Համալսարանական կրթություն, կամ` ո՞վ է թերանում ժուռնալիստիկայում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Համալսարանական կրթություն, կամ` ո՞վ է թերանում ժուռնալիստիկայում

Համալսարանական կրթություն, կամ` ո՞վ է թերանում ժուռնալիստիկայում

Արցախում լրագրության բաժինն ավարտած ուսանողները միշտ չէ, որ գտնում են մասնագիտական աշխատանք: Ճշմարտության և միֆերի կիզակետում լրագրությունը փոխակերպվում է վիրտուալ իրականության: «Ապառաժը» փորձեց հարցման միջոցով պարզել` արդյո՞ք լրագրության բաժինն ավարտած ուսանողները աշխատում են համապատասխան մասնագիտությամբ: Հարցմանը մասնակից դարձրինք լրագրության ոլորտի ներկայացուցիչների:

Ինչպես «Ապառաժ»-ի, այնպես էլ Արցախի այլ լրատվամիջոցներում միշտ չէ, որ աշխատում են լրագրողական կրթություն ունեցող անձինք: Արցախի պետական համալսարանի լրագրության բաժինն իր գործունեության տասնութ տարիների ընթացքում թողարկել է բակալավրիատի 250 և մագիստրատուրայի համակարգի 33 ուսանող:

Միայն 2015-2016 թվականներին լրագրության բաժինն ավարտածների թիվը 17 էր: Ընդհանուր լրագրության բաժինն այս տարիների ընթացքում ավարտել է 283 ուսանող: Ընթացիկ տարում բաժնում սովորում է 48 ուսանող: Բանասիրական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս, ԱրՊՀ լրագրության և գրականության ամբիոնի վարիչ Շուշան Ասկարյանի խոսքով` լրագրության բաժնի ուսանողը չորս տարիների ընթացքում ձեռք է բերում ամենատարբեր հմտություններ: ԱրՊՀ լրագրության բաժնում մասնագետների համալրման խնդիրը միշտ էլ արդիական է եղել: Հարցի շուրջ Շուշան Ասկարյանը նշեց, որ մասնագետների համալրման գործընթացը սկսված է, և այժմ էլ բաժինը կարիք ունի պրակտիկ դասախոսների:

Ուսանողների մեծ մասը շատ ակտիվ են սոցցանցերում իրենց իսկ կողմից տարածվող լրատվությամբ: Շուշան Ասկարյանի ու նույն բաժնի ուսանողների նախաձեռնությամբ վերջերս ստեղծվել է «Արցախլայֆ» բլոգային հարթակը, որը ցանկանում է ներկայանալ տրամադրությունների յուրահատուկ ներկապնակով: Այստեղ լրագրության բաժնի չորս սերունդներ փորձում են կիսվել իրենց գաղափարներով: Ապա ավելացրեց, որ լրագրության բաժինն ունի տեխնիկական հագեցվածության պակաս, որը շատ հաճախ լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում:

Սիրա Ավանեսյանը լրագրության բաժնի բակալավրիատի համակարգն ավարտել է նախորդ տարի, այժմ ուսումը շարունակում է նույն բաժնի մագիստրատուրա համակարգում: Խոսելով այն մասին, թե ինչն է խնդիրը, որ լրագրության բաժինն ավարտած ուսանողները չեն աշխատում իրենց իսկ մասնագիտությամբ, նա նշեց, որ լրագրության խնդիրների կծիկը լաբիրինթոսի բավիղ է, և այստեղ միայն մեկ խնդիր չէ, որ առկա է. «Առհասարակ լրագրողի«արտադրությունն» ու պահանջարկը չեն համապատասխանում: Ժամանակի զարգացվածության հետ մասնագիտությունը դարձել է հոբբի, նյութ գրելը՝ «պարապ վախտի խաղալիք»:

Նա նաև նշեց, որ բացի համալսարանական կրթությունից` լրագրողին անհրաժեշտ է նաև ինքնակրթություն, քանի որ համալսարանը ժամանակագրական առումով չի հասցնում և չի կարողանում բավարարել ուսանողի պահանջները: Սիրա Ավանեսյանը հավելեց, որ լրագրության բաժինն ունի մասնագետների պակաս. «Մեզ դասավանդում են դասախոսներ, ովքեր լրագրության մասնագետներ չեն, բայց դասախոսում են լրագրության վերաբերող առարկան: Այստեղ մենք բախվում ենք խնդրի: Ուսանողն իրեն հուզող հարցն է տալիս առարկայի վերաբերյալ, իսկ «ոչ մասնագետը» չի կարողանում նրան հստակ պատասխան տալ: Միառժամանակ ուսանողները ստանում են միայն դասախոսություններ, քանի որ նույն «ոչ մասնագետը» չի կարող սովորեցնել ինչպես նյութ գրել, կամ էլ` ինչպես պատրաստվել հարցազրույցի»:

Սիրա Ավանեսյանը հավելեց, որ այժմ աշխատում է ոչ մասնագիտական ուղղվածությամբ, բայց շատ կցանկանար աշխատել ըստ մասնագիտության և կոտրել այն ճշմարիտ կարծրատիպը, որ լրագրության բաժինն ավարտում, բայց չեն աշխատում:

Անի Ավանեսյան

1