Արևի հետ դուրս եկող և արևի հետ մայր մտնող ժողովուրդ ենք
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արևի հետ դուրս եկող և արևի հետ մայր մտնող ժողովուրդ ենք

Արևի հետ դուրս եկող և արևի հետ մայր մտնող ժողովուրդ ենք

Ես գիտեմ, որ մենք արևի հետ դուրս եկող և արևի հետ մայր մտնող ժողովուրդ ենք

Սպարտակ Ղարաբաղցյան

Մարտի 16-ին Շուշիի «Նարեկացի» արվեստի միության մասնաշենքում տեղի ունեցավ Սպարտակ Ղարաբաղցյանի «Արևի բնակավայրը» գրքի շնորհանդեսը:

Պատմաբան, հրապարակախոս, լրագրող և բազմաթիվ ֆիլմերի հեղինակ Սպարտակ Ղարաբաղցյանը հենց Շուշին է ընտրել գրքի շնորհանդեսի վայր, քանզի, ինչպես ինքն է ասում, «Շուշին Աստծո ծնկին նստած դրախտավայր է և թթխմորի դեր է տանում հայ ժողովրդի համար»: Ինքը՝ հեղինակը, հենց այդպիսին է: Ծնված լինելով Երևանում՝ ապրել ու ստեղծագործել է նաև սփյուռքի հայաշատ կենտրոններում, և ինչպես իր հրացազրույցներից մեկում է ընդգծել, ցանկանում է ապրել նաև Արցախում ու Շուշիում տուն ունենալ:

«Արևի բնակավայրը» ժողովածուն հեղինակը բնութագրում է որպես զրույց նախ ինքն իր հետ ու իր միջոցով նաև ընթերցողի հետ: Նրա հերոսները հայրենադարձներն են՝ իրենց հիշողություններով և պատմական անցյալով:

«Արևի բնակավայրը» հենց մեր հայ ժողովրդի օրրանն է, քանզի հենց հայ մարդն է արևի հետ ծագում և արևի հետ մայր մտնում:

Թորոս Թորանյանը գրում է, որ հեղինակը բարեկամացել է հերոսների հետ ՝ նրանց զգացումները փոխանցելով բոլորիս: Նա նաև պատգամում է մեզ լավ հասկանալ խաղի ժամանակը, իմանալ մեր սխալները, որպեսզի դրանք նորից չկրկնվեն:

Գրող, հրապարակախոս Վարդգես Բաղրյանը, ով լավ ծանոթ է հեղինակի ստեղծագործություններին, նշեց. «Երբ մարդը կարողանում է ինքն իր հետ զրուցել, դա բաձրակետն է: Հեղինակը, ինչպես մեր բոլոր մեծերը, ամեն ինչ անցկանցում է իր պրիզմայի միջով, բայց ինքը չի երևում, ամեն ինչ իրենով չի անում: Իր զրուցներում ճշմարտությունն ու ազնվությունն է՝ իր ընթերցողի հետ զրուցելու, գրող-ընթերցող կամուրջը սահուն տանելու մեջ: Գիրքը մեր մասին է և առանց հուզմունքի անհնար է այն կարդալ»:

Լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ Միքայել Հաջյանն իր խոսքում կատակեց, որ հեղինակի հետ իրենց ընկերությունն այս տարի հոբելյանական է: 30 տարի շարունակ իրենք ընկերություն են անում և շատ հիշողություններ ունեն: Նա նշեց, որ կարդալով հեղինակի ստեղծագործությունները, ճանաչում ենք հայ մարդուն՝ պառավաքարերի արմատներից սկսած, Արցախ-Հայաստանն առհասարակ և մասնավորապես սփյուռքը:

Այստեղ հայ ժողովրդի հավաքական կերպարն է, հայ ժողովրդի լավագույն հատկանիշները, որոնք Սպ. Ղարաբաղցյանը հենց իր մեջ է կրում և մեզ նվիրում: Իսկ այնտեղ, որտեղ մենք թերացել ենք, ինչ-որ տեղ մեզ իր խոսքերով, իր զրույցներով հայացնում է:

Հեղինակի սփյուռքահայ ընկեր Մովսես Ֆեյքեջյանը շեշտեց, որ Սպարտակը ճանապարհն է հիշողության ու մեզ տանում է ազգային սրբության, որը պիտի կերտի մեր գալիք սերունդների նկարագիրը:

Գրքի շնորհանդեսին ներկա էին պետական այրեր, մշակութային գործիչներ, նրա գրչակից ընկերները և ընթերցողներ:

 Սիրանուշ Սարգսյան

1