ՀՅԴ նախընտրական ծրագիրը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՅԴ նախընտրական ծրագիրը

ՀՅԴ նախընտրական ծրագիրը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՆՈՐ ՍԿԻԶԲ, ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ

Պատասխանատու պետություն

համերաշխ հասարակություն

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

2017

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝

իբրև ազգային, ժողովրդավար, սոցիալիստական և հեղափոխական կուսակցություն, մշտապես պայքարել է հայ մարդու և հայության քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային շահերի համար:

ՀՅ Դաշնակցությունը համահայկական ուժ է, ունի ապագայի իր տեսլականը, ունի հստակ՝ մեր ժողովրդի էությունից բխող արժեքային համակարգ, ունի իր նպատակներն իրականացնելու կազմակերպական կառույց ու վերահսկման մեխանիզմ:

ՀՅ Դաշնակցության համար բարձրագույն արժեք են մարդը, նրա արժանապատվությունն ու իրավունքները: Կարևոր է, որ Հայաստանի քաղաքացին հավատա իր պետությանը, իր և իր ընտանիքի վաղվա օրվան, մասնակից դառնա այդ ապագայի կերտմանը: Հարկ է թռիչքաձև, կայուն զարգացման նախադրյալներ ստեղծել, թարմ շունչ հաղորդել հասարակական կյանքի բոլոր ոլորտներին:

ՀՅԴ նախընտրական ծրագիրը կառուցված է բարոյականության և արդարության չափանիշներով: Այն ուղղված է ապագային, իսկ մեր հայացքը՝ երիտասարդներին:

Մեր նպատակն է կառուցել Ազատ քաղաքացիների Հզոր և Արդար երկիր:

Հայաստանում, Դաշնակցության էական դերակատարմամբ, համակարգային փոփոխություն է տեղի ունեցել: Մենք ապրում ենք խորհրդարանական կառավարման պայմաններում:

Սկսածն անշրջելի դարձնելու, խորացնելու և ավարտին հասցնելու առաքելություն ունի Դաշնակցությունը:

Մեր անմիջական մասնակցությամբ ու ջանքերով երկրում արդեն իսկ վերջ է դրվել մենիշխանությունը, ժողովրդավարական նոր կարգերի հիմք է ստեղծվել, վերացվել է ընտրությունների արդյունքները կանխորոշող իշխանությունների վերարտադրման մեքենան, ընտրական արդար ու թափանցիկ գործընթացների դուռ է բացվել:

Մեզ մնում է տեղայնացնել խորհրդարանական համակարգերի միջազգային առաջադիմական փորձը:

Հայաստանի քաղաքացին Դաշնակցությանը տված իր քվեով երաշխավորելու է լայնածավալ այս բարեփոխումներն ու երկրի առաջընթացը:

ՀՀ քաղաքացին անձամբ զգալու է կատարված արմատական, համակարգային փոփոխությունների դրական հետևանքները: Ակնհայտ են դառնալու նոր համակարգի առավելությունները:

Միայն այս ճանապարհով է հնարավոր վերացնել ժողովրդի՝ տարիներով կուտակված արդարացի դժգոհության պատճառները, հանել երկիրը տեղապտույտից և փոխադրել կայուն զարգացման հուն:

Մեկ տարի հետո այլևս համապետական քվեարկությամբ երկրի նախագահ չենք ընտրելու: Մեր երկրի բոլոր հարցերը որոշվելու են Ազգային ժողովում:

Ահա թե ինչու կարևոր է, որ խորհրդարանում լինեն իրական քաղաքական ուժեր, ազգային-պետական և Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու շահերով առաջնորդվող քաղաքական գործիչներ:

Սիրելի հայրենակից,

առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերը քո աչքի առաջ են:

Համեմատիր´ և կտեսնես` Դաշնակցությունը տարբերվում է մյուսներից. մենք մի անձի կուսակցություն չենք, ունենք մեծ փորձառություն, ունենք գաղափարական և ծրագրային սկզբունքներ, որոնց երբեք չենք դավաճանել, հետևողական ենք, չենք եղել ու չենք կարող ամբոխավար լինել՝ այսօր ասել մի բան, վաղը՝ հակառակը: Մենք չենք փոխվել. և´ ընդդիմություն, և´ իշխանություն եղած ժամանակ Դաշնակցությունը առաջադրել է միևնույն խնդիրները և լուծումներ գտել:

Իշխանության մաս դառնալով՝ մենք Հայաստանում նոր սկիզբ ենք դրել՝ մեր կյանքի բոլոր ոլորտներում որակական փոփոխությունների սկիզբ:

Մենք սկսել ենք Արցախով: Միասին հաղթել ենք Արցախում: Կարողացել ենք ազգային հուն վերադարձնել երկրի քաղաքական ուղեգիծը: Կարողացել ենք կառավարման համակարգ փոխել:

Որքան ուժեղ լինի Դաշնակցությունը, այնքան մեր երկիրը կայուն, արդար, խաղաղ կլինի: Այնքան բարեփոխումներն արագ, արդյունավետ ու անշրջելի կդառնան՝ հասնելով յուրաքանչյուր ընտանիքի ու քաղաքացու: Այնքան մեր ազգային-պետական հիմնահարցերի դրական լուծումը երաշխավորված կլինի: Այնքան Հայաստանի ինքնիշխանությունն ամուր կլինի:

Վստահե´ք Դաշնակցությանը, ապրիլի 2-ին քվեարկե´ք Դաշնակցության օգտին, և մենք արդար, զարգացող, ուժեղ Հայաստան կունենանք:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հավատացած է, որ ազատ, անվտանգ, զարգացող և համերաշխ հասարակություն ունենալու մեր բոլորի ցանկությունը միանգամայն իրագործելի է։

Մեր անկախ պետականությունը, ազատագրված Արցախը մեր արժանապատվությունն ու մեր հպարտությունն են: Մենք կարող ենք և պետք է զարգանանք առանց զիջելու: Սա պետք է դառնա համազգային պահանջ, գործողությունների հստակ ու վստահություն ներշնչող ծրագիր և նվիրված աշխատանք:

Սիրելի հայրենակից,

վստահելով Հ.Յ. Դաշնակցությանը՝ դու քվեարկում ես կայուն զարգացման, համերաշխ հասարակության, հզոր պետության և ազատ քաղաքացու օգտին:

ՄԱՐԴԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի տնտեսական քաղաքականությունը, անկախության վերականգնումից ի վեր, հիմնված է եղել ինքնակարգավորվող շուկայի լիբերալ գաղափարախոսության և «անցումային տնտեսության» մոտեցման վրա: Պետությունն ուսերից թոթափել է պատասխանատվությունն իր քաղաքացիների նկատմամբ, թողնելով, որ վայրի մրցակցության մեջ հաղթի «ուժեղը»՝ առանց հոգալու «պարտվածների» ճակատագրի մասին:

Զարմանալի չէ, որ մեր հայրենակիցները բողոքում են, որ հայտարարվող տնտեսական աճի պայմաններում իրենց կյանքի մակարդակը գնալով անկում է ապրում, քանի որ տնտեսական աճի բարիքներից օգտվում է «հաղթողների» մի փոքրիկ խումբ: Այսպիսով, պետությունն իրեն օտարեց քաղաքացուց, իսկ քաղաքացին օտարվեց պետությունից:

Չզգալով պետության պատասխանատվությունը քաղաքացու հանդեպ, քաղաքացին դադարում է պատասխանատվություն զգալ պետության ու երկրի հանդեպ: Արդյունքը վիթխարի ծավալների հասնող արտագաղթն է, երբ հայ մարդը, չզգալով սեփական հայրենիքի հոգածությունը, իր ապագան փորձում է կապել այլ երկրների հետ: Անհրաժեշտ է արմատապես փոխել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման տրամաբանությունը, վերականգնել պետության և քաղաքացու պատասխանատվությունը միմյանց հանդեպ՝ անցում կատարելով նոր Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական շուկայական տնտեսակարգին:

Մենք առաջարկում ենք.

  • Ապահովել տնտեսական աճի և ստեղծված տնտեսական արդյունքի արդար բաշխումը հասարակության բոլոր անդամների միջև:
  • Հնարավորություններ ստեղծել, որ մարդիկ կարողանան իրացնել աշխատանք ունենալու իրենց իրավունքը:
  • Բացառել, որ օրնիբուն աշխատող մարդը չկարողանա իր ստացած աշխատավարձով հոգալ ընտանիքի նույնիսկ տարրական կարիքները: Երբեմն առաջարկվող վարձատրությունն այնքան ցածր է, որ աշխատունակ և ինքնասիրություն ունեցող մարդը գերադասում է նպաստը, այլ ոչ թե ազնիվ աշխատանքը: Աշխատանքը պետք է ապահովի մարդու արժանապատիվ կյանքը, ոչ թե գոյությունը: Աշխատանքի նվազագույն վարձատրությունը չի կարող ցածր լինել կենսապահովման զամբյուղից: Աշխատող մարդը պետք է կարողանա իրացնել իր հանգստի իրավունքը, կրթության իրավունքը, առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքը, մշակութային և հոգևոր արժեքների հետ հաղորդակցման իրավունքը:
  • Կանխել կյանքի դժվար պայմաններում հայտնված մեր հայրենակիցների, որոնք աշխատաշուկայում մրցունակ չեն կամ ինչ-ինչ պատճառներով աշխատանք չունեն, լուսանցք մղվելը: Պետությունն ակտիվ քաղաքականություն պետք է իրականացնի աշխատաշուկա նրանց մուտքն ապահովելու համար և պաշտպանի աշխատողների իրավունքները:
  • Երաշխավորել տարեցների բարեկեցիկ ծերությունը: Անթույլատրելի է, որ ողջ կյանքն արդար քրտինքով իր հացը վաստակած տարեց քաղաքացին հայտնվի աղքատության մեջ:
  • Ստեղծել առողջապահական ապահովագրության այնպիսի համակարգ, որ մեր որևէ հայրենակից զուրկ չլինի բուժում ստանալու հնարավորությունից: Որևէ մեկը չպետք է տառապի կամ մահանա, քանի որ դեղի կամ բժշկի փող չունի:
  • Արտագաղթը կանխելու նպատակով՝ ստեղծել հնարավորություններ, որ հայոց բանակում ծառայած, իր կյանքը հանուն անկախության ու ժողովրդի բարօրությանը վտանգած յուրաքանչյուր երիտասարդ կարողանա հոգալ իր բնակարանային ապահովվածության ու աշխատանքի կարիքները:
  • Օգնել ֆիզիկական և մտավոր սահմանափակումներ ունեցող անձանց դառնալու հասարակության լիարժեք անդամներ, ապահովել նրանց կրթություն ստանալու, աշխատելու, տեղաշարժի իրավունքի լիարժեք իրականացումը:
  • Նպաստել երիտասարդ ընտանիքների կայացմանը: Սոցիալ-տնտեսական, բնակարանային, ցածր զբաղվածության և այլ պատճառներով ուշ ամուսնություններն ու ցածր ծնելիությունը երկիրը կանգնեցրել են ժողովրդագրական աղետի եզրին:
  • Ստեղծել այնպիսի մեխանիզմ, որը կբացառի բնական ռեսուրսների գերշահագործումը, հյուծումը, նվազագույնի կհասցնի շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունը, կապահովի բնական ռեսուրսների համալիր կառավարումը և դրանից ստացվող եկամուտների բաշխումը հասարակության բոլոր անդամների միջև։
  • Բնական ռեսուրսները՝ հողը, ընդերքը, ջուրը, կենդանական ու բուսական աշխարհը, անտառը, բնական լանդշաֆտներն ու մթնոլորտային օդը, համաժողովրդական սեփականություն են։ Այս բնական կապիտալը ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների համար է։ Մինչդեռ դրանց անխնա ու չհամակարգված շահագործումը ոչ միայն բավարար չափով չի նպաստում քաղաքացիների բարեկեցության աճին, այլև խնդիրներ է հարուցում ներկայի և ապագայի առումով։
  • Ներդնել ջրային ռեսուրսների ավտոմատ կառավարման համակարգեր, ընդլայնել ամբարվող ռազմավարական ջրային պաշարները։
  • Վարել ակտիվ հայրենադարձման քաղաքականություն, նպաստել, որ հայրենիքից հեռացած մեր համաքաղաքացիները և սփյուռքահայերը վերադառնան իրենց երկիր՝ քանի դեռ նրանց սերունդները չեն ուծացվել ու չեն դադարել հայ լինելուց: Հայրենիքից հեռացածները և տարիներ ի վեր հայկական Սփյուռքում հանգրվանածները այլ երկրների տնտեսական, գիտական, մշակութային, մարզական էլիտայի մաս են: Հայրենադարձության բարենպաստ պայմաններ ստեղծելով՝ այդ ներուժն ու կարողությունը կծառայեն մեր բոլորի հայրենիքին:

ԲԻԶՆԵՍԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Եթե այսօր մեր գործարարներին հարցնես, թե պետական ինչ աջակցության կարիք ունեն, շատերը կպատասխանեն. «Թող չխանգարեն, դա կլինի ամենամեծ օգնությունը»: Նման իրավիճակն այլևս անընդունելի է: Պետությունը պետք է կանգնի գործարարի կողքին, աջակցի նրան, ապահովի մրցակցության արդար պայմաններ և գործարարությամբ զբաղվելու հստակ կանոններ: Պետությունը պետք է պատրաստ լինի մասնավորի հետ համագործակցաբար կիսել բիզնես ռիսկը, առաջնորդել այն բնագավառներում, որտեղ այդ ռիսկն ավելի մեծ է կամ որտեղ շահութաբերությունը ավելի ցածր է, կամ մասնավոր ֆինանսավորումը բացակայում է: Նույնիսկ ամենալիբերալ ու պահպանողական քաղաքական ուժերն ամբողջ աշխարհում աջակցում են իրենց երկրների ձեռնարկություններին: Մինչդեռ մենք մեր ձեռնարկություններին թողել ենք միայնակ համաշխարհային մրցակցության մեջ:

Մենք առաջարկում ենք.

  • Ստեղծել արդար պայմաններ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար: Հայաստանը որքան էլ բարձր տեղեր գրավի միջազգային վարկանիշային ցուցակներում, միևնույն է, դա չի նվազեցնում մեր ձեռնարկատերերի դժգոհությունները տնտեսվարման միջավայրից: Փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք ոչ միայն եկամուտ և աշխատանք են ապահովում, այլև հնարավորություն են ստեղծում ինքնադրսևորվելու ու արարելու, հաճախ խոշոր ընկերությունների զոհ են դառնում: Բանկերը, վարկային կազմակերպությունները, տնտեսական առաջընթացն ապահովելու փոխարեն, հաճախ նմանվում են վաշխառուների՝ անիրատեսական և ստրկացնող վարկավորման պայմաններով:
  • Առաջնային համարվող, ռազմավարական և սոցիալական նշանակություն ունեցող ձեռնարկությունների հետ, պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակներում, կիսել բիզնես ռիսկը և ապահովել մատչելի ֆինանսավորում: Պետությունը պետք է վերանայի տնտեսական հարցերում պասիվ դիտորդի իր կարգավիճակը: Անհրաժեշտ է առավել ակտիվորեն աջակցել այդ ձեռնարկություններին, նրանց հետ ստեղծել համատեղ ընկերություններ, տրամադրել վենչուրային ֆինանսավորում, փոխառություններ և այլ արտոնություններ:
  • Աջակցել հայրենական արտադրողին: Մեր շատ ձեռնարկություններ չեն դիմանում արտասահմանյան արտադրողների ու ներմուծողների հետ մրցակցությանը՝ վերջիններիս կողմից իրականացվող գնագցման ոչ ազնիվ քաղաքականության պատճառով: Հայ գյուղացին չի կարողանում վաճառել իր արդար քրտինքով աճեցրած բերքը, քանի որ օտար ապրանքով ողողված է մեր երկիրը: Պետությունը պետք է մտածի իր արտադրողի մասին:
  • Ուժեղացնել մենաշնորհների և անբարեխիղճ մրցակության դեմ պայքարը՝ խստացնելով մրցակցության համար պատիժների համակարգը և երաշխավորելով ազատ մուտքը շուկա:
  • Թեթևացնել տեսչական բեռը, գիտակցել, որ տեսչական ստուգումները պետք է ուղղված լինեն միայն անբարեխիղճ տնտեսվարողների դեմ և չպետք է մահակ դառնան բարեխիղճ ձեռնարկությունների գլխին:
  • Կրթական պետական պատվեր ձևավորելիս առաջնորդվել տնտեսության արդի և հեռանկարային կարիքներով: Բիզնեսը, գիտական ու կրթական համակարգերը պետք է սերտորեն համագործակցեն:
  • Վերանայել բնական մենաշնորհների կողմից տրամադրվող ծառայությունների գները: Այժմ կիրառվող գներն իրատեսական ու մատչելի չեն շատ ձեռնարկատերերի համար, փոխարենը՝ բնական մոնոպոլիաներին գերշահույթ են ապահովում:

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Պետական կառավարման համակարգն ունի արմատական բարեփոխումների կարիք: Հանրային ծառայությունը (ներառյալ քաղաքացիական ու համայնքային ծառայությունը) պատիվ է, որին պետք է արժանանան միայն բարձր մասնագիտական ու մարդկային որակների տեր անձիք: Պետական չինովնիկը, ով կոչված է ծառայելու քաղաքացուն, երբեք չպետք է իրավունք ունենա քաղաքացու հետո խոսել վերևից, ամբարտավան տիրոջ կեցվածքով: Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է անձնական պատասխանատվություն կրի իր արածի ու չարածի համար և երբեք փորձ չանի իր պաշտոնական դիրքն օգտագործել անձնական շահի նպատակով: Որևէ պարագայում պետք է բացառվի շահերի բախումը: Միայն այս դեպքում հանրային ծառայությունը, որը պետք է արժանապատիվ վարձատրվի, հրապուրիչ կլինի նվիրված ու բանիմաց կադրերի համար:

Մենք առաջարկում ենք.

  • Ապահովել պետական մարմինների գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունը: Պատասխանատվությունը պետք է լինի հասցեական ու անձնավորված: Պետական կառավարման յուրաքանչյուր մարմնի համար պետք է սահմանվեն արդյունավետության գնահատման առանցքային ցուցանիշներ: Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է իմանա, թե որոնք են իր իրավունքներն ու պարտականությունները և ինչի համար է պատասխանատվություն կրելու:
  • Ներդնել հանրային ծառայողների ու նրանց ընտանիքների արժանավայել կենսամակարդակ երաշխավորող վարձատրության համակարգ: Վարձատրությունը պետք է բավարար լինի, որպեսզի հանրային ծառայողը չփորձի եկամտի այլ աղբյուրներ փնտրել՝ հաճախ չարաշահելով իր պաշտոնական դիրքը: Ընդլայնել հանրային ծառայության սոցիալական փաթեթից օգտվողների շրջանակը՝ ներառելով առողջապահության, մշակույթի, կրթության և գիտության ոլորտի բոլոր աշխատակիցներին:
  • Վարել արհեստավարժության և հանրային վստահության չափանիշներին համապատասխանող կադրային քաղաքականություն՝ շարունակաբար ներգրավելով երիտասարդներին պետության կառավարման գործում:
  • Գործադրել շահերի բախման հնարավոր դեպքերը բացահայտելու ու կանխելու, անօրինական գործունեության համար անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու, բիզնեսն ու քաղաքական, վարչական իշխանությունը տարանջատելու ամբողջական համակարգ:
  • Ընդիմության և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմին: Այն պետք է զբաղվի կոռուպցիայի աղաղակող և հանրության ուշադրության կենտրոնում գտնվող դեպքերով, այլ ոչ թե աշխատանքի պատրանք ստեղծի:

ԱՐՑԱԽ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք ձգտում ենք գոյատևել որպես ազգ, կերտել Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստան, ուստի հզոր, մեր անվտանգությունը երաշխավորող պետություն կառուցելուն այլընտրանք չկա: Մեր անկախ պետականության վերակերտումը սկսվեց արցախյան գոյամարտով, նրա գոյությունը պայմանավորված է արցախյան ճակատում մեր հաղթանակով: Հստակ պետք է գիտակցել, որ չկա առանձին Արցախի հարց: Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է: Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ: Արցախի անկախությունը մեզ համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է:

Մենք ինքներս պետք է ապահովենք մեր երկրի անվտանգությունը՝ քաջ գիտակցելով, որ միայն պատերազմին պատրաստ լինելն է կանխում պատերազմի վտանգը: Այս հարցում միակողմանի զիջումների մասին հայտարարությունները միայն մոտեցնում և ավելի իրական են դարձնում պատերազմի սպառնալիքը:

Հայրենիքի պաշտպանությունը մեր բոլորիս սրբազան պարտականությունն է՝ անկախ մեր քաղաքական հայացքներից, սոցիալական կարգավիճակից, եկամտի մեծությունից: Բանակը պետք է գտնվի բոլորիս հոգածության կենտրոնում: Մենք պետք է դասեր քաղենք ապրիլյան պատերազմից:

Հայաստանը պետք է վարի անկախ արտաքին քաղաքականություն՝ հիմնված բացառապես ազգային շահի և պետության հեռանկարային ռազմավարական զարգացման տեսլականի վրա: Մենք ամերիկամետ, ռուսամետ, եվրոպամետ չենք, մենք հայամետ և հայաստանակենտրոն ենք: Արտաքին քաղաքականության վեկտորն ընտրելիս պետք է առաջնորդվենք բացառապես մեր ազգային շահով: Մեր կազմած դաշինքները պետք է լինեն ոչ թե ընդդեմ որևէ կողմի, այլ բացառապես հանուն մեր նպատակների իրականացման:

Մենք առաջարկում ենք.

  • Ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական համագործակցությունը, տնտեսական, ֆինանսական, սոցիալական, մշակութային, կրթական համարկումը:
  • Ջանքեր գործադրել Արցախն իր ապագային վերաբերվող բանակցություններում որպես լիիրավ կողմ ներգրավելու համար:
  • Ազգ-բանակ հայեցակարգի տրամաբանությամբ զարկ տալ հայրենական գիտական և տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծմանը: Հակառակորդն ունի նավթային դոլարներ, մենք ունենք տաղանդավոր գիտնականներ, գյուտարարներ, ինժեներներ:
  • Խրախուսել պրոֆեսիոնալ-կամավոր զինվորական ծառայության շրջանակի ընդլայնումը: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված երիտասարդ զինվորի կողքին միշտ պետք է կանգնած լինի պրոֆեսիոնալ զինվորականը:
  • Սպաների ու պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը համապատասխանեցնել արժանավայել ապրուստի պահանջներին: Սպան ու զինվորը, ովքեր ամեն օր իրենց կյանքը վտանգի են ենթարկում, չպետք է նյութական նեղություն զգան:
  • ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի անքակտելի մաս դարձնել Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցերը, բացառել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը թուլացնող որևէ գործողություն: Ձևավորել անհրաժեշտ դիմակայություն ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական ծրագրերի: Չեղարկել մեր ազգային շահերին հակասող հայ-թուրքական արձանագրությունները:
  • Վրաստանի հետ հարաբերությունները կառուցել բարեկամության ու ազգային շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա: Բարիդրացիական հարաբերություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ջավախահայության և ընդհանրապես վիրահայության իրավունքների լիարժեք իրականացման վրա:
  • ՀՀ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդող սկզբունք համարել այն, որ Հայոց պետականությունը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև համայն հայության ազգային նպատակների իրականացման երաշխավորն է: Ըստ այդմ՝ ամեն ինչ անել սփյուռքահայությանը հայոց պետականության գործընթացում լիարժեք ներգրավելու համար: Գործադրել Հանրապետության և հայության տարբեր հատվածների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, համազգային ներուժի բացահայտման և օգտագործման ամբողջական ռազմավարություն:

* * *

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք հավատում ենք, որ նոր սկիզբ ենք դրել: Մենք լավատես ենք:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կազմակերպված է, ունի կամք և վճռականություն՝ առաջնորդելու մեր ժողովրդի երթը դեպի Ազատ, Արդար և Բարեկեցիկ հասարակություն: Մենք հավատում ենք Արդար երկրի և Ազատ քաղաքացու ստեղծագործ ներուժին: Սա է Հզոր Հայաստան կերտելու, հպարտ քաղաքացի ունենալու գրավականը: Մենք վճռական ենք: Մեզ անհրաժեշտ է Ձեր քվեն ու վստահությունը:

Վստահե´ք Դաշնակցությանը, ապրիլի 2-ին քվեարկե´ք Դաշնակցության օգտին, և մենք արդար, զարգացող, ուժեղ Հայաստան կունենանք:

1