Փետրվարի 20՝ Արցախի վերածննդի օր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Փետրվարի 20՝ Արցախի վերածննդի օր

Փետրվարի 20՝ Արցախի վերածննդի օր

Ինչքան հեռանում ես բարձրաբերձ լեռան ստորոտից՝ այնքան ավելի հստակ է ուրվագծվում նրա վեհությունը։ Այդ մասին դեռ տասնամյակներ առաջ ինձ ասել էր լուսահոգի, անմոռաց բարեկամս՝ գեղանկարիչ Ռուբեն Գաբրիելյանը՝ օրինակ բերելով Հայոց Սուրբ Լեռը՝ Արարատը։  Անվանի արվեստագետի  այդ դիտարկումը,  անշուշտ, վերաբերում է ոչ միայն բնության երևույթներին։ Այն հատկանշական է նաև մարդկային կեցության  նշանակալի իրողություններին՝ ժողովրդի, ազգի, հասարակության  կյանքում վճռորոշ, բեկումնային դերակատարություն ունեցած պատմական անցքերին։ Ժամանակի հեռավորությունը երբեք ի զորու չէ մարդկային հիշողության մեջ խունացնելու դրանց դիմագիծը։ Ընդհակառակըˋ նույն այդ հարափոփոխ ժամանակի հոլովույթին համընթացˋ ավելի ու ավելի է ընդգծվում, արժևորվում հեռու կամ մոտ անցյալում տեղի ունեցածի պատմական նշանակությունը  հանրության կյանքում։

Հայ ժողովրդի նորագույն պատմության այդ նշանակալի պատմական իրողություններից է Ղարաբաղյան շարժումը։ Այն, հիրավի, դարձավ արցախահայության և, նրա միջոցով, համայն հայության դարավոր ազգային-ազատագրական պայքարի զորավոր խթանըˋ հաստատուն ելակետ հանդիսանալով քսաներորդ դարավերջի հայոց համազգային վերազարթոնքի համար։

Ղարաբաղյան շարժումը համազգային խնդիրների շուրջ աշխարհասփյուռ հայ ժողովրդի վերամիավորման ու համախմբման հզոր կոչնակ էր, որի ղողանջները սփռվեցին ամենուրեք՝ Մայր հայրենիքում, հայոց սփյուռքի բոլոր գաղթօջախներում։

Ղարաբաղյան շարժումը, ըստ էության, համախոհ գաղափարակիրների զուտ հայկական համաձուլվածք էրˋ անկախ ամեն մի հայի կեցության վայրից, քաղաքական և այլ կողմնորոշումներից։

Ղարաբաղյան շարժումը հայոց համազգային ոգու պոռթկումն էր, միասնական կամքի միաձուլման քուրան, ազգի ապահով ու բարգավաճ ապագան կերտելու հավաքական վճռականությունը։

Ղարաբաղյան շարժումը հունական առասպելաբանությունից մարդկությանը քաջ հայտնի Անթեյի՝ վերապրումի կոչող այն կենարար կրակն էր, որ դարեր ի վեր բորբոք մնաց հայ ժողովրդի բոլոր սերունդների հոգում ու սրտումˋ խորհրդանշելով կորուսյալ ազգային պետականության վերականգնման,  մեր նախնյաց ժառանգած բնօրրանում  ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի վերակերտման մեր նվիրական իղձն ու երազանքը։

Ղարաբաղյան շարժումը Հայաստանի Առաջին Հանրապետության արժանավոր ժառանգն էր, անցած դարասկզբի ծայր աստիճան խառնակ ու ողբերգական, անբարեհույս  ժամանակներում այն կերտած մեր հերոսական նախնյաց ի պարծանք՝ առավել առնական ու իմաստնալի, ազգովի առավել միակամ ու համախումբ։

Ղարաբաղյան շարժումը նույն դարասկզբին Արցախ աշխարհում ծայր առած և հետագա տասնամյակներում երբեք չմարած ազատագրական պայքարի տրամաբանական շարունակությունն էր։

Ղարաբաղյան շարժումը քսաներորդ դարավերջի հայոց ազգային խիզախումի Սարդարապատն էր՝  լինել-չլինելու պատմական երկընտրանքում մեր վերջնական վճիռը,  կենաց ու մահվան մեր հաղթական կռիվը, արդի փոթորկահույզ աշխարհում մեր իններորդ ալիքը։

Անկախ նրանից, թե Ղարաբաղյան շարժման առաջին զանգվածային դրսևորումները՝ հանրահավաքները, ցույցերն ու երթերը հատկապես երբ և որտեղ կայացան, Շարժման կիզակետը  հանդիսացավ ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզային խորհրդի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանը, որն ընդունեց պատմական որոշում՝ մարզն Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու հարցում Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդների առջև միջնորդություն ներկայացնելու մասին։ Այդ հիրավի պատմական որոշումն ընդունվեց Մոսկվայի կենտրոնական և Բաքվի հանրապետական իշխանությունների ընդգծված կոշտ ու կոպիտ արգելանքի պայմաններում, երբ ամենայն գնով, խտրություն չդնելով միջոցների միջև,  փորձ էր արվում տապալել  նստաշրջանը։ Միանգամայն տրամաբանական է, որ հետագայում, հիմք ընդունելով հատկապես այդ՝ պատմականորեն ելակետային իրադարձությունը,  հենց փետրվարի 20-ն էլ օրենսդրորեն ամրագրվեց որպես Արցախի վերածննդի օր, որն ահա տասնամյակներ ի վեր նշվում է որպես համապետական, նաև համազգային տոն։

Դարեր ի վեր Արցախը կարողացել է պահպանել իր ինքնուրույնությունը, և միայն 20-րդ դարասկզբի աշխարհաքաղաքական վերադասավորումների պատճառով է, որ հայտնվել է օտարների հյուսած սարդոստայնում: Խոսքս վերաբերում է Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի տխրահռչակ, ընդ որում՝ որևէ իրավական հիմք չունեցող, ուստի և ապօրինի որոշմանը, որի պարտադրանքով Լեռնային Ղարաբաղն ակամա հայտնվել և յոթ տասնամյակ շարունակ մնացել է ԱդրԽՍՀ կազմում։ Այդ ժամանակահատվածում արցախահայության հանդեպ խորհրդային Ադրբեջանի հետևողականորեն ձեռնարկած բռնությունները միտված էին մեն մի նպատակի. քողարկված կամ բացահայտ ձևերով հասնել երկրամասի հայաթափմանը: Ուստի, բնականաբար, Ղարաբաղյան շարժումն անխուսափելի էր: Արտաքին բարենպաստ պայմանների դեպքում այն, գուցեև նույնպիսի հաջողությամբ, կարող էր պոռթկալ անցյալ դարի 30-40-ական թվականներին, 60-ական թվականների կեսերին, երբ հրապարակ եկավ  մարզի մտավորականության` հայտնի «13-ի նամակը»: Բայց այդ ժամանակներում անհնար էր ակնկալել կենտրոնական իշխանությունների հանդուրժողականությունը համաժողովրդական կամքի նկատմամբ։ Եվ միայն Գորբաչովի հռչակած «վերակառուցման» քաղաքականության համատեքստում էր, որ արցախցիները 1988թ. կրկին բարձրացրին ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու հարցը։ Ընդ որում, այն բարձրացվել էր զուտ ժողովրդավարական ճանապարհով՝ խաղաղ հանրահավաքների, երթերի, հանրագրերի, մամուլի հրապարակումների միջոցով։ Իսկ Ադրբեջանի կազմից Լեռնային Ղարաբաղի դուրս գալու մասին բուն որոշումն ընդունվել էր բացարձակապես իրավական ճանապարհով, ԽՍՀՄ և միջազգային համընդհանուր նորմերի շրջանակներում։

Անշուշտ, հետագայում որոշակի սրբագրումներ  կատարվեցին Հայաստանի հետ Արցախի վերամիավորման խնդրի իրացման ռազմավարության մեջ, որդեգրվեց անկախ պետականության ստեղծման ուղեգիծ,  ինչը կատարվել է քաղաքական հանգամանքների պարտադրանքով։ Բանն այն է, որ Մոսկվայում 1991թ. տեղի ունեցած օգոստոսյան խռովությունն արագացրել էր Խորհրդային Միության՝ որպես միասնական միութենական պետության փլուզումը։ Արդեն օգոստոսի 28-ին Ադրբեջանն իրեն հռչակեց 1918-20 թթ., այսպես կոչված, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ, ինչը փաստորեն նշանակում էր հրաժարում ԽՍՀՄ Սահմանադրությունից և միութենական պայմանագրից։ Դա նաև նշանակում էր, որ Ադրբեջանը կամավոր հրաժարվում է ԽՍՀՄ Սահմանադրության իրավական ուժով Լեռնային Ղարաբաղի հանդեպ պետական իշխանություն իրականացնելու իրավունքից։ Հիմք ընդունելով այդ իրողությունը՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչը համաժողովրդական հավանության արժանացավ նույն թվականի դեկտեմբերի 10-ինˋ հանրաքվեի միջոցով։

Բաքուն, սակայն,  գերադասեց առճակատման ուղին։ Խաղաղ հանրահավաքներին հակադարձվեց Ադրբեջանի պետականակիր ժողովուրդներից մեկի՝ հայ ազգաբնակչության նկատմամբ միջնադարյան մոլեռանդությամբ իրականցված ցեղասպանական ոճրագործությունների շարքը` Սումգայիթում, Բաքվում,  այլ հայաշատ բնակավայրերում։ Շարժման առաջին տարիներին Ադրբեջանը, Մոսկվայի իշխանությունների թողտվությամբ և զինական աջակցությամբ փորձեց պետական մակարդակով էթնիկ զտումներ իրականացնել և վերջնականապես հայաթափել Արցախը («Օղակ» ռազմագործողություն)։ 1991-94 թթ. Արցախի Պաշտպանության բանակը, համալրված լինելով Հայաստանից և հայկական սփյուռքից կամավորագրված հայրենանվեր հայորդիներով,  հաջողությամբ կասեցրեց Ադրբեջանի զինված ագրեսիան և կարողացավ պաշտպանել հանրապետության բնակչության անվտանգությունը։ Մայր Հայաստանի և սփյուռքահայության նյութական և բարոյական աջակցությամբ հնարավորինս մեղմացվեց  առաջացած մարդասիրական ճգնաժամը։

Ղարաբաղյան շարժման գլխավոր հատկանիշներից մեկը, անշուշտ, նրա համաժողովրդական բնույթն էր: Քանզի ամբողջատիրական պետական համակարգում միայն այդ կերպ կարելի էր հասնել  ազգային շահերի ու ձգտումների իրականացմանը։

Եվ ապա՝ Ղարաբաղյան շարժումը միանշանակ  ինքնակազմակերպված էր ու  համակարգված։ Չունենալով  ընդօրինակման նախադեպ` մեր ժողովրդին հաջողվեց բոլոր քայլերը կատարել օրինականության ու ողջախոհության շրջանակներում` այդ պահին գործող օրենսդրության և միջազգային իրավունքի ու նորմերի պահպանմամբ:

Այնուհետև Ղարաբաղյան շարժումը, ճշգրիտ և ամուր հիմքեր է ստեղծել հետագա բոլոր ձեռքբերումների համար: Այն հասունացել և աստիճանաբար վերակազմավորվել է որպես ինքնիշխան պետականություն, ինչը թույլ է տվել ամենադժվարին պայմաններում կառավարման արդյունավետ ու ճկուն համակարգի միջոցով ժողովրդի համար կենսական ու սկզբունքային հիմնախնդիրների լուծումներ գտնել։ Այդ շնորհիվ հաջողվել է անհամեմատ կարճ ժամանակահատվածում և նվազագույն ցնցումներով, ընդ որում` հենվելով բացառապես ժողովրդի կամքի ազատ արտահայտման վրա, ձևավորել իշխանության լիարժեք ինստիտուտներ և մշտապես կատարելագործել դրանք: Արդեն 1991թ. դեկտեմբերին պետական իշխանության բարձրագույն մարմնի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի և վերջինիս հաշվետու` կառավարության, հետագայում, պատերազմական իրավիճակի հրամայականով թելադրված` Պաշտպանության պետական կոմիտեի ձևավորումն Արցախի անկախ պետականության կայացման դրսևորումներն էին: Հանրային և պետական կառավարման մարմինների գործունեության բնականոն զարգացումները, իրավաքաղաքական հանգամանքների կայուն դինամիկան արդեն 1994թ. հանգեցրին իշխանության թևերի տարանջատմանը, ինչը վերջնականորեն ամրագրվեց 2006թ. դեկտեմբերի 10-ին ընդունված առաջին Սահմանադրությամբ, ապա և նոր, բարեփոխված Սահմանադրությամբ, որ դարձյալ համաժողովրդական քվեարկությամբ հավանության արժանացավ վերջերս՝ Արցախի վերածննդի 29-րդ տարեդարձի տոնական օրը՝ փետրվարի 20-ին։

Խոսքս ավարտեմ հարցով. այնուամենայնիվ, ո՞րն է, առհասարակ, Ղարաբաղյան շարժման և առանձնապես նրա կիզակետի՝ փետրվարի 20-ի խորհուրդը։ Հնարավոր է՝ հռետորական հնչեց հարցս։ Քանզի շոշափելիության աստիճան առավել քան իրական և իրատեսական է յուրաքանչյուր արցախցու և, ընդհանուր առմամբ, ցանկացած գիտակից հայի աներկբա պատասխանը. Արցախի հայեցի գոյատևման ու հարատևման մեջ, Հայոց ազատ ու անկախ, միացյալ պետականության վերականգնման, կայացման, հզորացման, մեր այդ համազգային գերխնդրին ուղղված համայն հայ ժողովրդի միասնական ջանքերի ու համախումբ վճռականության մեջ։

Միքայել Հաջյան

1