«Մենք պատրաստ ենք համաչափ պատասխանել պատերազմի սանձազերծման ցանկացած փորձի». Սերժ Սարգսյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Մենք պատրաստ ենք համաչափ պատասխանել պատերազմի սանձազերծման ցանկացած փորձի». Սերժ Սարգսյան

«Մենք պատրաստ ենք համաչափ պատասխանել պատերազմի սանձազերծման ցանկացած փորձի». Սերժ Սարգսյան

Հայաստանը, որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ստիպված է ջանքեր գործադրել տարածաշրջանում հավասարակշռությունը պահելու և նոր էսկալացիա թույլ չտալու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Մոսկվայի միջազգայի հարաբերությունների ինստիտուտի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի առջև:

«Միաժամանակ մենք պատրաստ ենք համաչափ պատասխանել պատերազմի սանձազերծման ցանկացած փորձի: Պատերազմը խնդրի լուծման ճանապարհ չէ: Բանակցություններին այլընտրանք չկա: Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ շարունակելու է աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- շեշտեց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով` անվտանգության հարցերը շարունակում են խիստ ակտուալ մնալ Հայաստանի համար:

«Մինչև 2016թ. մեր գործընկերները մեզ վստահեցնում էին, որ պատերազմական քարոզչությամբ ու հակահայկական հիստերիայով Բաքուն իր ներքին քաղաքական խնդիրներն է լուծում: 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված քառօրյա ռազմական արկածախնդրությունը Բաքվի հենց այդ բազմամյա միլիտարիստական քարոզչության մարմնավորումը դարձավ` հակադրվելով սեփական հողի վրա սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու՝ Արցախի ժողովրդի ցանկությանը»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի ներկայացմամբ` Լեռնային Ղարաբաղի հարցով ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների ընթացքում հստակ ընդգծվեց 1994-1995 թվականների եռակողմ անժամկետ համաձայնագրերի խստագույն պահպանման անհրաժեշտությունը:

«Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի հետաքննության մեխանիզմի և ԵԱՀԿ դիտորդների քանակի ավելացման շուրջ: Սակայն Ադրբեջանը, ինչպես և նախկինում, խուսափում է այս պայմանավորվածությունների կատարումից»,- ասաց Ս. Սարգսյանը:

1