Արվեստներից ամենակենդանի արվեստը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արվեստներից ամենակենդանի արվեստը

Արվեստներից ամենակենդանի արվեստը

Մեր մշակութային կյանքի բոլոր ասպեկտների աշխուժացմանը զուգընթաց վերելք է ապրում նաև թատրոնի կյանքը: Ինչպիսի՞նն է այսօրվա թատերական կյանքի առօրյան, ի՞նչ խնդիրների հետ է առնչվում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը: Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանի հետ:

— Ռուզան, ե՞րբ առաջին անգամ առնչվեցիք թատրոնի հետ, ե՞րբ բացահայտեցիք այն Ձեզ համար:

— Իմ ամբողջ գիտակցական կյանքում, փոքր երեխա էի, երբ բակում կազմակերպում էի ներկայացումներ ու խաղում էինք հարևանների համար:

— Որտե՞ղ եք ուսումնառություն առել, ո՞ր ռեժիսորի մոտ:

— Երբ միջնակարգն ավարտեցի, ինձ համար մտածելու, երկմտելու տեղ չկար, քանի որ առանց թատրոնի ինձ չէի պատկերացնում: Ընդունվեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժին, ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի արվեստանոց: Ավարտելուց հետո ուղևորվեցի Ստեփանակերտի դրամատիկական թատրոն՝ որպես ռեժիսոր և առայսօր այստեղ եմ:

— Ի՞նչ է Ձեզ համար թատրոնը՝ մասնագիտությու՞ն, ինքնահաստատման տե՞ղ, թե՞ տաճար, ուր գալիս ես աղոթելու:

— Հաստատ միայն աշխատանքի վայր չէ, իսկապես, ճիշտ նկատեցիք, թատրոնի բեմահարթակը մի քիչ նման է եկեղեցու խորանի, ուր, անկախ քեզանից, մի երկրորդ շնչառություն է բացվում՝ շատ նման աղոթքի, դու մոռանում ես բոլոր խնդիրների մասին, սկսում ապրել միայն բեմով, հանդիսատեսով, որ անվերապահորեն հավատում է այդ խաղին, տրվում նրան, ինքն էլ մի պահ բյուրեղանում: Չէ՞ որ թատրոնը արվեստներից ամենակենդանի արվեստն է: Այստեղ ոչինչ փոխել չես կարող, ներկայացումը նման է երեխայի ծնունդին. դու նրան կյանք ես տվել, բայց նա արդեն քոնը չէ, ապրում է իր ուրույն կյանքով:

— Ո՞ր թեմաներն եք նախընտրում՝ պատմակա՞ն, ժամանակակի՞ց, իրական կյանքն արտացոլո՞ղ, թե՞ ռոմանտիկ:

— Չկա որևէ առավելություն թեմաների ընտրության հարցում, ավելի ճիշտ ընտրում ենք այն թեման, որ ավելի հոգեհարազատ է հանդիսատեսին, ապրում ենք ժամանակի մեջ, ժամանակի հոգսերով, թեման էլ համապատասխանեցնում ժամանակի պահանջներին:

— Ինչո՞ւ անդրադարձաք Թումանյանին:

— Թատրոնի արխիվում պատահաբար հանդիպեցի, որ 1969 թվականին Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը հանդիսատեսին է ներկայացրել «Մեծ լոռեցին» պիեսը, որը ժամանակին՝ Թումանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Թումանյանական տարի» թատերական փառատոնի միջոցառումների շրջանակում երկրորդ տեղն է գրավել ՀՀ-ում: Ապրիլի 27-ին, բեմականացրինք «Աշխարհը Լոռվա ձորերում»՝ արցախցի բանաստեղծ, երգիծաբան Վազգեն Օվյանի թատերականացված ներկայացումը՝ պատառիկներ Թումանյանի գրվածքների հիման վրա, կարծում եմ, հանդիսատեսին դուր եկավ, արձագանքների, ցանկությունների վրա նորից ներկայացրինք մայիսի 13- 15-ին:

— Մեր թատրոնը բեմի խնդիր ունի հայտնի պատճառներով, բեմից բացի, էլ ի՞նչ խնդիրների հետ է առնչվում՝ ունե՞նք երաժշտական ձևավորողներ, հագուստի դիզայներներ: Չէ՞ որ այդ ամենը հաջողված բեմականացման բաղադրիչներն են:

— Մենք այստեղ հյուրի կարգավիճակում ենք, չունենք սեփական բեմ, բեմն անընդհատ զբաղված է այս կամ այն միջոցառման պատճառով՝ մեկ բանակի, մեկ համույթային տարբեր խմբերի համար, չենք կարող այն ամեն օր օգտագործել փորձերի համար, որի պատճառով դերասանն ընդհատումներ է ունենում, մոռանում մեկ տեքստը, մեկ մշակված շարժուձևը: Կարող էինք միաժամանակ 2-3 ներկայացման պատրաստվել, այստեղ այդ հնարավորությունը չունենք, երևի հանդիսատեսն էլ է հոգնում՝ զգալով այդ անհարմարությունները: Երազում ենք այն պահը, երբ թատրոնը կունենա իր սեփական դահլիճը և բոլոր անհարմարությունները կմնան ետևում: Արդեն ունենք այն հանդիսատեսը, որն անհամբերությամբ սպասում է հաջորդ ներկայացմանը:

Հագուստի ձևավորումն իրականացնում է նկարիչ-ձևավորողը, իսկ ինչ վերաբերում է երաժշտական ձևավորմանը, ապա դրանով ես եմ զբաղվում, ելնելով թատրոնի այսօրվա սուղ վիճակից:

— Սերնդափոխության հարցերն ինչպե՞ս են կարգավորվում, երիտասարդ կադրերը հաճույքո՞վ են գալիս թատրոն:

— Վերջերս բավականին երիտասարդ կադրեր են ներգրավվել կոլեկտիվում, երևի դուք էլ նկատեցիք «Աշխարհը լոռվա ձորերում» բեմականացման մեջ: Սակայն միայն նվիրվածության շնորհիվ է, որ նրանք մնում են, քանի որ այստեղ լայն ասպարեզ չկա ինքնաբացահայտման համար, կա նաև համապատասխան վարձատրության խնդիր, երիտասարդներն ուզում են իրենց արվեստով ապրուստի կարիքները հոգալ, թատրոնի հնարավորություններն այդ տեսանկյունից այնքան բարվոք չեն, մնում են միայն ամենանվիրյալները:

— Կուզենայի՞ք փոխել մասնագիտությունը, թե՞ ամեն ինչ այն հունով է ընթանում, ինչ հունով որ պետք է ընթանար:

— Լինում են պահեր, որ մտածում եմ այդ մասին, բայց, ինչպես ասացի սկզբում, մանկուց եմ երազել թատրոնում լինելու մասին, միայն այստեղ կարող եմ լրիվությամբ ինքնադրսևորվել:

— Ի՞նչ եք զգում, երբ ներկայացումն ավարտված է, վարագույրն իջեցված:

— Մտածում եմ այն բացթողումների մասին, որ չպիտի լիներ: Փորձում եմ հաջորդ ներկայացման մեջ շտկումներ անել, ցավոք, թատրոնում չես կարող շատ բան փոխել, էպիզոդիկ շտկումներից բացի:

— Ինչի՞ համար եք աղոթում, ո՞րն է Ձեր սրբության սրբոցը: 

— Խաղաղության մասին է իմ աղոթքը, երանի այն օրվան, որ կպայքարենք միայն արվեստի համար:

Հարցազրույցը՝ Լիլիա Բաղրյանի

1