Ես Հայաստանի պատմությամբ վաղուց եմ զբաղվում: Ներկայացվող գիրքը ես կարդացել եմ մատիտը ձեռքիս. հայագետ Ռաֆայիլ Զինուրով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ես Հայաստանի պատմությամբ վաղուց եմ զբաղվում: Ներկայացվող գիրքը ես կարդացել եմ մատիտը ձեռքիս. հայագետ Ռաֆայիլ Զինուրով

Ես Հայաստանի պատմությամբ վաղուց եմ զբաղվում: Ներկայացվող գիրքը ես կարդացել եմ մատիտը ձեռքիս. հայագետ Ռաֆայիլ Զինուրով

 Մոսկվայի «Բիբլիո­-Գլոբուս» գրախանութում տեղի ունեցավ քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի «449-­451 թթ. հայ­ պարսկական պատերազմի ռազմական պատմությունը» մենագրության շնորհանդեսը: Միջոցառումը, որին մասնակցեցին հայտնի ռուսաստանյան քաղաքական և հասարակական գործիչներ, պատմաբաններ և քաղաքագետներ, կազմակերպել էր ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը` «Զգու’յշ, պատմական փաստեր են» ծրագրի շրջանակում:

Այն բացեց ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, նշելով, որ ներկայացվող մենագրությունը հանդիսանում է հայ-­պարսկական պատերազմի ռազմական տեսանկյան ամբողջական լուսաբանումը և դրա բոլոր վեց փուլերի մանրամասն ներկայացումը: «Իբրև պատմաբան, ցանկանում եմ նշել, որ հեղինակը վերլուծել է անտիկ և վաղմիջնադարյան ռազմական մտքի սկզբնաղբյուրները և դրա հիման վրա հայկական բանակի դոկտրինը, կառուցվածքն ու գործողությունները ներկայացնում է տվյալ պատմական փուլի ռազմական արվեստի հետ համեմատելով, – ընդգծեց ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահը: –Այս աշխատանքը լուրջ ներդրում է Հայաստանի ռազմական պատմության ուսումնասիրության և հայկական ռազմա­-պատմական դպրոցի ձևավորման գործում»:

Գիրքը հանդիսանում է բարեկամ հայ և պարսիկ ժողովուրդների պետական կարգերի և բանակների կառուցվածքների համակարգված վերլուծությունը, ինչը բարձրացնում է նրա արժեքը տարածաշրջանային պատմագրության համար: «Ցավոք, մեր տարածաշրջանի պատմությունը ենթարկվում է կեղծարարության փորձերի, իսկ դրա դեմ կարելի է պայքարել այնպիսի ուսումնասիրություններով, որոնք հենված են փաստերի վրա: Փաստերի հետ չեն վիճում, դրանք ուսումնասիրում և հաշվի են առնում», – ընդգծեց «Զգու’յշ, պատմական փաստեր են» ծրագրի նախաձեռնող Յուրի Նավոյանը:

ՌԴ Դաշնային Խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, հայագետ Ռաֆայիլ Զինուրովը հանդիսանում է «Հայաստան. հազարամյակների ուղի» եռահատորյակի հեղինակը, որի առաջին հատորը լուսաբանում է նաև այն ճակատամարտերը, որոնք ներկայացված են Արմեն Այվազյանի գրքում: «Ես Հայաստանի պատմությամբ վաղուց եմ զբաղվում,– պատմեց եռահատորյակի հեղինակը, – ներկայացվող գիրքը ես կարդացել եմ մատիտը ձեռքիս: Սա դասական ակադեմիական ուսումնասիրություն է»: «Երբեմն ինձ թվում է, որ Արմեն Այվազյանը ռազմական գործիչ է, քանի որ գիրքը շատ բանիմացորեն է շարադրված ռազմական գործի տեսանկյունից: Այն պատմականորեն ճիշտ է և առարկայորեն է գրված: Հենց դրանում է նրա գլխավոր արժեքը»,–համարում է ռուսաստանյան սենատորը: Այս գրքի լույսընծայումը իրադարձություն է ժամանակակից հայագիտության համար, իր տեսակետը բերեց շնորհանդեսի մեկ ուրիշ մասնակիցը` kavkazoved.info կայքի խմբագիր Անդրեյ Արեշևը: «Ռազմական պատմությունը ցանկացած ժողովրդի` առավել ևս հայերի, ինքնության վճռական բաղադրիչ է, – նշեց նա: – Գրքի մեծ արժանիքներից է հանդիսանում հին Հայաստանի ռազմական պատմության, նրա տարածքային և վարչական կառուցվածքի, բնակչության քանակի մանրամասն վերլուծությունը»: Հեղինակը այն ժամանակվա իրադարձությունների նկատմամբ իր հայացքը ներկայացնում է առանց նախապատվությունների: Այն հայացք է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի պատմության նկատմամբ ընդհանրապես, ինչը կարևոր է պատմության կեղծարարությանը հակազդելու տեսանկյունից, համարում է Անդրեյ Արեշևը: «Արմենը զարմանալի մարդ է, նրա ամբողջ գործունեությունը կապված է Հայաստանի պատմությունը ներկայացնելու հետ: Նա իր գրքում վերլուծում է այն, ինչը տարբեր պատճառներով շրջանցում են ուրիշ հեղինակները, – իր տեսակետը ներկայացրեց քաղաքագետը: – Հեղինակը գրում է ռուսերեն և անգլերեն լեզուներով, իսկ դա թույլ է տալիս սեփական մտքերը ներկայացնել և ինտեգրվել ռուսալեզու և անգլիալեզու գիտական դպրոցներին»:

«Հատկանշական է, որ հեղինակի բոլոր հիմնավորումները կառուցված են լուրջ ապացուցողական հենքի վրա, ամեն մի եզրակացություն հաստատվում է փաստական հստակ համակարգով», – Արմեն Այվազյանի գրքի մասին իր տեսակետը ներկայացրեց իրավագիտության դոկտոր, Մոսկվայի «Բարշևսկի և գործընկերներ» փաստաբանական կոլեգիայի նախագահ Սամվել Կարախանյանը: Փորձառու իրավաբանի խոսքերով, գիրքը ոչ միայն ակադեմիական հետաքրքրություն է ներկայացնում, այլ նաև ունի գործնական նշանակություն պետական շինարարության տեսանկյունից: «Այսօր, երբ Հայաստանը վերականգնել և ամրապնդում է իր պետականությունը բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, այսպիսի ուսումնասիրությունների միջոցով ժամանակակից քաղաքական գործիչները հնարավորություն ունեն ուսումնասիրելու, թե պետական կառավարման, ռազմական և աշխարհաքաղաքական ինչպիսի հնարավորություններ ուներ Հայաստանը», – նշեց Կարախանյանը:

Իր հերթին Արմեն Այվազյանը պատմեց այն դժվարությունների մասին, որոնց ինքը հանդիպել է մենագրությունը շարադրելիս: Հայաստանի ռազմական պատմությունը հազարավոր ճակատամարտեր ունի: Այվազյանը հայ­պարսկական պատերազմը ընտրել է իբրև «փորձնական» ծրագիր: «Ոչ միայն այս պատերազմն էր սպասում իր ուսումնասիրողին այս ծավալով և տեսանկյունով, այլ նաև Հայաստանի պատմության շատ ու շատ ռազմական էջեր դեռ կարոտ են հետազոտման, – համարում է մենագրության հեղինակը: – Հույս ունեմ, որ իմ ուսումնասիրությունը իր ներդրումը կունենա, և նրանք, ովքեր կհետևեն ինձ, կարող են օգտվել այն նյութերից ու տերմինագիտական բազայից, որը ներկայացված է այս գրքում»: Արմեն Այվազյանի «449­- 451 թթ. հայ-­պարսկական պատերազմի ռազմական պատմությունը» գիրքը 2016 թվականին լույս է տեսել Սանկտ-­Պետերբուրգի «Ալետեյյա» հրատարակչությունում, իսկ այս տարի վերջինիս կողմից այն վերահրատարակվել է:

Ելենա Խրուսալևա

aravot.am

1