«Վերածնունդ» միջազգային փառատոնին Արցախն ունի 4 մասնակից
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Վերածնունդ» միջազգային փառատոնին Արցախն ունի 4 մասնակից

«Վերածնունդ» միջազգային փառատոնին Արցախն ունի 4 մասնակից

«Վերածնունդ» ամենամյա մրցույթ-փառատոնը Գյումրիում այս տարի մեկնարկել է ապրիլի 10-ին և կշարունակվի մինչև ամսույս  29-ը: Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Էվելինա Լալայանը նշեց, որ ապրիլի 14-15-ին փառատոնին Արցախից մասնակցություն ունեցան՝

 Վադիմ  Բալասանյանը՝դաշնամուր, 8 տարեկան,

Վիլեն Լալայանը՝դաշնամուր, 12 տարեկան( նշենք, որ Վիլենը մասնակցել է նաև 2014թ.՝ 8-րդ տեղ և  2016թ.՝ 3-րդ տեղ),

Կարեն Եսայանը՝ դուդուկ, 8տարեկան

Պարարվեստի քոլեջ՝ 4-5-րդ դասարան, 12 հոգի:

 Քանի որ փառատոնը դեռ շարունակվում է, բնականաբար մրցույթային տեղերը դեռևս հայտնի չեն: Ինչ վերաբերում է փառատոնի պատմությանը, նշենք, որ երաժիշտ-կատարողների ամենամյա <<Վերածնունդ>> միջազգային մրցույթ-փառատոնն անց է կացվում 2007թվականից  Գյումրիում: 2016թ. այն նվիրվել էր ՀՀ անկախության 25-ամյակին և նշանաբանն էր <<Արվեստն ընդդեմ պատերազմների և ահաբեկչության>>: Իսկ այս տարի այն նվիրվում է ՀՀ-ի հետ  մի շարք երկրների դիվանագիտական կապերի հաստատման 25- ամյակին: Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթանել  դասական, ազգային երաժշտության մասսայականացումը, տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների միջև ստեղծել ստեղծագործական և բարեկամական կապեր, այլազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին, ծանոթացնել  Հայաստանի պատմությանն ու մշակութային ժառանգությանը, պատանիներին և երիտասարդներին հնարավորություն տալ իրենց վարպետությունը և ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու համար:

Փառատոնն իրականացնող կազմակերպություններն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման <<Փյունիկ>>  համահայկական հիմնադրամը և Երևանի պետակն կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը:

 <<Վերածնունդ>> մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել 36 երկրներից ավելի քան 3000 մասնակիցներ: Մասնակիցները ներկայացնում են ԱՄՆ-ը, ԱՄԷ-ն, Ավստրիան, Բելգիան, Բելառուսը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Թուրքմենիան, Իսպանիան, Իտալիան և այլ երկրներ:

Մրցույթներն անցկացվում են 5 տարիքային խմբերով, 18 անվանակարգերով՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ և այլն: Հանձնաժողովներում ընդգրկված են 85 արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի 21 երկրներից: Բացարձակ հաղթողներին շնորհվում է  Մեծ մրցանակ, իսկ լավագույնս հանդես եկող մասնակիցներին՝ 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դափնեկրի կոչում:

«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողները և մրցանակակիրները կայցելեն ՀՀ պատմաճարտարապետական վայրեր, կլինեն Երևանում, Էջմիածնում և Ստեփանակերտում:

1