Հոլանդահայերը Հաագայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց ցույց են անցկացրել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » Հոլանդահայերը Հաագայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց ցույց են անցկացրել

Հոլանդահայերը Հաագայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց ցույց են անցկացրել

Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները՝ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան և Հոլանդիայի Հայ դատի հանձնախումբը, հզոր ցույց են կազմակերպել Հաագայում` Ադրբեջանի դեսպանության առջև, հիշատակելով 1988 թվականի Սումգայիթի և ադրբեջանական այլ քաղաքներում իրականացված ջարդերի զոհերին։

Ինչպես տեղեկացրեցին Հոլանդահայ համագործակցող կազմակերպություններից, արդեն ավանդույթ դարձած այս ցույցը փետրվարի 27-ին կրկին անցկացվել է և չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին` բազում հայորդիներ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ բողոքի հզոր ալիք են բարձրացրել։

Նիդերլանդների արտգործնախարարությունում Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունների պատվիրակությանն ընդունել է նախարարության Եվրոպայի երկրների բաժնի փոխտնօրեն՝ Ադրիան Պալմը։ Պատվիրակությունը նրան է հանձնել Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունների նամակն ուղղված Նիդերլանդների արտգործնախարար Կունդերսին։

Հանդիպմանը բովանդակալից զրույց է տեղի ունեցել, որի ընթացքում բազմաթիվ կարևոր հարցեր են քննարկվել, և հոլանդահայերն իրենց մտահոգությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, որտեղ հակամարտությունը նորից բռնկվել է։

Նամակում նշված է, որ Նիդերլանդների կառավարությունը պետք է իր ներդրումն ունենա պատերազմը կանխելու գործում և պետք է ջանք չխնայի, սեփական կամ ԵՄ մակարդակով հակամարտության քաղաքական և խաղաղ լուծման հասնելու համար: Մասնավորապես շեշտվել է այն հանգամանքը, որ Նիդերլանդների կառավարությունը ամեն ջանք պետք է ներդնի արդի իրավիճակի արդարացի գնահատման համար, որովհետև խաղաղ հանգուցալուծման ամեն մի փորձ կապված է հրադադարի հետ, որն այսօր Ադրբեջանը խախտում է, բայց որի գնահատականը միջազգային հասարակությունը դեռ չի տալիս: Նամակում շեշտված է, որ պետք է հրապարակայնորեն դատապարտել (շարունակել դատապարտել) ադրբեջանական ագրեսիան և բացահայտ ռասիզմի դրսևորումները Հայաստանի և հայ ժողովրդի դեմ: Նիդերլանդացի դիվանագետը խոսել է իր երկրի, այս հարցում քաղաքականություն վարելու սահմանափակումների մասին, միաժամանակ հույս հայտնել, որ հնարավորը կարվի ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցելու համար։ Պատվիրակությունը նաև հարց է բարձրացրել բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Նիդերլանդների դիրքորոշման մասին։

Նշվել է նաև, որ վերջերս Ադրբեջանը պահանջել է եվրոպական խորհրդարանի երեք պատգամավորի արտահանձնումը։ Ինչ դիրքորոշում կունենա Նիդերլանդները, եթե Ադրբեջանը պահանջի արտահանձնել հոլանդացիներին։

Հոլանդահայության ցույցը սկսվել է «Խաղաղության պալատի» մոտակայքից։ Հզոր վանկարկումներով ցուցարարներն անցել են Հաագայի փողոցներով հասել Ադրբեջանի դեսպանություն, որտեղ կոչերն ավելի են ուժգնացել։ Ուժեղ անձրևը և քամին ոչ մի պահ չեն խանգարել, որ մոտավորապես մեկ ժամ հանրահավաքը շարունակվի։

Հոլանդահայությունը ևս մեկ անգամ ապացուցել է, որ չնայած հայրենիքից հեռու է հազարավոր կիլոմետրերով` կանգնած է հայրենիքը պաշտպանող իր զինվորի կողքին։

armenpress.am

1