնքի ղեկավար Ծովինար Խաչատրյանը տեղեկացրեց, որ գյուղն ունի խմելու ջրատարի բարեկարգման խնդիր, նշեց նաև՝ կա ծրագիր բնակավայրում նոր թաղամաս կառուցել: Վերջերս քանդվել է Շալուայի վտակներից մեկի վրայի կամուրջը, որը գտնվում է Վարդուտ-Արտաշավի բնակավայրերի մեջտեղում: Այժմ դեպի հյուսիսային համայնքներ երթևեկությունը կայանում է նոր բացված շրջանցող ճանապարհով: Կեսօրից հետո համայնքների ներկայացուցիչները, շրջվարչակազմի աշխատակիցները Շալուայի ափամերձ հարթ տարածքում հանդիպում ունեցան շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրհանի հետ: Շրջանի ղեկավարը կարևորեց նման միջոցառումները, ներկայացրեց շրջանի հարավային թևում, հատկապես Իշխանաձոր գյուղում իրականացրած շինարարական աշխատանքները: Հավելեց, որ Վարդուտ գյուղում ևս շուտով կսկսվեն բնակելի տների կառուցում:

Զոհրաբ Ըռքոյան

1