Արցախի մարզիկները՝ վինգչունի առաջնությունում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախի մարզիկները՝ վինգչունի առաջնությունում

Արցախի մարզիկները՝ վինգչունի առաջնությունում

Մայիսի 12-16-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Եվրոպայի Քունգ-ֆուի (Ավանդական ուշուի) 4-րդ եւ Վինգչունի 2-րդ առաջնությանը մասնակցեցին մեր համերկրացի մարզիկներ հանդես գալով վինգչուն մարտարվեստի երկու ոճային կարգում: Արցախի Վինգչունի եւ թայչիի ֆեդերացիայի նախագահ եւ մարզիչ Սայաթ Բաղդասարյանը(18-40 տ.խ.) եւ ֆեդերացիայի մարզիկ Կարո Սարգսյանը (65-70 կգ ք.կ, մեծահասակների տարիքային խումբ)վերադարձան արծաթե եւ բրոնզե մեդալներով՝ առաջին անգամմասնակցելով Եվրոպայի առաջնությանըՀՀ մարզական կազմում: Սա առաջին դեպքն է, երբ վինգչուն մարտարվեստից միջազգային մրցաշարի մասնակցեցին արցախցի մարզիկներ: Հատկանշական է ոչ միայն մրցանակային տեղեր զբաղեցնելը, այլ այն, որ նման խոշոր մրցաշարերի (մասնակցում էին մոտ 230 մարզիկ՝ներկայացնելով 15 պետություն) մասնակցելը մարզիկին տալիս է անփոխարինելի մարզական փորձ եւ ճիշտ  մարտավարության նոր գաղափարներ:

Մարզիչ Սայաթ Բաղդասարյանը մեզ հետ ունեցած հարցազրույցում պարզաբանեց, որ իրենք հանդես եկան վինգչունի առաջնության համար նախատեսված ոճային երկու կարգում՝ մենամարտեր եւ վինգչունի հնարքների համալիր ցուցադրություն: Մարզիկ Կարո Սարգսյանը մասնակցեց «մենամարտեր» կարգում եւ զբաղեցրեց երկրորդ տեղը՝ զիջելով Ռուսաստանը ներկայացնող մրցակցին: Սայաթ Բաղդասարյանը ելույթ ունենալով վինգչունի հնարքների ցուցադրական կարգում եւ ունենալով ուժեղագույն տասը մրցակիցներ՝ ըստ միավորների քանակի զբաղեցրեց երրորդ  տեղը: Այն հարցին, թե ինչ նշանակություն ունի մրցաշարը մարզիկի կյանքում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մարզիկի կյանքում մրցաշարին մասնակցելը անփոխարինելի եւ կարեւոր նշանակություն ունի: Մրցաշարը իրական քննություն է թե´ մարտարվեստին տիրապետելու աստիճանը տեսնելու, թե´ ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածությունը ստուգելու: Մրցաշարերի մասնակցելով՝ մարզիկը ավելի շատ է զարգանում, քան միայն մարզադահլիճ այցելելով: Անկախ նրանից, թե մարզիկը մրցանակային տեղ է գրավում թե ոչ, այնուամենայնիվ մրցաշարի ժամանակ բացահայտվում է նրա ներքին պոտենցիալը: Նախօրոք չիմանալով, թե ինչ կարգի մրցակիցներ կունենա, մարզիկը նաեւ հմտություններ է ձեռք բերում՝ անծանոթ միջավայրում մարտնչելու իր համար անսովոր մրցակցի հետ:Բացի դրանից հենց  մարտի ժամանակ նրա մոտ կարող է ձեւավորվել նորմարտավարություն: Դրա համար մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մրցաշարերին եւ ձգտում ենք ավելի շատ մարզիկներ պատրաստել առաջնություններին մասնակցելու համար»:

Սայաթ Բաղդասարյանը կարեւորում է մրցաշարերին մասնակցելը նաեւ մարզչական գործունեության մեջ.«Ուրախալի է, որ վերջին տարիներին լայն թափ է ստացել կոնկրետ վինգչուն մարտարվեստից մրցաշարերի անցկացումը: Եվրոպայի ուշուի ֆեդերացիան երկրորդ անգամն է, որ առաջնություն է անցկացնում վինգչունի գծով եւ պետք է նշել, որ բավականին բարձր մակարդակի մրցավարական կազմ էր ընդգրկված: Տարբեր պետություններից մասնակից մարզիկների թվում կային վինգչունի մարզիչներ, ուշուի տարբեր ոճերում բավականին լուրջ արդյունքներ ունեցող մարզիկներ: Տպավորված էինք Ռուսաստանը ներկայացնող մարզիկների լավ պատրաստվածությամբ: Այնտեղ վինգչուն մարտարվեստը շատ ավելի է զարգացած: Ըստ ինձ, դա բացատրվում է նրանով, որ մրցաշարեր են պարբերաբար անց կացվում հենց իրենց մոտ: Ես առաջին անգամ եմ վինգչունի մրցաշարի մասնակցում, այն էլ միանգամից Եվրոպայի առաջնության: Բնական է՝ որոշակի լարվածություն կար, բայց այն աստիճանաբար նահանջեց: Մարզչի համար կարեւոր ձեռքբերում եմհամարում արտերկրումառաջնություններին մասնակցելը, քանի որ բացի հաղթանակներից, նաեւ ծանոթությունների լայն շրջանակ է ձեռքբերվում, անց են կացվում սեմինար պարապմունքներ, այլ երկրների մարզիչների հետ փորձի փոխանակման լավ հնարավորություն է ընձեռվում եւ նպաստումմրցաշարի կանոններն ավելի լավ իմանալուն»:

 Մարզչի խոսքով՝ առաջիկայում մտադիր ենՎինգչունի եւ թայչիի նորաստեղծ ֆեդերացիա ընդգրկել ավելի շատ մարզիկներ, հասցնել նրանց միջազգային մրցաշարերին մասնակցելու համար պահանջվող մակարդակի եւ Արցախում վինգչունի մրցաշարեր անցկացնել: Այս ամենը միտված է նրան, որ լավագույն արդյունքներ ցուցաբերող մարզիկները հնարավորություն ունենան նաեւ միջազգային ռինգ դուրս գալ՝ բարձր պահելով ազգային դրոշը:

Հուսանք, որ մոտ ապագայում առիթ կունենանք հպարտանալու արցախցի շատ վինգչունիստներով:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ

1