Գոտիների տարբեր ընկալումներ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Գոտիների տարբեր ընկալումներ

Գոտիների տարբեր ընկալումներ

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հայտարարությունը, թե Վաշինգտոնն ու Մոսկվան, Սիրիայում լարվածության մեղմացման գոտիների հաստատման ընթացքում պիտի երաշխավորեն, որ Իսրայելի շահերը նկատի առնվեն, ուշագրավ մեկնաբանությունների տեղիք տվեց:

Լավրովը խորքում արձագանքում էր Իսրայելի վարչապետի այն հայտարարությանը, որի համաձայն Թել Ավիվը մերժում էր Սիրիայում իրանյան ներկայությունը երկարաձգող զինադադարի հաստատման վերաբերյալ ռուս-ամերիկյան համաձայնությունը:

Թեհրանի ներկայությունը Իսրայելի անմիջականության մեջ սպառնալիք է նկատվում Թել Ավիվի համար: Փաստորեն, Հեզբոլլահ կազմակերպությունը այս պարագայում ընկալվում է իբրեւ իրանյան բանակի ստորաբաժանում: Հեզբոլլահը լիբանանյան կազմակերպություն լինելով սիրիական տարածքների վրա, պատերազմում է սիրիական կառավարական ուժերի կողքին մաքրազտելու համար տարածքները իսլամական ահաբեկչական տարրերից:

Ռուս-ամերիկյան համաձայնությունը տարածվում է նաեւ Իրանի վրա. մասամբ նաեւ Անկարայի վրա, որը ամեն պատեհ առիթ օգտագործում է քուրդ զինյալներին հարվածելու` ահաբեկչության դեմ պայքարի ընդհանուր կարգախոսի տակ:

Թվում է, որ հրադադարի որոշումը փոխկապակցված է նաեւ լարվածության մեղմացման գոտիների շուրջ ընդհանուր համաձայնության հետ: Լարվածության մեղմացման գոտիները այլ բան չեն, եթե ոչ ազդեցության գոտիներ, յուրաքանչյուրը մի գերտերության կողմից հովանավորված:

Երեւացող անհանգստությունը վերաբերում է Իսրայելին: Ամերիկյան «Ֆորին փոլիսի»-ն ավելի է պարզաբանում Թել Ավիվի անհանգստության պատճառը: Թերթը հայտնում էր, որ ռուս-ամերիկյան համաձայնությունը երաշխավորում է, որ Հեզբոլլահը հեռու պահվի Գոլանի բարձունքներից:

Ազդեցության գոտիների շուրջ ընդհանուր համաձայնությունն է, որը ավելի ազդեցիկ է դարձնում ահաբեկչության դեմ պայքարը: Մինչ այս համաձայնությունը գետնի վրա զգալի տեղաշարժ կամ մաքրազտման գործողությունների արդյունավետությունը չէր երեւում: Հետզհետե շոշափելի է դառնում ռուս-ամերիկյան համաձայնությունը:

Սակայն իրադրությունները հուշում են, որ ամեն ինչ այնքան հեզասահ եւ համաձայնեցված ու վերահսկելի վարքագծերով չի ընթանում:

Որքան էլ իսլամական ծայրահեղականությունը արմատախիլ անելու վճռակամ եւ համակարգված գործողություններ են տեղի ունենում, դեռեվս ենթահողը ձեւավորված չէ քաղաքական տարածաշրջանային համաձայնության համար: Նման խմբավորումները դեռ գործիքի դեր ունեն կատարելիք:

Գործիքի դեր է վերապահվում նաեւ քրդական գործոնին, որը այս դեպքում անհանգստացնում է Անկարային: Ուրեմն, մի կողմից Իսրայելի եւ Հեզբոլլահի միջեւ պատնեշներ կամ արգելակիչ գոտիներ են առաջադրվում Թել Ավիվի կողմից, մյուս կողմից Թուրքիայի եւ քրդական տարածքների միջեւ անվտանգության գոտիներ են հետապնդվում Անկարայի կողմից:

Լարվածության մեղմացման գոտիներ բառակապակցությունը անվտանգության գոտի կամ արգելակիչ գոտի է ընկալվում անհանգստություն ունեցող պետությունների կողմից։

Համաձայնությունը ցարդ զինադադարին է վերաբերում. լարվածության մեղմացման գոտիները մինչ այժմ հստակորեն չեն սահմանագծվել։ Զինադադարը ընդամենը «թայմ աութ» է` ազդեցության գոտիների շուրջ ընդհանուր համաձայնության հանգելու բանակցությունները աշխուժացնելու համար:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

1