Արցախի պայքարը արժեքների համար է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախի պայքարը արժեքների համար է

Արցախի պայքարը արժեքների համար է

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախ են ժամանել Բելգիայի Թագավորության Դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը և Պիեռ Կոմպանին:

Մարտի 21-ին կայացել է պատգամավորների մամլո ասուլիսը:

«Մեզ համար հետաքրքական է գալ և բացահայտել արցախյան իրականությունը»,- նշել է Անդրե դե Բյուս դե Վարնաֆը և ավելացրել, որ իրենց գործընկերներն էլ ավելի են հետաքրքվում Արցախով, երբ նրանց բացատրում են, որ Արցախը մի երկիր է, որտեղ կա իրական ժողովրդավարություն, մարդիկ պայքարում են իրական արժեքների համար, կա մտքի, գործելու, խոսքի ազատություն և այլն: Վալոնիա-Բրյուսել Դաշնային խորհրդարանի անդամն արդեն երրորդ անգամն է Արցախում և հաճույքով է նկատում, որ մեծ արագությամբ է զարգանում:

«Մեր այցի նպատակը ոչ միայն Արցախը բացահայտելն է, այլև շփման և համագործակցության եզրեր գտնելը, հատկապես առողջապահության ապահովագրության, մշակութային և զբոսաշրջության ոլորտներում»,- ընդգծել է Անդրե դե Բյուս դե Վարնաֆը:

Պիեռ Կոմպանին, ով առաջին անգամ է Արցախում, իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում հասկացել է, որ Արցախում ապրողները անջատողականներ չեն, նրանց պայքարը արժեքների համար է: Ցավոք, ազատությունը ստիպում է գին վճարել, չնայած այն իրականում անգին է: «Ձեր ընտանիքները, վստահ եմ, վճարել են այդ թանկ գինը, որպեսզի դուք պայքարեք ժողովրդավարության և Ձեր ժողովրդի հետ միանալու համար»,- հավելել է Բրյուսելի Շրջանային խորհրդարանի անդամ Պիեռ Կոմպանին, ով իր զարմանքն է հայտնել տվյալ իրավիճակում մարդկանց հանգստության և կյանքի նկատմամբ սիրո վերաբերյալ:

Անդրադառնալով Եվրոպա-Թուրքիա հարաբերությունների մասին հարցին, Բրյուսելի խորհրդարանի պատգամավոր Էմանուել դե Բոկը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները բարդ են: Քաղաքական ասպարեզում բավականին ծանր կշիռ ունեցող Ռուսաստանը ոչ միշտ է Եվրոպայի նման մտածում, նաև ԱՄՆ-ում Թրամփի իշխանության գալը անկանխատեսելի է դարձնում ԱՄՆ-ի վաղվա դիրքորոշումը: «Եվրոմիությունը գոյությունը պահելու համար պետք է ներքին ռեսուրսներ գտնի և նոր դաշինք ստեղծի, որպեսզի իր ճակատագիրն իր ձեռքը վերցնի»,- համոզված է Էմանուել դե Բոկը:

Մինչ այդ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, ԱԳՆ նախարարի հետ: Բացի պաշտոնական հանդիպումներից նախատեսվում են հանդիպումներ նաև ժողովրդի տարբեր խավերի հետ:

Պատգամավորներին ուղեկցում էին ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը և հանձնախմբի քաղաքական հարցերով պատասխանատու Հեղինե Էվրիյանը:

17431025_1333990000014285_437415028_o

1