Հարկերի վճարումը չպետք է ընկալվի որպես բեռ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հարկերի վճարումը չպետք է ընկալվի որպես բեռ

Հարկերի վճարումը չպետք է ընկալվի որպես բեռ

Հարկային համակարգն ամենադինամիկ փոփոխվող ոլորտներից է մեր երկրում: Հաշվի առնելով Արցախի ստատուս քվոն՝ հենց հարկային դաշտի առաջարկած պայմաններն են նաև, որ շահագրգռում են արտաքին ներդրումներ ապահովել և բիզնես ստեղծել մեր երկրում: Որո՞նք են դաշտի այսօրվա գերակայությունները, բարեփոխումների թիրախում բիզնեսի ո՞ր հատվածն է, ո՞րն է դրանց հիմնական նպատակը: Հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ պատկան մարմնում՝ ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Հարությունյանից:

— Պարոն Հարությունյան, հարկային օրենսդրությունը մշտապես բարեփոխվում է: Ո՞րն է նպատակը:

— Վերջին տարիներին զգալի փոփոխություններ են կատարվել հարկային օրենսդրությունում, որոնց հիմնական նպատակը գործարարության և, հատկապես, փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար հարկման նպաստավոր պայմանների ապահովումն ու տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերի խթանումն է: Միաժամանակ, հարկային համակարգը պետք է լինի ճկուն և համապատասխանի տնտեսության զարգացումներին, քանի որ պայմանները, որոնք հրատապ են այսօր, կարող են վաղը կորցնել իրենց արդիականությունը: Արտոնությունները ոչ միայն տնտեսության զարգացման խթան են հանդիսանում, այլև երկարաժամկետ հեռանկարում ապահովելու են բյուջեի եկամուտների կայուն աճ:

— Բարեփոխումներից ո՞րն է վերաբերում տնտեսության ամենախոցելի հատվածինª  փոքրմիջին բիզնեսին:

— Փոքր ու միջին բիզնեսը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում: Այնտեղ սահմանված են էականորեն ցածր դրույքաչափեր և հարկման պարզեցված համակարգեր: Այսպես, սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնող փոքր տնտեսվարող սուբյեկտները հիմնականում գործում են արտոնագրային և հաստատագրված վճարների հարկման համակարգերով: Այսօր շուրջ 820 ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերեր, որոնք կազմում են գործող հարկ վճարողների շուրջ 15 տոկոսը, համարվում են արտոնագրային վճար վճարողներ, որոնց պարտավորությունները սահմանափակվում են միայն արտոնագրային վճարների վճարմամբ` առանց հարկային մարմիններին հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնելու պահանջի: Այս տարվա հունվարի 1-ից մի շարք գործունեության տեսակներ, որոնք մինչ այդ հարկվում էին ընդհանուր հարկման համակարգով, ևս ներառվել են արտոնագրային և հաստատագրված վճարների հարկման դաշտում: Շատ կարևոր ենք համարում նաև 2016 թվականի ապրիլի 1-ից իրականացված փոփոխությունները, որոնք պայմանավորված են ապրիլյան պատերազմական գործողությունների հետևանքով մի շարք ոլորտներում հարկ վճարողների եկամուտների նվազմամբ: Ըստ այդմ, հաստատագրված և արտոնագրային վճարները ստացվող եկամուտների մեծությանը համարժեք դարձնելու նպատակով, էականորեն նվազեցվել են դրանց չափերը: Մասնավորապես, 2016 թվականի ապրիլ ամսից սկսած շրջաններում գործող հարկ վճարողները վճարում են սահմանված հաստատագրված և արտոնագրային վճարների գումարի ընդամենը 30 տոկոսը (կիրառվում է 0.3 նվազեցվող գործակից), իսկ Ստեփանակերտ քաղաքում գործող հարկ վճարողները` 60 տոկոսը (կիրառվում է 0.6 նվազեցվող գործակից): Ոլորտի կայացման գործում հատկապես էական նշանակություն ունի 2016 թվականի հունվարի 1-ից սկսնակ բիզնեսի համար ժամկետային արտոնությունների սահմանումը: Մասնավորապես, գործունեությունը նոր սկսող հարկ վճարողները եռամսյա ժամկետով ազատվում են առևտրի հարկի, հաստատագրված և արտոնագրային վճարների հաշվարկման և վճարման պարտավորությունից: Արդյունքում  ունենում են տնտեսված միջոցներ, որոնք էլ կարող են ուղղվել բիզնեսի զարգացմանը, այսինքն՝ արտոնության կիրառումը նաև գործունեության սկզբնական փուլում որոշակիորեն նվազեցնում է գործարարության ռիսկայնության մակարդակը` նպաստելով շուկայում հարկ վճարողների կայացմանը:

— Խոսենք փոքր և միջին ձեռնարկատիրության նկատմամբ իրականացվող հարկային հսկողությունից: Ի՞նչ մոտեցումներ են ցուցաբերվում:

— Նախ ասեմ, որ վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է ստուգումների քանակը, հատկապես՝ փոքր տնտեսավարող սուբյեկտների մոտ: Մասնավորապես, ընդհանուր մասսայական ստուգումների փոխարեն իրականացվում են հասցեական ստուգումներ, որոնք հիմնված են ռիսկային չափանիշների վրա, իսկ նման ռիսկերը հայտնաբերվում են վերլուծությունների և կամերալ ուսումնասիրությունների արդյունքում, երրորդ անձանցից ստացվող տեղեկությունների և այլ չափանիշների հիման վրա: Բացի այդ, սկսնակ բիզնեսին չխոչընդոտելու նպատակով, առաջին մեկ տարվա ընթացքում մենք ձեռնպահ ենք մնում ստուգումների իրականացումից, փոխարենը` պարբերաբար այցելություններ ենք կազմակերպում վերջիններիս մոտ` հարկային օրենսդրության իրազեկման, օժանդակման նպատակով տրամադրելով նաև հարկման համապատասխան ռեժիմների վերաբերյալ ուղեցույցներ, որոնցում պարունակվող տեղեկատվության իմացությունը բիզնեսն արդյունավետ կազմակերպելու և հնարավոր սխալներից խուսափելու անհրաժեշտ պայմաններից է: Հիմնականում ստուգումներ չեն իրականացվում նաև արտոնագրային վճարներով հարկվող հարկ վճարողների մոտ:

Հարկատուները որքանո՞վ են իրազեկ նոր բարեփոխումներին:

— Մեր հասարակությունում հարկային մարմինը նույնականացվում է միայն բյուջեի մուտքեր հավաքագրող կառույցի հետ, մինչդեռ այն պետք է ընկալվի նաև որպես սպասարկման և իրազեկման ծառայություններ մատուցող մարմին: Այդ նպատակով վերջին տարիներին հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացումը, հանրային իրազեկման աշխատանքների ընդլայնումը հարկային համակարգում առաջնահերթ խնդիր է համարվում: Հարկ վճարողների իրազեկվածությունն ապահովելու նպատակով օգտագործում ենք հնարավոր բոլոր միջոցները: Մասնավորապես, օրենսդրական և ենթաօրենսդրական դրույթների իրազեկման, էլեկտրոնային եղանակով հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման և մի շարք այլ թեմաներով պարբերաբար կազմակերպվում են սեմինար-խորհրդակցություններ շրջկենտրոններում և Ստեփանակերտ քաղաքում:  Իրազեկում ենք  նաև հարկային մարմնի պաշտոնական կայքէջի միջոցով: Ամենամսյա պարբերականությամբ հրապարակվում են  նաև հարկ վճարողների կողմից առավել հաճախակի հնչեցրած հարցադրումներն ու դրանց պատասխանները, որպեսզի նմանատիպ խնդիրներին առնչվող հարկ վճարողները խուսափեն հետագա սխալներից: Հարկ վճարողները պարզաբանումներ կարող են ստանալ նաև գրավոր և բանավոր հարցադրումների միջոցով և կայքէջի առցանց ռեժիմով: 2016թ. դեկտեմբեր ամսից գործարկվել է նաև «Skype» հեռաձայնային ծառայությունը, որի միջոցով ևս հարկ վճարողները, ինչպես նաև Արցախում ներդրումներ կատարելու պատրաստակամություն ունեցող գործարարները և հարկային ոլորտով հետաքրքրվող այլ անձինք ցանկացած կետից մասնագետին կարող են հղել հարկային օրենսդրությանը վերաբերող իրենց հետաքրքրող հարցերը և օպերատիվ կարգով ստանալ դրանց պատասխանները:

— Բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ խրախուսման ի՞նչ մեխանիզմներ են կիրառվում:

— Այսօր մեր գերնպատակն է՝ հարկատու-հարկային մարմին փոխհարաբերությունների ամուր դաշտի ստեղծմամբ, կառուցողական երկխոսության ճանապարհով հարկ վճարողների շրջանում ձևավորել հարկերի ինքնուրույն և ճիշտ հաշվարկման ու վճարման մշակույթը: Այդ առումով, աշխատում ենք պահպանել գործընկերային հարաբերություններ իրենց հարկային պարտականությունները բարեխղճորեն կատարող հարկ վճարողների հետ՝ նվազագույնի հասցնելով հսկողական միջոցառումները: Օրերս ֆինանսների նախարարի հրամանով հաստատվել է նաև «Օրինապահ հարկ վճարողներ»-ի ցանկերի ձևավորման կարգը, որի գործողությամբ այն հարկ վճարողները, որոնք կայուն կարգապահ վարքագիծ են ցուցաբերում, այսինքն՝ ժամանակին կատարում են բյուջեի հանդեպ պարտավորությունները, ներկայացնում օրենսդրությամբ նախատեսված հաշվարկները` արտացոլելով ճշգրիտ ցուցանիշներ, ժամանակին արձագանքում են հարկային մարմնի կողմից իրականացված կամերալ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված թերությունների վերացմանը, կստանան օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ: Նրանց կտրամադրվեն հավաստագրեր և ըստ այդմ կկիրառվի մեղմ ու աննկատ հարկային վարչարարություն: Մեր հասարակությունը կտեղեկացվի նման հարկ վճարողների մասին, և դա, կարծում եմ, խթան կհանդիսանա նաև մյուս հարկ վճարողների համար` հարկային պարտավորությունները բարեխղճորեն կատարելու առումով: Այս գործողություններով մենք ձգտում են հարկատուների շրջանում ձևավորել հարկային կարգապահություն և պատասխանատվության զգացում` պետության հանդեպ իրենց պարտավորությունների կատարման ուղղությամբ: Այսօր մեր երկրում կան բազմաթիվ սոցիալ-տնտեսական ծրագրեր, որոնց իրականացումը պահանջում է ֆինանսական միջոցներ, որն էլ անմիջականորեն կապված է բյուջեի եկամուտների ապահովման հետ: Այս պարագայում խիստ կարևոր է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ աջակից լինի հարկերի հավաքագրման գործընթացին: Հարկերի վճարումը հասարակության շրջանում չպետք է ընկալվի որպես լրացուցիչ բեռ, հասարակությունը պետք է ակնհայտ բացասական վերաբերմունք ցուցաբերի հարկերի վճարումից չարամտորեն խուսափողների նկատմամբ: Միայն այս պարագայում մենք կունենանք կայուն ու զարգացած տնտեսություն` ապահովելով մեր երկրի տնտեսական անվտանգությունը:

Նոննա Գևորգյան

1