Հայ-վրացական համագործակցություն՝ բնակչության դիմակայունությունը բարձրացնելու համար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում էր: Արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-վրացական համագործակցության շրջանակներում սա արտակարգ իրավիճակների նախարարի առաջին պաշտոնական այցն էր Վրաստան: Աշխատանքային այցի շրջանակներում նախարար Տոնոյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների ոլորտում երկու պետությունների միջև համագործակցության խորացման և աղետներին համատեղ արձագանքելու հնարավորությունները:
Դավիթ Տոնոյանը նշել է, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել մի շարք միջազգային կառույցների հովանու ներքո ուժեղացնել հայ-վրացական անդրսահմանային արձագանքումը բնական և մարդածին աղետներին, ինչը կնպաստի երկու պետությունների բնակչության դիմակայունության բարձրացմանը:
ԱԻ նախարարը Վրաստանի ՆԳ նախարարի ուղեկցությամբ այցելել է նաև Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալություն և համատեղ գործողությունների կենտրոն՝ ծանոթանալու վերջիններիս գործառույթներին և տեխնիկական հագեցվածությանը: