Հիշողությունների էջերից
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հիշողությունների էջերից

Հիշողությունների էջերից

Ամեն գարնան հետ թարմանում է իմ գարնանային հիշողությունը 1988 թ. մարտի 10-ի ճամփորդությունից՝ Գորիսի ինստիտուտի երեք ուսանողների հետ: Բայց այս անգամ կարծես գարունն իմ հոգում ավելի շուտ եկավ՝ դեռ աշնան սկզբին: Կարծես պատահական զուգադիպությամբ ձեռքս ընկավ Լևոն Ադյանի «Հեռացող եզերք» վեպը Սումգայիթում և Բաքվում հայերի կոտորածների, նաև՝ այդ ահավոր դժոխքից կենդանի մնացածների սարսափելի պատմությունների մասին:

… Նորից արթնացան հիշողություններս…

… Արցախյան գոյապայքարն սկսված էր, մարդիկ լարված ու խառը ժամանակներ էին ապրում, ամենուր վախ էր ու անորոշություն: Ոչ մեկը չէր իմանում, թե ինչ է լինելու վերջը, ինչքան է տևելու, ինչ ենք ունենալու արդյունքում, ինչ ենք կորցնելու… Բայց, որ կորցնելու ենք մեզնից շատերին, արդեն իսկ պարզ էր…

1988-ի փետրվարի 26-29-ը Սումգայիթում անմարդկային ձևով, իրենց իսկ հատուկ ձեռագրով ազերիները կոտորեցին քաղաքի հայ բնակչությանը, հոշոտեցին վայրի գազանների պես, մորթեցին, սպանեցին: Տխրություն էր տիրում բոլորիս հոգիներում, ամենուր անորոշ վիճակ էր: Արցախ-Հայաստան ճանապարհը դարձել էր վտանգավոր: Ազերիները քարկոծում էին անցնող հայկական մեքենաները: Հայաստան հասնելու միակ ճանապարհը Գանձակով էր, որը հետագայում նույնպես մեկընդմիշտ փակվեց: Տեղաշարժվելը վտանգավոր էր դարձել, մանավանդ՝ վատ վիճակ էր ստեղծվել Արցախում սովորող Հայաստանի ուսանողների և Հայաստանում սովորող Արցախի տարբեր շրջաններից եկած ուսանողների համար:

Մարտի սկզբին Գորիսի մանկավարժական ինստիտուտից երեք ուսանողներ եկել էին հայրենի Արցախ, որ Կանանց տոնի հետ կապված ազատ օրերն անցկացնեն հարազատների հետ, նաև շնորհավորեն իրենց մայրերին, քույրերին, տատիկներին: Բայց չստացվեց… Նրանք այդպես էլ չկարողացան գնալ իրենց շրջանները և տեսնել հարազատներին: Ճանապարհները փակ էին, վտանգավոր, ամեն րոպե թշնամու կողմից վայրագ անակնկալներով լի: Հարկավոր էր հետ վերադառնալ, գոնե շարունակել դասերին ներկայանալ: Երկու օր մնացին Ստեփանակերտի ուսանողական հանրակացարանում՝ մինչև վերադառնալու հարմար տարբերակ լինի: Ստեփանակերտում սովորող ուսանողներս էլ նույն կերպ չկարողացանք գնալ Հայաստանի մեր շրջանները՝ ճանապարհի վտանգավորության պատճառով: Հենց այդ օրերին էր, որ շտապ Գորիս գնալու խնդիր առաջացավ նաև ինձ համար: Ռուսաստանի հեռավոր ծայրում ծառայող եղբայրս 10-օրյա արձակուրդ էր եկել, և ես չէի կարող եղբորս տեսնելու հնարավորությունը բաց թողնել՝ ծառայության ավարտին՝ մեկ տարի հետո տեսնելու հույսով: Մանավանդ պարզ չէր, թե ինչ է լինելու մեր վերջը:

Որոշել էինք տաքսիով Ստեփանակերտից Գորիս հասնել ազերի վայրի գազանների միջով: Գազան, որն ամենասարսափելի, դժոխային արարքներով ցեղասպանել է ժողովրդիս մի հատվածին իրենց իսկ տներում, իրենց իսկ կառուցած ու զարգացրած քաղաքում: Մտածում էինք՝ միգուցե չքարկոծեն և մեզ հաջողվի բարեհաջող տեղ հասնել: Բայց «միգուցե»-ով համարձակության դիմելը կտրուկ քայլ էր մեր կողմից՝ իմանալով, որ ընդամենը 10 օր է անցել Սումգայիթի գազանություններից:

… Երբ հասանք Բերձոր (նախկինում՝ Լաչին), ազերի ոստիկանները կանգնեցրին մեքենան և մեզ ուղեկցեցին ոստիկանական բաժանմունք: Մի քանի ժամ պահեցին այնտեղ: Մտնում-դուրս էին գալիս, հավաքվում-խորհրդակցում էին, բայց կարծես իրենք էլ չէին կողմնորոշվում, թե ինչպես վարվեն մեզ հետ: Իսկ մենք չէինք հասկանում իրենց լեզուն (բացառությամբ՝ հատուկենտ բառերի), և փորձում էինք նրանց հայացքներից գուշակել, թե ինչ է սպասվում մեզ: Տաքսու վարորդը որոշ չափով գիտեր նրանց լեզուն: Նրան ներս կանչեցին: Եկավ և ասաց, որ իրեն թույլ չեն տալիս շարունակել ճանապարհը: Ստիպված մեզ պետք է հետ վերադարձնի Ստեփանակերտ (պարզ էր, որ մեզ սպանելու տարբերակը բացառվեց): Մենք չհամաձայնեցինք վարորդի հետ: Հորդորեցինք նրան՝ առանց մեզ վերադառնալ, իսկ մենք ոտքով շարունակեցինք ճանապարհը:

Փորձում էինք, որքան հնարավոր է, աննկատ մնալ ազերիների աչքից: Ճանապարհով գնալը վտանգավոր էր: Կարճ ճանապարհով իջանք Աղավնո գետի ափը, որ անցնենք գետով և ուղիղ վերելքով բարձրանանք լեռան գագաթն ու շարունակենք ճանապարհը դեպի Գորիսի շրջան:

… Ձմեռային հալոցքից գետն ավելի էր վարարել, ջուրն էլ՝ շատանալուց պղտորվել: Սակայն մտածելու ժամանակ չկար: Մոտակա գյուղից կարծես նկատել էին մեզ, և իրար կանչելով տեղեկացնում էին: Հեռվից լսվող ձայներով, համենայնդեպս, այդպես էինք ենթադրում: Էլ ինչ մտածել, հարկավոր էր գործել: Սկսեցինք արագ հանել կոշիկները: Երկարաճիտ կոշիկներս ձեռքիս, նույն ձեռքով ափիս մեջ հավաքած վերարկուիս փեշերը, փոքրիկ պայուսակս ուսիս՝ ընդամենը մի քանի վայրկյան նայեցի ջրերին, մինչ մյուսները մտնում էին ջուրը, և այնպես թվաց, որ ինքնակամ դժոխքի դուռն ենք գնում: Մտածեցի պահի մասին, որ կարող է վերջինը լինել մեր կյանքում: Այդ խառն ու շտապողական վիճակում վերջին տղան, ում ձեռքից բռնած պիտի անցնեի գետը, կռահեց իմ մտածումները և հասցրեց ասել. «Ինչ էլ լինի, ես ձեռքիցդ բաց չեմ թողնելու, հանգիստ եղի՛ր»:

Բարեհաջող անցանք հորդառատ գետը, ափին արագ հագանք կոշիկները և համարյա վազելով, առանց իրարից կտրվելու շարունակեցինք բարձրանալ զառիվերով: Ճանապարհի ոլորանները ձգվում էին մինչև լեռան գագաթը, բայց մենք չէինք կարող ճանապարհով գնալ, ու մի կերպ հաղթահարում էինք կտրուկ վերելքը: Վերջին արգելքն էր: Թեթևացած շունչ քաշեցինք՝ հույսով, որ մի փոքր կհանգստանանք ու կշարունակենք մեր ճանապարհը հարթ տարածքով: Իսկ մեր դիմաց արդեն ՀՀ սահմանային Տեղ գյուղի դաշտերն էին:

Չհասցրինք ոտք դնել հարթ ճանապարհին, երբ տեսանք մեր առջև տնկված ազերի ոստիկաններին՝ նույն մեքենայով, որով մեզ ուղեկցել էին ոստիկանական բաժանմունք: Ստացվում է՝ նրանք հետևել են մեր ամբողջ ընթացքին՝ միգուցե հուսով, որ գետի ալիքներին զոհ կդառնանք, մեզնից առաջ հասել են սահմանային գոտի ու սպասել մեզ: Նրանք հեռակապով կապվեցին շրջանի բաժնի հետ և հաղորդեցին, որ բռնել են մեզ՝ 4 ուսանողներիս, և՝ որ մեզ մոտ ունենք կաշվե պայուսակ (дипломат), որն իբր իրենց կասկածելի է թվում: Հրահանգ ստացան՝ մեզ հետ վերադարձնել Լաչին և այնտեղ վճռել հարցը:

… Հետո եմ հասկացել, թե ինչ վտանգներով է լեցուն եղել այդ օրը: Որ կարող էին ուղղակի ոչնչացնել մեզ, ինչպես ոչնչացրին Սումգայիթի հայ բնակչությանը: Ոչ ոք չէր էլ իմանա, թե ինչ եղանք մենք, որ որոշել էինք հասնել մեր տուն և դասերին: Իսկ այն ժամանակ տաքարյուն ուսանողի գլխով՝ մտքովս անգամ չէր անցնում, թե ինչ կարող էր լինել:

Ազերիները վերցրել էին մեր անձնագրերը և պահանջում էին նստել իրենց մեքենան ու հետ վերադառնալ Լաչին: Դա ինձ մոտ ծիծաղ առաջացնող մի տխմարություն թվաց: Եվ բարկացած պոռթկացի. «Ո՞նց, ուզում եք ասել, որ ես ոտքով հասնեմ իմ հողը ու դուք ինձ վերադարձնե՞ք: Դա չլինելու բան է: Անձնագիրն էլ պետք չէ, ես գնացի»: Ու ոտքով շարունակեցի ճանապարհս դեպի տուն, հարազատներիս մոտ: Իսկ մինչ այդ հասցրել էի տղաներին ասել, որ օրենքով նրանք իրավունք չունեն մատով իսկ դիպչել ինձ՝ «Ես կգնամ, իսկ ձեզ ստիպված բաց կթողնեն»:

Հետո էր, որ ամեն հիշելուց զարմանքից ժպտում էի. «Ինչպե՞ս թե՝ իրավունք չունեն կնոջը մատով իսկ դիպչել: Թուրքի համար ի՞նչ օրենք: Սումգայիթում ինչե՜ր չարեց»: Բայց այն ժամանակ իմ խրոխտ պահվածքն օգնեց: Անցա 100-200 մետր՝ չիմանալով ինչ են խոսում, ինչ է կատարվում: Հետ էլ չէի նայում:

Չգիտեմ՝ խի՞ղճը տանջեց նրանց, թե՞ ինչ պատճառով, բայց անձնագրերը վերադարձրին տղաներին և միասին եկան իմ հետևից: Ուզում էին, որ նստենք մեքենան, մի քիչ էլ մոտեցնեն գյուղին, հետո մենք ոտքով գնանք: Համոզում էին, որ իբր իրենք թալիշներ են, դրա համար չեն ուզում մեզ համար վատ լինի: Իսկ մենք զգուշանում էինք՝ միգուցե սո՞ւտ են ասում:

… Հին շտապօգնության մեքենա էր՝ ներսը ձևափոխած, հեռակապի սարքավորումներ տեղադրած: Մինչ մեքենան նստելը փոքր-ինչ խորհրդակցեցինք: Տղաներից մեկի մոտ դանակ կար: Որոշեցինք, որ նա նստի վարորդի մոտ, իսկ մենք հետևի մասում՝ սարքավորումների մոտ: Եթե հանկարծ վարորդն ուզենա հետ շրջել մեքենան, մեր ընկերը դանակով կխփի նրան, իսկ մենք կբացենք մեքենայի հետևի դուռը և կգլորվենք գետնին: Մի տեսակ կարծես կինո լինի, իսկ այն ժամանակ իրական էր, քան ավելին: Մեքենայով մի քանի հարյուր մետր էլ բերեց ազերին ու հետ վերադարձավ՝ այս անգամ արդեն վտանգ տեսնելով սահմանին մոտ իր գտնվելու համար:

Երբ վազելով հասանք Գորիսից գյուղ եկած ավտոբուսին, ժողովուրդը զարմացած մեզ էր նայում.

-Որտեղի՞ց եք գալիս:

-Ստեփանակերտից:

-Ինչպե՞ս, ինչո՞վ:

-Ոտքով:

Մարդիկ զարմացած էին.

-Թուրքերի միջո՞վ… ուղղակի անհավատալի է…

…Տարիներ են անցել՝ երկար ու ձիգ տարիներ: Չգիտեմ ինչ եղան այդ տղաները, որոնց հետ անցա կյանքի ու մահվան մի ճանապարհ, ապրեցի մի այնպիսի օր, որտեղից նոր կյանք է սկսվում: Կյանք, որ կարող էր չլինել դրանից հետո…Ի՞նչ եղան նրանք: Մասնակցեցի՞ն Գոյապայքարին: Ո՞ղջ մնացին: Ի՞նչ են անում հիմա…

2016 թ. սեպտեմբերի 2…

Ճանապարհը ձգվում է դեպի Գորիս՝ այսքան տարիների ընթացքում որերորդ անգամ արթնացնելով հուշեր, դառը հուշեր, բայց այս անգամ նաև պայծառ լույս բերելով իր հետ: Հանդիպումը նույն ինստիտուտի (ներկայումս՝ համալսարան) աշխատակիցների հետ մի նպատակ ուներ. արխիվի միջոցով գտնել այդ երեք ուսանողներից գոնե մեկին և իմանալ, որ բոլորի հետ ամեն ինչ լավ է: Երևի տարօրինակ թվաց իմ այցը: Դժվար էր բացատրել, թե ինչ նշանակություն ունի դա ինձ համար, ինչպես բացատրել, որ այն օրը կարող էր վերջինը լինել մեզ համար, բայց այնտեղից սկսվեց նոր կյանք և այդ կյանքի մեջ շարունակեցին իրենց կյանքը կառուցել երբեմնի չորս ուսանողները:

… Պրպտումներս արդյունք չտվեցին: Արխիվի աշխատողը գործուղման մեջ էր, և ես վերադարձա իմ առօրյա կյանքին: Սակայն մտովի չհրաժարվեցի նրանց գտնելու ցանկությունից: Ավելին, այդ ցանկությունը ձեռք-ձեռքի, գետի միջով անցնող ուսանողների կերպարով ավելի ամուր նստեց հիշողությանս թևերին, որ շրջի ամենուր և գտնի նրանց…

Հ. Գ.- Անչափ երախտապարտ կլինեմ նրանց, ովքեր կօգնեն ինձ՝ գտնելու իմ ուղեկիցներին: Կխնդրեի տարածել նյութը. միգուցե որևէ մեկին ծանոթ թվա այս պատմությունը և ճանաչի պատմությանս հերոսներից գոնե մեկին: Արձագանքեք թերթի կամ կայքի հասցեով: Կանխավ շնորհակալություն:

1988-ին նրանք ուսանում էին Երևանի պետական մանկավարժական համալսարանի Գորիսի մասնաճյուղում, բայց, ցավոք, բաժինն ու կուրսը չգիտեմ: Անուններն էին՝ Էդո, Կամո, Մհեր (վստահ չեմ, որ 29 տարվա հեռվից գոնե անունները ճիշտ եմ հիշում):

Գ.Գ.

1