Սասունյան. Թուրքիան նոր ամերիկյան լոբբիստական ընկերություններ է վարձում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Սասունյան. Թուրքիան նոր ամերիկյան լոբբիստական ընկերություններ է վարձում

Սասունյան. Թուրքիան նոր ամերիկյան լոբբիստական ընկերություններ է վարձում

Թուրքիան նորանոր ամերիկյան լոբբիստական ընկերություններ է վարձում, քանի որ նրա հեղինակությունը էլ ավելի է արատավորվել: Այս մասին իր հոդվածում գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

«Քանի որ Թուրքիան դարձել է համաշխարհային դատապարտման թիրախ իր մարդու իրավունքների խախտումների համար, թուրքական կառավարությունը որոշել է հսկայական գումարներ ծախսել քարոզչության և հանրային կապերի վրա՝ փորձելով մաքրել իր վարկաբեկված հեղինակությունը: Ապրիլի 16-ի խայտառակ հանրաքվեն, որը հազիվ հաղթելով Էրդողանը իրեն լայն բռնապետական լիազորություններով օժտեց, իսկ դրանից հետո Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև անմեղ ցուցարարների վրա նրա թիկնապահների դաժան հարձակումը, արժանացան համընդհանուր քննադատության Միացյալ Նահանգների իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի կողմից, ներառյալ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը` ձայների 397-0 հարաբերակցությամբ…», — գրում է հեղինակը:

Սասքունյանի խոսքով, սակայն, Թուրքիայի և նրա բռնապետ նախագահի համար երկրի հեղինակությունն այնքան արատավորված է, որ որքան էլ հանրային կապերի ընկերությունները հզոր և հեղինակավոր լինեն, նրանք միևնույն է չեն կարող վերականգնել Թուրքիայի հեղինակությունը: Թուրք ղեկավարները պարզապես միլիոնավոր դոլարներ են վատնելու իրենց հարկատուների գումարներից, փորձելով լուծել անհնարին մի խնդիր:

«Թուրքիայի կառավարությունն տարեկան արդեն հինգ միլիոն դոլար է վճարում տասը լոբբիստական ընկերությունների, դրանք են՝ Gephardt Group` 1մլն 700 հազ. դոլար, Amsterdam Partners` 600 հազ. դոլար, Greenberg Traurig` 480 հազ. դոլար, Capitol Counsel` 384 հազ. դոլար, Mercury` 240 հազ. դոլար, Madison Group — 240 հազ. դոլար, Signal` 240 հազ. դոլար, Jim Arnold` 240 հազ. դոլար և MediaFix` 108 հազ. դոլար… Բացի այդ, Էրդողանի գործընկերը 2016 թ. սեպտեմբերին 540 հազ. դոլար է վճարել նախագահ Թրամփի վարկաբեկված ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Թ. Ֆլինին՝ Թուրքիայի կառավարության օգտին քարոզչություն անելու համար…

Վերջին ամիսների ընթացքում փորձելով դուրս գալ PR-ի ճահճից, Թուրքիայի իշխանությունները և նրա հետ փոխկապակցված խմբերը վարձել են երեք նոր ընկերություններ: Այս շաբաթ կներկայացնենք այդ լոբբիստական ընկերություններից մեկին, մյուս երկուսին թողնելով հաջորդ խմբագրականի համար», — նշում է հոդվածագիրը:

Մոնթե խորհրդատվական խմբին վարձել են 2016 թ. օգոստոսին, 400 հազ. դոլար վարձատրությամբ: Ըստ Daily Beast-ի, ընկերությունը ղեկավարում է Դուգլաս Բեյքերը՝ հանրապետական Ջեյմս Բեյքերի (նախագահ Ջորջ Բուշի աշխատակազմի ղեկավար և պետքարտուղար, և Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմի ղեկավար ու գանձապետարանի քարտուղար) որդին: Այդ ընկերությունը պետք է բարելավեր Թուրքիայի հասարակական ընկալումները… Դուգլաս Բեյքերը Մոնթե խորհրդատվական խմբի «միակ և գործող անդամն» է: Պայմանագիրը կնքվել է ստամբուլյան խորհրդավոր հասարակական կազմակերպության կողմից, որը հայտնի է որպես Տնտեսական գիտելիքների ընկերություն (KEA): Daily Beast-ը հաղորդում է, որ KEA-ի «գործունեությունը երբեմն համապատասխանում է Թուրքիայի կառավարության շահերին»:

Սասունյանը հավելում է. «Հետաքրքիր է, որ Հետաքննող լրագրողների բյուրոյի հետ կապ հաստատելիս, Դուգլաս Բեյքերը նշել է` մտահոգություններ կան, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները «մի փոքր վատթարացել են» Օբամայի վարչակազմի վերջին տարիներին: «Կարող է հնարավորություն լինի կամ ամրապնդել այդ հարաբերությունները կամ տեսնել, թե ինչպես են դրանց ավելի մեծ վնաս հասցվում: Եվ դա է պատճառը, որ [KEA-ն] վարձակալել է Մոնթեն՝ օգնելու այդ անցումային փուլում»:

Դուգլաս Բեյքերը հավելել է, որ իր ընկերության աշխատանքը KEA-ի համար «երբեք նախատեսված չի եղել ընդհանուր հանրային կապերի քարոզարշավ: Դա մի փոքր ավելի մեծ հնարավորություն է ներկայացնելու նրանց տեսակետը… նրանք զգում են, որ մենք ի վիճակի ենք օգնելու նրանց անհրաժեշտ ծանոթություններով»»:

Սասունյանի խոսքով, զարմանալի չէ, որ Թրամփի երդմնակալությունից, և KEA-ի ու Թրամփի վարչակազմի պաշտոնյաների միջև «անհրաժեշտ ծանոթություններ» հաստատելուց հետո, KEA-ն չթարմացրեց պայմանագիրը Մոնթեի հետ, երբ նրա նախնական վեցամսյա ժամկետը լրացավ 2017 թ. փետրվարին: «Պայմանագրի այս կետով նախատեսված 400 հազ. դոլարից վճարվել է միայն 105 հազ. դոլար», ըստ Հետաքննող լրագրողների բյուրոյի:

1