Կիթառահար Արմեն Մովսիսյանի Արցախյան մենահամերգը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կիթառահար Արմեն Մովսիսյանի Արցախյան մենահամերգը

Կիթառահար Արմեն Մովսիսյանի Արցախյան մենահամերգը

Հունիսի 18-ին Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում տեղի է ունեցել կիթառահար Արմեն Մովսիսյանի մենահամերգը:

Եկավ ու նստեց՝ շղթայով՝ առանց խաչի․ «Խաչը մարդու մեջ պետք է լինի»,- ասաց ու կիթառը ձեռքը վերցրեց․

«Արցախյան ազատամարտի տարիներին տղաների զոհվելու մասին լուրերը ստանում էինք ամեն օր։ Մերուժան Մոսիյանի, Պետոյի մահից հետո որոշեցի երգ գրել, սակայն գրիչը ձեռքս առնելուն պես խեղդվում էի ցավից։ «Ներեք ինձ տղերք» երգը գրվեց չորս տարում»։

«Արմատներով մշեցի եմ։ Պապիկս տոհմի միակ մարդն էր, ով ողջ է մնացել գաղթից։ Այդ պատմությունները ես իրենից եմ լսել։ Հետո առիթ եմ ունեցել գնալ եւ երկիրս տեսնել։ Ցավոտ էր քանդված եկեղեցիներ տեսնելը, քրդական եւ թուրքական խոսք լսելը մեր հողերում։ «Մանչս» երգը որդուս պատգամն է, որ ինքն էլ իր որդիներին փոխանցի փափագս՝ երկիրը վերադարձնելու փափագս»։

«Խաչիկ Մանուկյանի «Բարձունքը մերն է, տղերքը չկան»  բանաստեղծությունը փորձեցի երգի վերածել, սակայն կա բարձր պոեզիա, որը չի սանձվում. իմ գրածին չհավատացի։ Բայց մի տարի առաջ Խ․Մանուկյանը գրեց «Հաց եմ բերել, տղերք» բանաստեղծությունը՝ նվիրված Հաց բերող Արթուր Սարգսյանին։ Մարդուն հաց բերելու համար չեն սպանում․․․»:

«Փոքր ժամանակ ներնշնչվում էի, երբ հայրս պատմում էր Բեռլինում մեր հայ զինվորների պարած քոչարիի մասին։ Երբ մեծացա, հասկացա, որ եթե այդ կես միլիոն հայերը մեր հողերը պաշտպանեին, հիմա երեւի ուրիշ կերպ կդասավորվեր մեր ճակատագիրը։ Այս մտածմունքի հողի վրա գրեցի «Զինվորի երգը»: Զուգահեռ սկսվեց նաեւ Արցախյան ազատամարտը եւ տղաները դիրքերում երգում էին այն։ Հիմա էլ են երգում։ Այդ երգը դարձավ մեր առօրյան»։

«Հայերս հայրենիքի մասին հիշում ենք գինովցած լինելու ժամանակ։ Բայց սեղանային, բաժակաճառային հայրենասիրությունը անհասկանալի է։ 20 դոլարով ամերիկայում կարելի է սուրճ գնել, բայց երբ խոսվում է այդ գումարը հայրենիք՝ սահամանը պահող զինվորին ուղարկելու մասին, 100 պատճառ են գտնում։ Կան լավ տեսակի մարդիկ, բայց ցավոք նրանք փոքրամասնություն են։ Ակնթարթներով է մեր մոտ ամեն ինչ։ Քնած է մեր ազգը։ Չկա համակարգ, որ ամեն իրիկուն գլուխդ բարձին դնելուց մտածենք հայրենիքի մասին: Հայաստանը արթնացավ անցած տարվա ապրիլին ու նորից խորը քուն մտավ»։

«1993 թվականին եմ գրել «Վեր կաց եղբայր իմ» երգը: Երբ երգում էի, 4-5  տարեկան աղջիկս լացում էր։ Երեւի զգում էր, որ ցավ կա երգում։

«Փխրուն սերս» երգը նվիրել եմ կնոջս, ով ինձ հետ է կիսել բոլոր դժվարություններս եւ հաջողություններս»։

«Տարածված միտքը, որ կանայք բամբասում են մասամբ է ճիշտ, որովհետեւ ոչ ոք չի լսել հարբած տղամարդկանց խոսակցությունները։ Ընկերներիս հետ հերթական գինարբուքի ժամանակ ծնվեց «Տղամարդկային խոսակցություն» երգը, որում պատմվում է, թե ինչի մասին են «խոսում» տղամարդիկ»։

https://www.youtube.com/watch?v=FMSEwAqAw0A&feature=youtu.be

«Ուրախ երգեր քիչ ունեմ։ Բայց 90-ականների վերջին ընկերներիցս մեկը ասաց, որ նավ է կառուցվում Երեւանում։ Չհավատալով հանդերձ գնացի եւ վարակվեցի, սիրեցի ու հավատացի։ Այդպես ծնվեց «Հուսո առագաստ» երգը, որը գրվել էր մի օրվա համար, բայց ապրում է մինչեւ այսօր»։

Լուսինե Թեւոսյան

1