76 տարի առաջ այս օրը պատերազմը մտավ մեր տները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » 76 տարի առաջ այս օրը պատերազմը մտավ մեր տները

76 տարի առաջ այս օրը պատերազմը մտավ մեր տները

1941 թվականի հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա, որի կազմում էր նաեւ Հայաստանը։ Այդպիսով՝ դեռ 1939-ի սեպտեմբերին սկսված Համաշխարհային 2-րդ պատերազմը հասավ նաեւ Հայաստան։

Պատերազմը սկսվելու պահին Կարմիր բանակի շարքերում ծառայում էր շուրջ 60.000 հայ։ 1941 թ. հունիսի 23-ից հանրապետությունում սկսված զանգվածային զորահավաքի, ապա ամենամյա զորակոչերի հետևանքով ԽորհրդայինՀայաստանից բանակ մեկնեցին ավելի քան 300.000, իսկ ԽՍՀՄ մյուս հանրապետություններից՝ ավելի քան 200.000 հայեր։ Իսկ շուրջ 100.000 հայ պատերազմին մասնակցեց ԽԱՀՄ դաշնակից երկրների բանակների և Գերմանիայի կողմից զավթված երկրների դիմադրական ու պարտիզանական շարժման շարքերում։ Ի դեպ, 1939թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում ընդամենը 2 մլն էր։

Ռազմաճակատից չվերադարձավ ավելի քան 200.000 հայ։

1941-1942 թթ. Խորհրդային Հայաստանի տարածքում կազմավորվեցին հայկական 89-րդ, 408-րդ, 409-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները։ Ավելի վաղ՝ 1920-1922 թթ., Հայաստանում կազմավորված հայկական 76-րդ լեոնահրաձգային դիվիզիան, 1941 թ. հունիսի 22-ից հուլիսի 22-ը համալրվելով հանրապետության մարդկային և նյութական միջոցներով՝ սեպտեմբերին մեկնեց ռազմաճակատ։ Դիվիզիայի 16.000-անոց անձնակազմից ավելի քան 14.000-ը հայեր էին։ 261-րդ դիվիզիան պատերազմի տարիներին ռազմաճակատ չմեկնեց, քանի որ պաշտպանում էր խորհրդա-թուրքական սահմանը։

Թվով վեցերորդ հայկական զորամիավորումը 390-րդ Հրաձգային դիվիզիան էր, որը 1942 թ. փետրվար-մարտ ամիսներին Կերչ թերակղզում ծավալված արյունալի կռիվների ժամանակ վերակազմավորվեց Հայկական դիվիզիայի։

Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով:

Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 103 հայ` գրավելով 6-րդ տեղը ռուսներից, ուկրաինացիներից, բելառուսներից, թաթարներից և հրեաներից հետո: Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը:

Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին տվել է 64 գեներալ, մեկ ավիացիայի մարշալ, մեկ ծովակալ: Պատերազմից հետո գեներալի կոչում է ստացել մարտական գործողությունների մասնակից ևս 83 հայ սպա:

yerkirmedia.am

1