ԱՄՆ կոնգրեսականները միացել են Թուրքիայի դեսպանատան դիմաց հայերի, քրդերի և եզդիների կազմակերպած ցույցին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԱՄՆ կոնգրեսականները միացել են Թուրքիայի դեսպանատան դիմաց հայերի, քրդերի և եզդիների կազմակերպած ցույցին

ԱՄՆ կոնգրեսականները միացել են Թուրքիայի դեսպանատան դիմաց հայերի, քրդերի և եզդիների կազմակերպած ցույցին

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ցույց են անցկացրել հայ, քուրդ և եզդի համայնքների ներկայացուցիչները:

Բողոքի ցույցին միացել են նաև ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչներ:

Մասաչուսեթս նահանգը ներկայացնող կոնգրեսական Ջիմ Մաքգովերնը, ելույթ ունենալով ցուցարարների առաջ, նշել է, որ Թուրքիայի սահմանադրությունը պետք է պաշտպանի խոսքի, հավաքների ազատությունը, սակայն նախագահ Էրդողանը արտակարգ դրություն է հայտարարել և այն օգտագործում է որպես արդարացում՝ քաղաքացիական հասարակության հանդեպ ճնշումներ գործադրելու համար: «Այդ ամենն արվում է նրա իշխանության ամրապնդման համար: Մենք դա անվանում ենք ավտորիտարիզմ՝ պարզ ու հստակ: Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարվում են Թուրքիայում: Էրդողանը փորձեց նույն մարտավարությունը կիրառել նաև այստեղ, սակայն դա տապալվեց: Այդ մարտավարությունը չի աշխատում այստեղ՝ ԱՄՆ-ում: Միացրեք ձեր բարձրախոսներ և թող Թուրքիայի դեսպանատունը լսի, որ մենք չենք լռեցվելու: Մենք չենք լռեցվելու»,- կոչով ամփոփեց իր խոսքը կոնգրեսական Մաքգովերնը:

Մերիլենդը ներկայացնող կոնգրեսական Ջոն Սարբանեսն էլ շեշտեց, որ Էրդողանի դրսևորած ագրեսիվ և ավտորիտար միտումները թույլ չեն տալիս Թուրքիային լուծել իր առջև ծառացած խնդիրնեը:

«Մենք տեսել ենք բռնություններ ու խտրականության դրսևորումներ, որոնք Թուրքիայում կյանքի են կոչվում պետական մակարդակով քրդերի, հայերի, այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների հանդեպ: Երբեք չէի մտածում, որ այդ ավտորիտար մղումներն ու դրսևորումները կարող էի տեսնել այստեղ՝ ԱՄՆ հողում: Մենք իրավունք ունենք խաղաղ կերպով մեր ձայնն ու բողոքը բարձրացնել այս դրսևորումների դեմ»,- ընդգծել է կոնգրեսական Սարբանեսը:

Ցուցարարների պաստառներին գրված էր՝ «Արտահանձնեք թուրք հանցագործներին», «Պաշտպանել Սահմանադրության թիվ 1 փոփոխությունը (խմբ.- խոսքի ազատությանն առնչվող փոփոխությունը ԱՄՆ սահմանադրությունում)», «Ոչ բռնությանը ԱՄՆ հողում», «Ազատ արձակեք Դեմիրթաշին» և այլն:

Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը:

Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից:

Կատարվածը դատապարտել էր ԱՄՆ պետդեպը, պետքարտուղար Թիլերսոնը՝ անընդունելի համարելով թուրքական հաշվեհարդարը Վաշինգտոնի կենտրոնում, Վաշինգտոնի քաղաքապետը և մի խումբ կոնգրեսականներ:

1