Խորհրդարանական համակարգի բարիքները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Խորհրդարանական համակարգի բարիքները

Խորհրդարանական համակարգի բարիքները

Հայաստանի Հանրապետության՝ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակաշրջանը մոտենում է կեսին: Անցած օրերի ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտը թեժացել է, շռայլվում են խոստումներ, հեռանկարային պլաններ, ինքնաարդարացումներ, քննադատություններ, չարածներն են պախարակվում և դարձյալ խոստումներ, խոստումներ…

Ընդհանուր հայացքով քաղաքական կուսակցություների և դաշինքների ծրագրերը դիտարկելով և ի մի բերելով բոլորի ասածը՝ հասկանում ենք, որ ինչքան բան կա անելու և ինչքան բան դեռևս չի արվել: Իսկ իր արածի մասին համարյա ոչ մի կուսակցություն չի խոսում:

Այստեղ թերևս հպարտանալու տեղ ունի Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, քանի որ անցած 25 տարիներին իր ջատագոված և այդ ուղղությամբ համառորեն պայքար մղած խորհրդարանական համակարգը փաստորեն իրականություն է դառնում: Իրոք, քաղաքական դաշտում կարծես թե «իշխանությունը» չի նշմարվում: Բոլորն անխտիր խոսում են փոփոխություններից: Ըստ երևույթին բոլորը դժգոհ են նախկին համակարգից և համակարգի հետևանքով ժառանգված «ամեն ինչ հաղթողին, ոչինչ պարտվողին» սկզբունքից:

Փոփոխության ալիքն այնքան է մեծանում, որ գործնականում վերածվել է իշխանափոխության: Ոչ միայն նախորդ իշխանությունների տխրահռչակ կիսաքրեական դեմքերը չեն երևում բեմահարթակներում, այլ նաև ջրի հատակ են անցել երիտասարդ խոստումնալից կադրերը: Փաստորեն, համակարգի փոփոխությամբ իրոք տեղի է ունեցել իշխանափոխություն: Այս իշխանափոխության հոլովույթին մասնակից են բոլորն անխտիր, բոլոր նրանք, ովքեր հրապարակավ պահանջում են այսինչի կամ այնինչի հեռանալը, նրանք, որ կարծես թե ատամներով կառչած էին աթոռներից և չէին ուզում մի փոքր զիջել, ինչպես նաև նրանք, որ քաղաքական ճիշտ հաշվարկների արդյունքում, հաստատակամ և կայուն կեցվածքով քաղաքական լուծումներ առաջարկեցին և իրականության մեջ հաղթող դուրս եկան: Այդ քաղաքական լուծումը Սահմանադրական փոփոխություններն էին և խորհրդարանական համակարգին անցումը:

Ի շնորհիվ անցմանը խորհրդարանական համակարգին` բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր անօգուտ էին համարում խաղաղ ճանապարհով իշխանափոխությունը, այսօր պայքարում են խորհրդարանում տեղ ունենալու համար: Նույնիսկ քաղաքացիական շարժումներին միացած այն երիտասարդները, որոնք «զզված» էին քաղաքական կուսակցություններից, այսօր ներգրավվել են քաղաքական դաշտում:  Ուրեմն, հիմնական խոչընդոտը համակարգն էր, ոչ թե քաղաքական կուսակցությունները, ախտը «ամեն ինչ հաղթողին, ոչինչ պարտվողին» անհեռանկար և փակուղուն դեմ հանդիման կանգնեցնող մոտեցումն էր:

Հայաստանը քաղաքական վերելք է ապահովում այս խորհրդարանական ընտրություններով:

Քաղաքական զարգացման ուղին հստակեցված է այլևս. Հայաստանը քաղաքական զարգացման ուղի է որդեգրել, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր պետականության զարգացման համար:

«Ապառաժ»-ի խմբագրական 17 մարտ, 2017թ.

1