Թուրքիայի Քոնյա նահանգի Աքշեհիր շրջանի հայկական եկեղեցին կվերանորոգվի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Թուրքիայի Քոնյա նահանգի Աքշեհիր շրջանի հայկական եկեղեցին կվերանորոգվի

Թուրքիայի Քոնյա նահանգի Աքշեհիր շրջանի հայկական եկեղեցին կվերանորոգվի

Թուրքիայի Քոնյա նահանգի Աքշեհիր շրջանում գտնվող հայկական եկեղեցին կվերանորոգվի:  Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքին հղում անելով՝ «Էրմենիհաբեր»-ը գրում է, որ Հոջա Նասրեդդինի «Համաշխարհային հումորի գյուղ» նախագծի շրջանակներում վերանորոգվելուց հետո եկեղեցին կվերածվի մշակութային կենտրոնի: Իսկ եկեղեցու հարևանությամբ գտնվող քահանայատունը կծառայի որպես փոքրիկ հյուրատուն:

Նախագիծն իրականացվում է Աքշեհիրի քաղաքապետարանի և Թուրքիայի զարգացման նախարարության համագործակցությամբ: Աքշեհիրի քաղաքապետ Սալիհ Աքքայայի խոսքով՝ նախատեսվում է նաև տարածքում գտնվող հայկական բաղնիքի վերանորոգումը, որը, սակայն, կավարտվի առաջիկա տարիների ընթացքում:

«Համաշխարհային հումորի գյուղ» նախագծի համար շուրջ 5 մլն թուրքական լիրա արժողությամբ բյուջե է նախատեսվել, որից 1.72 մլն-ը կօգտագործվի 2017թ. ընթացքում:

Աղբյուրը հավելում է, որ համաձայն Ռայմոնդ Գևորգյանի «Հայերը Օսմանյան կայսրությունում՝ 1915թ.-ից առաջ» գրքի՝ Քոնյա նահանգի Աքշեհիր շրջանում Հայոց ցեղասպանությունից առաջ 4.950 հայ էր բնակվում: Հայերն այստեղ 4 դպրոց և մեկ եկեղեցի ունեին՝ Սուրբ Երրորդությունը: Դպրոցներից Սուրբ Ստեփանոսը տարածաշրջանում հատկապես հայտնի էր կրթության բարձր մակարդակով: Շրջանում բնակվող հայերը հատկապես զարգացրել էին գորգագործությունը, կաշեգործությունը, երկաթագործությունը:

1