Համազգայինի ուսանողական ֆորումի անդամներն Արցախում են
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Համազգայինի ուսանողական ֆորումի անդամներն Արցախում են

Համազգայինի ուսանողական ֆորումի անդամներն Արցախում են

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ուսանողական ֆորումի 9 երկրների թվով 35 երիտասարդներ հուլիսի 19-ից Արցախում են: Հուլիսի 20-ին նրանք այցելել են ԼՂՀ ԱԺ եւ հանդիպում ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ, «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի հետ:

Պաշտոնական հանդիպումներից բացի՝ երիտասարդներն այցելել են զորամաս, Արցախի պետական պատմաերկրագիտական, Զոհված ազատամարտիկների եւ Անհայտ կորած ազատամարտիկների թանգարաններ:

«Ապառաժ»-ը զրուցել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության գրասենյակի տնօրեն Արին Գալստյանի եւ ֆորումի մասնակիցների հետ:

Միությունը 1994-ից ի վեր ուսանողական հավաքներ է կազմակերպում: Առաջին տարիներին հավաքատեղին Լիբանանն էր եւ Հայաստանը: Որոշ ժամանակ անց որոշվեց ֆորումն անցկացնել հայրենիքում՝ 12 օր Հայաստանում, 3 օր Արցախում:

Արզնի Ասլանյանն ապրում է Լիբանանում: Ավարտել է Լիբանանի Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ճեմարանը եւ ուսանում է Լիբանանի Ֆրանսիական համալսարանի հայագիտություն բաժնում: Ասում է, որ նախկինում մասնակցել է Հայաստանում եւ Արցախում կազմակերպվող ճամբարների, սակայն այս ֆորումը տարբերվում էր գաղափարական առումով:

«Առաջին իսկ օրից բոլորի հետ ընտելացանք եւ ընկերացանք: Ֆորումի ընդհանուր մթնոլորտը շատ դրական է ոչ միայն ժամանցի եւ հանգստի համար, այլեւ մի բան սովորելու առումով: Նյութերի բովանդակությունը եւ տեղացիների հետ շփումները մեծ արդյունք են տալիս գիտելիքի առումով»,- նշում  է Արզնի Ասլանյանը:

Ֆորումի նպատակը աշխարհի հայ ուսանողներին հայրենիքի հետ ծանոթացնել է: «Ֆորումի շրջանակներում հայրենիքում կազմակերպվող շրջագայությունը տարբերվում է տուրիստական այցից: Ֆորումի մասնակիցները հնարավորություն են ունենում հանդիպելու բարձրաստիճան պաշտոնյաների, կրթական համակարգի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ այցելելու առաջնագիծ»,- ասում է Արին Գալստյանը:

Ֆորումի հիմնական շեշտը դրվում է մշակույթի եւ կրթության վրա: Դաստիարակչական ծրագիրը ներառում է հայկական ճարտարապետության, երաժշտության, թատրոնի պատմության հետ ծանոթացումը, ինչպես նաեւ դասավանդվում է հայերեն լեզուն: Ներկայացվում են նաեւ տարաբնույթ թեմաներով դասախոսություններ:

Կորյուն Գենոյանն Ամերիկայից է: Ասում է, որ սկզբնական շրջանում մտավախություն ուներ, քանի որ ֆորումի մասնակիցներից ոչ ոքի չէր ճանաչում, սակայն առաջին իսկ ժամերից պարզ եղավ, որ բոլորը մի ընտանիքի պես են:

«Կարող եմ վստահաբար փաստել, որ այն ծառայում է իր նպատակին եւ Սփյուռք- Հայաստան-Արցախ եռամիասնությունը իրար հետ ամուր կապող կառույց է»,- շեշտում է Կորյուն Գենոյանը:

Ֆորումի կազմակերպիչներն աշխատում են ընկերական եւ հաճելի մթնոլորտ ստեղծել, որպեսզի աշխարհի տարբեր երկրներից հայրենիք եկած երիտասարդները սերտ կապեր հաստատեն իրար հետ եւ անմիջական կերպով առնչվեն հայ կյանքին:

Ֆորումին մասնակից բավական մեծ թվով երիտասարդներ առաջին անգամ են այցելում հայրենիք: Սիրիահայ Մարմանդ Աշոտյանը եւս առաջին անգամ է հայրենիքում: Շատ մեծ ուրախությամբ է ընդունել ֆորումին մասնակցելու առաջարկը:

«Սիրիան, Հայաստանը եւ Արցախը նման են ժողովրդով: Ես ինձ զգում եմ հայ եւ հայերով շրջապատված»,- ասում է Մարմանդ Աշոտյանը:

Յուրաքանչյուր տարի ՀԿՄՄ-ն հայտարարություն է տարածում պաշտոնական կայքով ու մամուլով եւ ընդունում 17-24 տարեկան դիմորդներին:

13 տարիների ընթացքում ֆորումի մասնակիցների թիվն անցել է 700-ը:

Լուսինե Թեւոսյան

1