Երբեք պետք չէ ասել՝ երբեք․ արցախցի պատգամավորը չի բացառում պատերազմի վերսկսումը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Երբեք պետք չէ ասել՝ երբեք․ արցախցի պատգամավորը չի բացառում պատերազմի վերսկսումը

Երբեք պետք չէ ասել՝ երբեք․ արցախցի պատգամավորը չի բացառում պատերազմի վերսկսումը

«Արցախում երբեք խուճապային տրամադրություն չի եղել, նույնիսկ անցած ապրիլին և դրան հաջորդող ժամանակահատվածում։ Սահմանային լարվածությունը դարձել է, կարծես թե, առօրյա, իհարկե, նաև մտահոգիչ, բայց բոլոր դեպքերում Արցախն իր առօրյա կյանքով ապրում, արարում, ստեղծագործում է»,- «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով վերջին օրերին սահմանային լարվածության աճին, ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ, պատգամավոր Դավիթ Իշխանյանը։

Պատգամավորը չի բացառում պատերազմի վերսկսումը, իր խոսքերով՝ երբեք պետք չէ ասել՝ երբեք․ «Այս սադրանքները բնականաբար ունեն իրենց նպատակները, կարծում եմ աշխարհաքաղաքական զարգացումները, Միջին Արևելքի և մեր տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններն ու ստեղծված իրավիճակը, Ադրբեջանին առիթից առիթ մղում են նմանատիպ գործողությունների։ Ադրբեջանը նաև փորձում է իր ներքին խնդիրները լուծել սահմանային իրավիճակը լարված պահելով»։ Իշխանյանը նշում է, որ վաղուց ժամանակն է գիտակցել, որ միջազգային հանրության հետ հույսեր կապելը զուր է․ «Մեր ժողովուրդը վաղուց պետք է հասկացած լինի, որ միջազգային հանրության հետ մեծ հույսեր չպետք է ունենանք և միջազգային հանրության կողմից ճնշում գործադրելու հետ հույսեր կապել և երազանքներ ունենալ, կարծում եմ, անիմաստ է»։

Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններին, երբ առաջինի դեպքում դատապարտել էին ադրբեջանական գործողությունները, իսկ երկրորդը կրկին «անատամ» հայտարարություն էր, Իշխանյանը նշեց, որ քանի դեռ չկան գործնական քայլեր, հայտարարություններն արժեք չեն կարող ունենալ․ «Կարծում եմ, պետք է միշտ գնահատել Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններն ու գործողությունները, բայց այդ ամենը համարել հասցեական և բավարարվել հայտարարություններով բավ չէ։ Հայտարարությունները կարող են լինել գործնական, երբ կիրառվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները»։

Անդրադառնալով կարծիքներին, թե սահմանային լարվածությունը ուղղված է ժողովրդին ճնշելուն և հողերի հանձնմանը, պատգամավորն ասաց․ «Արդեն իսկ մեզ համար շատ պարզ է, որ Ադրբեջանը տարիներ ի վեր որդեգրել է մաշող պատերազմի քաղաքականությունը և փորձում է որոշակի իրավիճակ ստեղծելով պարտադրանքի մեխանիզմներ կիրառել, բայց կարծում եմ՝ մենք, գիտակցելով այդ ամենը, կարողանում ենք հակընդդեմ քայլեր ձեռնարկել և հասկանալով նաև նրանց որդեգրած մարտավարությունը, որևէ ձևով չենք կարող թույլ տալ նրանց իրենց նպատակին հասնել։ Ի սկզբանե ասացի, որ Արցախն ապրում է իր առօրյայով, մեզ համար հոգեբանական այնպիսի մթնոլորտ ստեղծել, որով կարողանան պարտադրանքն իրականացնել, կարծում եմ՝ անհնար է։ Մենք ունեցել ենք ավելի ծանր պայմաններ, ապրել ենք ավելի ծանր ժամանակներ և այդ կարգի իրավիճակներում կարողացել ենք հաղթահարել մեր առջև ծառացած ամեն մի մարտահրավեր»։ Հիշեցնենք, որ վերջերս սահմանային լարվածության աճի պատճառով հայկական կողմն ունի չորս զոհ և երեք վիրավոր։

Լիլիթ Շաբոյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

1