«ԱՊԱՌԱԺ»-Ը 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԵՒ ԱՅՍՕՐ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «ԱՊԱՌԱԺ»-Ը 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԵՒ ԱՅՍՕՐ

«ԱՊԱՌԱԺ»-Ը 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԵՒ ԱՅՍՕՐ

«Ապառաժ»-ը Արցախյան մամուլում նորություն չէ: 100 տարի առաջ, որպես ՀՅԴ Արցախի «Շուշի» Կոմիտեի օրգան, հրատարակվել է քաղաքական, հասարակական եւ գրական շաբաթաթերթ (հետագայում՝ երեքօրյա պարբերականությամբ) «Ապառաժ»-ը Հ. Մուսայելյանի խմբագրությամբ: Այդ առիթով որոշեցինք մինչև 2017-ի ավարտը վերահրատարակել 100 տարի առաջ Շուշիում լույս տեսած պարբերականի էջերից:

Դժբախտաբար, չի պահպանվել «Ապառաժ»-ի առաջին համարը, իսկ պահպանված համարները գտնվում են ՀՀ Ազգային գրադարանում եւ Մատենադարանի պահոցներում:

Հարկ ենք համարում նշել, որ խմբագրությունը չի փոփոխել նյութերի ուղղագրությունը:

ՖԵԼԻԷՏՈՆ

ՄԵԿԸ

(փոքրիկ ֆելիէտոն գաւառի բարքերից)

Զարմանալի է, էլի…

Այո, նույնիսկ անհասկանալի:

Ինչ որ քաղաքներում վայելուչ է և գեղեցիկ, գաւառում այդ նոյն բանը երևում է տգեղ, չափից անցրած ձևով…

Այ, օրինակ:

Պապական օրէնք է, և հին ադաթ բոլոր յեղափոխականների մէջ, որ կարմիրը յեղափոխութեան նշան է: Ռուսական յեղափոխիւնից յետոյ զգալիորեն բարձրացել է կարմիր կտորի գինը, որովհետև բոլորի՝

Թևին- կարմիր,

Գլխին-կարմիր,

Թաշկինակը- կարմիր,

Գոտին- կարմիր,

Դրօշակները կարմիր, կարմիր ու կարմիր… Ամեն ինչ կարմիր է, կաս-կարմիր…

Շատ անգամ փողոցով անցնելիս տեսնում ես մի մարդու՝ ոտից մինչև գլուխ կարմիր, կարծում ես մեծերիցն է, կամ՝ կոմիտաչի, կամ՝ միտինգաչի… Ուրախացած մոտենում ես և՝ ո՜վ զարմանք…

— Շնհրեցի մի կին…

Մարդիկ էլ կան, որոնք յեղափոխական են կարմիրով. և առիթից օգտվելով (որ ուշադրություն գրավեն) կարմիր են կապում գլխին էլ, գլխարկին էլ, զույգ թևերին էլ, կրծքին էլ…

Մէկը մեր քաղաքում, երբ գիշերը (ասում են՝ երազում) յեղափոխութեան հոտն է առնում. քնաթաթախ զարթնում է և շուկայ վազում, կարմիր ժապաւէններ գնելու. Ամբողջ մի ամսւայ ռոճիկը տալիս է և մի քանի կապոց ժապաւէններ գնում, որպէսզի առաւօտը վաղ կարմիր կապած շուկայ դուրս գայ:

Գիշերը – վարժապետ,

Առաւոտեան- միտինգաչի,

Երեկոյեան- կամիտաչի:

Դէ, տեսէք կարմիրի զօրութիւնը….

Չար լեզուները պատմում են, որ նա սպիտակեղէնի վրայից էլ է կարմիր հագնում, որպէսզի ճառի ժամանակ օձիքից ձգելիս կարմիրը երևայ…

Այդ  մէկը իրեն երջանիկ է զգում, ամեն քայլափոխի նայում է թևերին, գլխարկին և ի խորոց սրտի գովում յեղափոխութիւնը: Նրա տունը ուխտատեղի դարձավ: Էլ վաճառական, էլ քիսաչի, էլ փափախչի, գնո՜ւմ են, հա՜ գնում և կարմիր կապած յեղափոխականից խորհուրդներ հարցնում: Մէկը բոլորի հետ էլ սիրալիր է, ասում է, ծիծաղում, և նրան թւում է, թէ ինքը ժողովրդի Աստւածն է, նրա կուռքը:

Կարմիրի զօրութիւնիցն էր…

Մէկը վարձել էր նաև մի թիկնապահ, որ կարմիր մահուդը թոփերով ման էր ածում նրա յետևից, տեղն ընկած դէպքում իսկոյն փռում էր մահուդը, գետինը կարմրում էր, հակառակորդը՝ շշմում և աւելի կարմրում…

Բայց…. ո՜վ դժբախտութիւն…

Գիւղացի կանայք մի համախօսականով պահանջեցին քանդել նրա կարմիրը, և յետ խլել մահուդեայ թոփերը. «Մերն է կարմիրը, մենք ամենահին յեղափոխականներից ենք»:

Եւ մի դժբախտ օր, երբ արևը ամաչելուց կարմրել էր, հանեցին նրա կարմիրը, խլեցին, տարան…

Այժմ, ասում են, այդ մէկը առանց կարմրի, փետրահան թռչունի պէս նստած է սենեակում և ողբում է իր դառը վիճակը: Խղճացեք նրան, յետ տւէք նրան կարմիր ժապաւէնները, որովհետև  նա կարմիրով է յեղափոխական…

Առաջին 1917 տարի 

Շաբաթ, 17 յունիսի N5

Էլի նա.

1