Մեր ժողովրդի անվտանգության միակ երաշխիքը մեր բանակն է. ԱՀ ԱԺ պատգամավոր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մեր ժողովրդի անվտանգության միակ երաշխիքը մեր բանակն է. ԱՀ ԱԺ պատգամավոր

Մեր ժողովրդի անվտանգության միակ երաշխիքը մեր բանակն է. ԱՀ ԱԺ պատգամավոր

Արցախի հարցում ՀԱԿ-ի որդեգրած քաղաքականությունն անընդունելի և խիստ վտանգավոր է. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ ՀԱԿ-ի մոտեցումը հստակ է` պատրաստ են գնալ փոխզիջումների:

Հովհաննիսյանի խոսքով՝ այս գաղափարի կյանքի կոչումը կարող է հանգեցնել Արցախի հայաթափման: «Ես այդ կարգախոսը համարում եմ պարտվողական, հայության շահերին վնաս հասցնող, և այդ թեզն առաջ տանելը բերելու է Արցախի հայաթափմանը: Ո՞վ կարող է երաշխիք տալ, ո՞ւր են այդ երաշխիքները, որ խոսում են փոխզիջումներից: Երբ ՀԱԿ-ի գործիչները կգան, իրենց տները կկառուցեն Ասկերան քաղաքում կամ հարևան գյուղերում ու կբնակվեն գյուղերում, որոնք նախկինում սահմանամերձ են եղել Ակնային, թող նոր խոսեն փոխզիջումներից»,- ասաց նա՝ ընդգծելով, որ չկա երաշխիք, որ Ադրբեջանի կողմից Արցախի  մյուս բնակավայրերը չեն ռմբակոծվի:

«Այդ ծրագիրը ոչ միայն Արցախի Հանրապետության դեմ է, այլև՝ Հայաստանի Հանրապետության: Ըստ նրանց ծրագրի՝ Որոտանի՝ նախկին Կուբաթլուի, Ադրբեջանին հանձնումից  հետո ինչպե՞ս կարող է երաշխավորվել Կոռնիձորի, Խնձորեսկի և Սյունիքի մարզի մի շարք գյուղերի անվտանգությունը:  Ես չեմ հասկանում, այդ մարդիկ կարո՞ղ են ադրբեջանցիների անունից երաշխավորել»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ այդ տարածքներում ապրում են նաև սիրիահայեր, ովքեր զբաղվում են ինչպես գյուղատնտեսությամբ, այնպես էլ այլ գործերով, և ՀԱԿ-ի այս մոտեցումն ու կոչերը այդ մարդկանց շրջանում անվստահություն են սերմանում: «Մարդկանց թևաթափ են անում: Այդ մարդիկ ուզում են իրենց ազատագրված հայրենիքում ապրել ու չեն ուզում երկրորդ անգամ բռնել բռնագաղթի ճամփան, և ինչո՞ւ պետք է բռնեն»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով.  «Չնայած ինձ համար դա նորություն չէր, դա Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրն էր, որը դարձրել են կարգախոս:  Իսկ ինչ վերաբերում է խաղաղապահների տեղակայմանը, ապա 1988-1991 թվականներին Արցախը տեսել է այդպիսի խաղաղապահների` ի դեմս խորհրդային ներքին զորքերի և բանակի, բացի այդ էլ` մենք դրա բացասական այլ օրինակներ էլ ունենք` Ռուանդայում, Բոսնիա-Հերցեգովինայում և  աշխարհի այլ հակամարտ գոտիներում. որքան մարդիկ կոտորվեցին խաղաղապահների աչքի առջև, այսինքն՝ ո՞վ է այդ` երաշխիք տվողը, ես դա չեմ կարողանում հասկանալ»:

 Հովհաննիսյանի խոսքով՝  մեր ժողովրդի անվտանգության միակ երաշխիքը մեր բանակն է` ԱՀ և ՀՀ զինված ուժերը: «Սա է կարևորը, իսկ մնացածի մասով ասեմ, որ, մեղմ ասած, պոպուլիզմ է: Ադրբեջանն ուզում է Հայաստանի և Արցախի վերացում, իսկ թե ի՞նչ է ՀԱԿ-ը ուզում, ես չեմ հասկանում: Նրանց այդ ծրագիրը շատ լուրջ վտանգներ է պարունակում: Խաղաղության քողի տակ ինչ-ինչ քաղաքական խնդիրներ են ուզում լուծել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

1