Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ռուդիկ Մովսիսյանի հիշատակին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ռուդիկ Մովսիսյանի հիշատակին

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ռուդիկ Մովսիսյանի հիշատակին

2016թ. ապրիլի 4-ին արիաբար զոհված Ռուդիկ Մովսիսյանը հունիսի 10-ին կդառնար 41 տարեկան: Մայորն հերոսաբար զոհվել է հակառակորդի անօդաչու սարքի պայթյունից առաջացած բեկորներից ստացած վնասվածներից: Մարտակերտի պաշտպանական զորամասի հետախույզ, մայոր Մովսիսյանը, նկատելով անօդաչու սարքը, ինտենսիվորեն կրակ է բացել, որի արդյունքում անօդաչուն փոխել է  իր ուղղությունը,  հարվածել է պատին ու պայթել:

Նրա սխրանքը չի մոռացվել. հունիսի 10-ին՝ հերոսի ծննդյան օրը, նրա հարազատ Ստեփանակերտի Հայկ Բալասանյանի անունը կրող համար 5 դպրոցում են հավաքվել ընտանիքի անդամները, հարազատները, մարտական ընկերները, ուսուցիչներն ու կրթօջախի սաները՝ հիշելու և մեծարելու կյանքը հայրենիքին նվիրաբերած հայորդուն:

«Բազում հայորդիներ իրենց մատաղ կյանքը դրեցին հայրենիքի պաշտպանության զոհասեղանին, փառք ու պատիվ բոլոր այն տղաներին, ովքեր հավատարիմ մնալով «Մահ իմացյալ անմահություն է» կարգախոսին, ընկան, որ մենք ապրենք, այդ քաջակորով տղաներից է Ռուդիկ Մովսիսյանը»,- նախկին սանի մասին այսպես է արտահայտվել դպրոցի փոխտնօրեն Մարինե Խաչատրյանը:

Դպրոցում կազմակերպվել է հուշ-ցերեկույթ, որի ընթացքում աշակերտներն արտասանությունների ու բեմադրությունների միջոցով ներկայացրել են Ռուդիկ Մովսիսյանի կյանքն ու գործունեությունը, արժևորել զինվորականի անձնազոհությունն ու հայրենասիրությունը:

Դպրոցի նախնական զինվորական պատրաստության դասասենյակն անվանակոչվել է Ռուդիկ Մովսիսյանի անունով:

Ռուդիկ Մովսեսյանը 22 տարի անձնվիրաբար ծառայել է հայրենիքին, եղել է հետախույզ: Ծնվել է 1976թ. Ստեփանակերտ քաղաքում: 1983թ. ընդունվել է Ստեփանակերտի թիվ 5 միջնակարգ դպրոցը, որն ավարտել է 1993թ.: 1994թ. զորակոչվել է ԼՂՀ ՊԲ: 1996թ. սովորել է Կիրովականի գնդային ուսումնական կենտրոնում: 1996-2014թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ հետախուզական գումարտակում, 2014-2016թթ. եղել է իրային ծառայության պետ: Ծառայության ընթացքում և հետմահու պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու պատվոգրերով:

1