ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը Բաքվին կոչ է անում կատարել իր պարտավորությունները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը Բաքվին կոչ է անում կատարել իր պարտավորությունները

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը Բաքվին կոչ է անում կատարել իր պարտավորությունները

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շեննակը և Սեզար Պրեդան, ովքեր 2017 թ. հունիսի 12-14-ը այցելել էին Ադրբեջան, հանդես են եկել այցի արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական turan.az լրատվական կայքը: Համազեկուցողները քննարկել են Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը վերաբերող հարցեր՝ հայտնելով իրենց անհանգստությունը՝ կապված վերջին ամիսների նոր ձերբակալությունների հետ: Նրանք հույս են հայտնել, որ ձերբակալվածներին անհիմն մեղադրանքներ չեն ներկայացվի, և կիրականացվի անկողմնակալ ու արդար նախաքննություն: Բացի այդ, նրանք նշել են, որ խիստ անհանգստացած են մարդկանց ազատ կամարտահայտման և ԶԼՄ-ի ազատության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող անհանդուրժողական վերաբերմունքով:

Համազեկուցողները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին՝ իրականացնել այն բոլոր պարտավորություններն ու որոշումները, որոնք ընդունվել են Եվրախորհրդի կողմից:

«Խիստ կարևոր է ստեղծել անկախ, թափանցիկ և արդյունավետ համակարգ, որը կապահովի իրավապահ մարմինների կողմից ազատազրկվածների նկատմամբ իրականացվող դաժանությունների և բռնությունների վերաբերյալ բողոքների փոխանցումը Եվրախորհուրդ: Այս հարցը շատ կարևոր է ԵԽ բոլոր անդամ երկրների համար»,- նշել են համազեկուցողները:

2017 թվականի հունիսի 12-14-ը իրենց իրականացրած այցի շրջանակում համազեկուցողները հանդիպումներ էին ունեցել Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի խոսնակի, արդարադատության նախարարի, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամների, մարդու իրավունքների պաշտպանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Բացի այդ,նրանք այցելել էին ներկայումս ազատազրկման մեջ գտնվող լրագրողներին, հասարակական գործիչներին և նրանց ընտանիքների անդամներին:

1