Քավության նոխազ՝ արևմտյան ընտրությամբ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Քավության նոխազ՝ արևմտյան ընտրությամբ

Քավության նոխազ՝ արևմտյան ընտրությամբ

Հենց այդ՝ քավության նոխազի վիճակում է հայտնվել բուլղարացի մեր գործընկերուհի Դիլյանա Գայթանջիևան, ով խիզախել է լրագրողական հետաքննությամբ բացահայտել արևմտյան հատուկ ծառայությունների հանցավոր գործարքներն «իսլամական պետություն» հորջորջվող ահաբեկչական խմբավորման հետ։

Ինչպես հայտնի է, բուլղարական «Տրուդ» թերթի աշխատակցուհին իր աղմկահարույց հրապարակումներում ջրի երես է հանել արևմտյան մի շարք երկրների, ինչպես նաև Ադրբեջանի, Թուրքիայի երկերեսանի քաղաքականությունը «Ալ-Քաիդայից» հետո իր աշխարհագրական ընդգրկմամբ ու դաժանությամբ մերօրյա երկրորդ չարիք դարձած ԴԱՀԵՇ-ի դեմ մղվող պայքարում։ Հիմք ընդունելով անժխտելի փաստեր, Գայթանջիևան հանգել է այն եզրակացության, որ Արևմուտքը Միացյալ Նահանգների գլխավորությամբ ոչ այնքան սկզբունքային պայքար է մղում առանձնապես Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ծայրաստիճան աղետալի դարձած այդ երևույթի դեմ, որքան պայքարի երևութականությամբ նպաստում է նրա գոյությանը՝ այն ի սպաս դնելով իր ինչպես տարածաշրջանային, նույնպես և աշխարհաքաղաքական շահերին։ Ահավասիկ, այս համոզման թարմ ապացույցներից մեկը. Սիրիայի կառավարական զորքերին օրերս վերջապես հաջողվել է ռուսական օդուժի աջակցությամբ վերացնել ահաբեկիչների կողմից Դեյր Էլ-Զոր քաղաքի գրեթե եռամյա պաշարումը, իսկ մինչ այդ՝ արևմտյան կոալիցիոն ուժերը քաղաքի մերձակայքից ուղղաթիռների միջոցով հապշտապ դեպի Սիրիայի հյուսիսային շրջաններ՝ առավել ապահով վայրեր են փոխադրել իսլամական խմբավորումների հրամանատարներին ու նրանց ընտանիքի անդամներին։

Բուլղարացի խիզախ լրագրողի հրապարակումներից պարզվում է, որ ԴԱՀԵՇ-ի արմատական իսլամականները, ինչպես նաև «Ան Նուսրա Ճակատ»-ի «չափավոր» ջիհադականները զենք են ստանում արևմտյան տասնհինգ հատուկ ծառայություններից։ Գործում է սպառազինության մատակարարման մի ծավալուն ու կուռ միջազգային համակարգ, որի մեջ ներգրավված են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բուլղարիան, Չեխիան, Սերբիան, Ռումինիան, Թուրքիան, Անդրկովկասում՝ Ադրբեջանը, հարավ-արևելքում՝ Աֆղանստանը և Պակիստանը, Պարսից ծոցում՝ Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Քաթարը, աֆրիկյան մի շարք երկրներ։ Այդ բազմազգ հանցավոր սինդիկատն Արևելյան Եվրոպայից՝ նախկին Վարշավայի պայմանագրի անդամ երկրների զինապահեստներում առ այսօր կուտակված և ՆԱՏՕ-ի ստանդարտներին չհամապատասխանող ու, որպես այդպիսին, փաստորեն, անպետք ու ավելորդ դարձած խորհրդային արտադրության զենքն ու զինամթերքը կանոնավոր կերպով՝ գրեթե ամենօրյա պարբերականությամբ, փոխադրում է «արաբական գարնան» հերթական զոհ դարձած Սիրիա՝ սպառազինելով հիմնականում միևնույն ահաբեկչական խմբավորմանը՝ ԴԱՀԵՇ-ին։ Ընդ որում, միջազգային փորձագետների  կարծիքով՝ այդ փաստաթղթերի իսկությունը որևէ կասկած չի հարուցում։

Դիլյանա Գայթանջիևան Ադրբեջանի մասնակցությունն այդ համակարգին ներկայացրել է «Տրուդ» թերթի հուլիսի 2-ի համարում (www.trud.bg) հրապարակված «350 դիվանագիտական չվերթեր՝ ահաբեկիչների համար զենքով» վերնագրով իր հոդվածում՝ բացահայտելով այդ հանրապետության պետական մարմինների ուղղակի ներգրավվածությունն «իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և աշխարհի տարբեր ծայրերում գործող նրա  խմբերի զինման գործում։ Անշուշտ, ամենևին էլ գաղտնիք չէ, որ Ադրբեջանը սպառազինության և զինամթերքի ոչ միայն խոշոր գնորդ է, այլև վաճառող, ընդ որում՝ երկու դեպքում էլ չպահպանելով միջազգային օրենքները։ Սակայն բուլղարական մամուլի այդ հրապարակումը, որը թարգմանվել է շատ լեզուներով և լայն միջազգային արձագանք ստացել, ապացուցեց, որ աշխարհում և կոնկրետ Բուլղարիայում ադրբեջանական դեսպանատներն իրենց դիվանագիտական քողածածկույթն օգտագործում են ահաբեկիչներին սպառազինելու համար։ Հոդվածում անդրադարձ է կատարված հիմնականում Ադրբեջանի SilkWayAirlines («Մետաքսի ճանապարհ») պետական ավիաընկերության կողմից դիվանագիտական բեռների քողի տակ Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան,  Կոնգո, Բուրկինա Ֆասո, այլ երկրներ զենք ու զինամթերքի անօրինական և լայնածավալ արտահանմանն ու վաճառքին։ Հոդվածագիրը նշել էր, որ վերջին երեք տարվա ընթացքում ադրբեջանական ընկերությունը քողարկվել է դիվանագիտական քողածածկույթով՝ աշխարհի տարբեր թեժ կետեր տասնյակ տոննաներ զենք և զինամթերք ուղարկելու համար։ Խոսքը՝ մի կողմից փոխաբեռնման կետեր հանդիսացող Բաքվի և Բուլղարիայի սևծովյան Բուրգաս նավահանգստի, մյուս կողմից Սաուդյան Արաբիայի Էր-Ռիադ և Ջիդդա քաղաքների միջև կատարված թռիչքների մասին է։ Նա նշել է նաև, որ Ադրբեջանի տեղափոխած զենքի մի մասը կարող է օգտագործված լինել Լեռնային Ղարաբաղում։

Բուլղարացի մեկ այլ լրագրողի՝ Գեորգի Կոլարովի խոսքով (verelq.am/ru/node/21821)՝ «Այն, որ Գայթանջիևան ուղիղ տասնոցին է դիպել, իսկույն հասկանալի դարձավ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան արձագանքից»։ Պարզվում է, որ դեսպան Նարգիզ Ակիֆ գըզը Գուրբանովան նամակ է ուղարկել բուլղարական ԶԼՄ-ներին, որի մեջ իշխանություններին կոչ է արել հետաքննություն անցկացնել տեղեկատվության արտահոսքի կապակցությամբ։ Նա խոստովանել է, որ դեսպանատունը ենթարկվել է կիբեր-հարձակման և բուլղարական համացանցի սպասարկու կառույցներին կոչ է արել հետևել իրենց հաճախորդների անվտանգությանը։ Այսպիսով իսկ՝ դեսպան խանումն ընդունել է բացահայտված տվյալների իսկությունը։ Եվ ստացվեց այն, ինչ սպասելի էր. Դիլյանա Գայթանջիևային հեռացրին «Տրուդ» թերթից։ Ակնհայտ է, որ պարբերականի տեր և գլխավոր խմբագիր Պետյո Բլիսկովը, ով, Գեորգի Կոլարովի հավաստմամբ, անցումային շրջանի ամենահայտնի և ամենահարուստ բուլղարական լրագրողն է, մի շարք թերթերի գլխավոր խմբագիրը, հարկադրված էր դիմել իր համար անչափ բարդ այդ վարմունքին՝ հեղինակազրկելով թե իրեն անձամբ և թե թերթին։ «Հարց է ծագում. ո՞վ է հարկադրել նրան։ Չէ՞ որ նա շատ ուժեղ և ազդեցիկ մարդ է Սոֆիայում»։ Ի պատասխան իր իսկ հարցի՝ Կոլարովը մատնանշում է «Տրուդ»-ի գլխավոր խմբագրի վաղեմի կապերը բուլղարական հատուկ ծառայությունների հետ, ինչի ուժով վերջիններս նրան ստիպել են գնալ այդ քայլին։ Հատկանշական է, որ հրավիրելով Բուլղարիայի ազգային անվտանգության գործակալություն, Գայթանջիևային հարցաքննել են այդ հաստատության հատկապես հակահետախուզական վարչությունում, ինչի մասին նա հայտարարել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը և Երևանի «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցներում։ Հարցաքննությունից հետո, ըստ երևույթին սպառնալով հետևանքներով, նրան ստիպել են մինչև օրվա վերջը դիմում ներկայացնել «Տրուդ» թերթից ազատվելու մասին։ «Գայթանջիևային աշխատանքից ազատելու միջադեպը տեղի է ունեցել հոդվածի հրապարակումից գրեթե երկու ամիս անց։ Այսինքն՝ խմբագրությունում և հակահետախուզությունում երկար տատանվում էին, թե ինչպես վարվեն։ Եվ, ի վերջո, նրան ազատել են հենց Սիրիա կատարելիք հերթական գործուղումից առաջ, որտեղ նա պատրաստվում էր մերկացուցիչ փաստեր հայթայթել ասիական շուկաներում խորհրդային արտադրության զենք ու զինամթերք վաճառող արևելա-եվրոպական երկրների ռազմա-արդյունաբերական համալիրների ղեկավարների մասին։

Սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանի տեսակետով՝ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատունը փաստորեն ճնշում է գործադրել Բուլղարիայի արտաքին գործոց նախարարության վրա։ Վերջինս իր հերթին կապվել է երկրի հակահետախուզության հետ և պահանջել միջամտելու «Տրուդ»-ի խմբագրության աշխատանքին՝ ազատելու տաղանդավոր լրագրողին։ Նրա կարծիքով՝ նման միջամտությունը լիովին համապատասխանում է Բաքվում իշխող ահաբեկչական բնույթի դիկտատուրային։ «Բացի այդ,- ասում է Արմինե Ադիբեկյանը,- Ադրբեջանի դեսպանն այլընտրանք չուներ. Դիլյանա Գայթանջիևայի հոդված-հետաքննությունն անհարմար վիճակի մեջ է դրել նրան՝ ցուցանելով, որ թե ինքը և թե Ալիևը խառնված են մի գործունեության, որը հանցավոր է՝ ըստ բոլոր միջազգային օրենքների»։

Նույն համոզմանն է նաև ինքը՝ Դիլյանա Գայթանջիևան։ Նրա խոսքով՝ «Այս ամենի հետևում կանգնած են ազդեցիկ դեմքեր, և՝ ոչ միայն Բուլղարիայում: Այս հարցը անձնական չէ, այլ վերաբերում է Ադրբեջանին, որն իր պետական ավիաընկերության միջոցով զենք է մատակարարում ահաբեկիչներին և այն երկրներին, որոնք ներգրավված են մատակարարման շղթայի մեջ։ Հավաստիացնում եմ,- ասում է նա,- որ Ադրբեջանը միջամտում է Բուլղարիայի ներքին գործերին: Այն, ինչ պատահեց ինձ հետ, առաջին դեպքը չէր. ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը»:

Ի դեպ, Դիլյանա Գայթանջիևան հայտարարում է, որ աշխատանքից ազատվելը չի դադարեցնի իր հետաքննությունը. միևնույնն է՝ ինքը կթռչի Սիրիա՝ նոր վարկաբեկիչ նյութերի որոնման։ Նրա խոսքով՝ «Ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել ինձ, քանզի ես այլևս ոչինչ չունեմ կորցնելու, ուստի և շարունակելու եմ անել այն, ինչ կատարում էի մինչ այդ, այսինքն՝ նոր բացահայտումներ հանել ջրի երես»։ Բայց, ավաղ, հարց է՝ արդյո՞ք կկարողանա նա մեկնել Բուլղարիայից։

Միքայել Հաջյան

1