«44 աստիճանի վրա» ներկայացումը՝ Արցախյան բեմում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «44 աստիճանի վրա» ներկայացումը՝ Արցախյան բեմում

«44 աստիճանի վրա» ներկայացումը՝ Արցախյան բեմում

Մարտի 14-ից Արցախում մեկնարկել է Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի հյուրախաղերը՝ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության նախաձեռնությամբ։

Նախաձեռնության նպատակն է նպաստել Արցախի սահմանային բնակավայրերի մշակութային կյանքի աշխուժացմանը։

Արցախյան հյուրախաղերն ընթացել են հետեւյալ ժամանակացույցով՝ մարտ 14-ին՝ Քարվաճառում, մարտի 15-ին՝ Մարտակերտում, մարտի 16-ին՝ Մարտունիում, իսկ մարտի 17-ին՝ Ստեփանակերտում։

Արցախյան հյուրախաղերի ընթացքում հանդիսատեսն առիթ է ունեցել դիտելու Աստղիկ Սիմոնյանի «44 աստիճանի վրա» ներկայացումը (ըստ Տ. Հայրապետյանի պատմվածքի):

Ներկայացումը  հայրենադարձ Մգրոյի եւ Սիրանույշի ընտանիքի պատմությունն է, որոնք հրաժարվել են իրենց բարեկեցիկ ամերիկյան կյանքից եւ եկել հաստատվել hայրենիքում: Ներկայացման մեջ հայ մարդն է, ով չնայած ամեն տեսակ դժվարությունների եւ համատարած արտագաղթի, անմար հավատով շարունակում է ապրել եւ արարել իր հողում:

«Այս ներկայացումը ձեր մասին է։ Սահմանում ապրող, գործող մարդկանց մասին է, հենց այդ է պատճառով է, որ որպես նյութ ընտրեցինք «44 աստիճանի վրա» ներկայացումը»,- Ստեփանակերտում կայացած ներկայացման ժամանակ նշել է Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։

Հյուրախաղերի գլխավոր հովանավորն է Համազզային հայ կրթական եւ մշակութային միությունը, գլխավոր աջակիցը` Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

1