Վստահ ենք, որ նախագահի մեր թեկնածուն ունի կամք, վճռականություն, նպատակասլացություն․ Վահրամ Բալայան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Վստահ ենք, որ նախագահի մեր թեկնածուն ունի կամք, վճռականություն, նպատակասլացություն․ Վահրամ Բալայան

Վստահ ենք, որ նախագահի մեր թեկնածուն ունի կամք, վճռականություն, նպատակասլացություն․ Վահրամ Բալայան

Այսօր՝ հուլիսի 19-ին, Արցախի Հանրապետության նախագահի ընտրության օրն է:

ԼՂՀ ԱԺ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունները առաջադրել են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: «Շարժում-88» խմբակցությունը ԼՂՀ նախագահի պաշտոնում առաջադրել է խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը։

«Ապառաժ»-ը ներկայացնում է ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի ելույթի ամբողջական տեքստը.

«Արցախի Հանրապետության նախագահի հարգարժան թեկնածուներ պարոն Էդիկ Աղաբեկյան, պարոն Բակո Սահակյան, հարգելի գործընկերներ, ներկաներ: Այսօր՝ Սահմանադրական փոփոխություններին համապատասխան Ազգային ժողովին վերապահված իրավունքով մենք անցումային փուլում մինչև 2020թ. ընտրելու ենք Արցախի Հանրապետության նախագահին՝ երկրի ամենաբարձր պաշտոնյային, որը ներկայիս աշխարհաքաղաքական բարդ պայմաններում կդառնա մեր ժողովրդի անվտանգության և երկրի զարգացման հիմնական երաշխավորն ու պատասխանատուն: Դաշնակցությունը երկրի ճակատագրի համար պատասխանատու քաղաքական ուժերից մեկը լինելով պատմական այս շրջափուլում նախագահի պաշտոնի համար առաջարկում է պարոն Բակո Սահակյանի թեկնածությունը: Ընդհանուր առմամբ գործող նախագահ, միաժամանակ նախագահի թեկնածու Բակո Սահակյանի հետ մեր 10 տարիների համագործակցությունը կայացած և բավարար ենք համարում:

Չնայած բազմաթիվ դժվարություններին մեր երկիրը բավականին հաջողություններ է արձանագրել: Դաշնակցության ծրագրային շատ հարցեր կյանքի է կոչվել մեր համագործակցության շնորհիվ: Մեր ամենակարևոր ձեռքբերումը ժողովրդի ու պետության անվտանգության ապահովումն ու արտաքին մարտահրավերներին դիմակայելն է: Արտաքին քաղաքականության ասպարեզում նախագահ Բակո Սահակյանը տարբեր ձևաչափերով բազմիցս հայտարարել է ԱՀ տարածքային ամբողջականության մասին:

Ազատագրված տարածքներին Սահմանադրության սկզբունքներից բխող համապատասխան կարգավիճակ է տրվել և հռչակվել որպես պետության անօտարելի մասեր: Հայտարարություններից բացի նախագահի հետ համագործակցաբար ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցների, մասնավորապես Հայ դատի գրասենյակների հետ լուրջ աշխատանք է տարվում միջազգայնորեն ճանաչելի դարձնել Արցախի Հանրապետությունը: Այսօր նախագահի գլխավորությամբ Արցախի իշխանությունները համակարգված աշխատանք են տանում վերաբնակեցված տարածքների զարգացման գործում: Բանակաշինությունը Դաշնակցության հրատապ լուծելի կարևորագույն հարցերից մեկն է համարվում:

Այդ ասպարեզը մշտապես գտնվել է նախագահի ուշադրության կենտրոնում: Հանրապետության նախագահի ջանքերով 2016 թ. ապրիլյան իրադարձություններից հետո աննախադեպ ծավալուն աշխատանքներ է կատարվել առաջնագծի կահավորման, նոր ինժեներական կառույցների ստեղծման, սպառազինման, սպայական անձնակազմի ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ: Հար և նման փաստերը ակնառու են: Այս տասը տարիների ընթացքում Բակո Սահակյանը երկրի քաղաքական ուժերի և հանրության լայն շերտերի համերաշխությունը և միասնականությունը ապահովելու առաքելությունը պատվով կատարեց:

Պատերազմող երկրի համար առանց ժողովրդի միասնականության անհնարին է հաջողություն արձանագրել: Ի դեպ, նախագահի՝ որպես քաղաքական գործչի հատկանիշներն ու խառնվածքը այս հարցում էական դերակատարություն են ունեցել: Մենք որոշակի հաջողություններ արձանագրել ենք նաև երկրի տնտեսական կյանքում: Խոսքերս մերկապարանոց չլինելու համար բերենք մի քանի տվյալներ ու փաստեր: Եթե 2009 թ. համախառն ներքին արդյունքը կազմել է 102.3 մլրդ դրամ, ապա 2016 թ. այդ թիվը աճել և հասել է 229.7 մլրդ դրամի: 2007 թ. առ այսօր տարեկան տնտեսական աճը կազմել է 9-11 տոկոս: Արցախը էլեկտրաէներգիա ներկրող երկրից վեր է ածվել այդ արտադրատեսակը արտահանող երկրի: Եթե 2009 թ. Արցախում արտադրվել է 119.2 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ապա 2016 թ.՝ 296.4 մլն կՎտ/ժ: Լիովին թարմացվել է գյուղատնտեսական մեքենաների շարժակազմը:

Վերջնականապես լուծվել է Ստեփանակերտի և բազաթիվ բնակավայրերի շուրջօրյա ջրամատակարարման հարցերը: Այս տարիներին իրականացվել են սոցիալական բազմաթիվ ծրագրեր Նշանակալից հաջողություններ է արձանագրվել կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում: Այսօր վստահ կարող ենք արձանագրել, որ կաշառակերությունը իսպառ արմատախիլ է արված իրավապահ մարմինների աշխատանքում: Հասարակական անվտանգության տեսանկյունից Արցախի հանրապետությունը առաջատար երկրների շարքում է: Դրա մասին վկայում են նաև մեր երկիր ժամանած քաղաքական գործիչներն ու զբոսաշրջիկները:

Նման փաստեր կարելի է շատ բերել: Բնականաբար այս ամենով չպիտի բավարարվել: Աշխարհին համաքայլ լինելու համար ավելի հավակնոտ ծրագրեր պիտի իրականացվի: Մենք այսօր բազմաթիվ հիմնախնդիրներ ունենք, որոնք կարոտ են լուծումների: Խոսքը վերաբերվում է գյուղի և գյուղատնտեսության զարգացմանը, տեղական ինքնակառավարման մարմինների կայացմանը, կադրային քաղաքականությանը, կրթության ոլորտին, առողջապահական համակարգի կատարելագործմանը: Վստահ ենք, որ նախագահի մեր թեկնածուն ունի կամք, վճռականություն, նպատակասլացություն և վերոհիշյալ հարցերը նույնպես իրենց լուծումները կստանան: Հաշվի առնելով վերոհիշյալը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցությունը երկրի նախագահի թեկնածու է առաջադրել պարոն Բակո Սահակյանին: Կոչ ենք անում մեր գործընկերներին իրենց վստահության քվեն տալ մեր թեկնածուի օգտին: Շնորհակալություն ուշադրության համար>>:

1