ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղը շարունակում է «Այցելություն դիրքապահ զինվորին» ծրագիրը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղը շարունակում է «Այցելություն դիրքապահ զինվորին» ծրագիրը

ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղը շարունակում է «Այցելություն դիրքապահ զինվորին» ծրագիրը

Հայ Օգնության Միության Արցախի մասնաճյուղը «Այցելություն դիրքապահ զինվորին» ծրագրի շրջանակներում այցելել է առաջնագիծ: Հերթական այցելության համար ընտրվեց խորհրդանշական՝ Հայրենյաց պաշտպանի օրը:

Հայ Օգնության Միության Ստեփանակերտի, Խնձրիստանի, Շուշիի, Թաղլարի, Աշանի «Սոսե» մանկապարտեզների աշխատակիցներն  առաջնագծում կանգնած զինվորի համար մայրական ջերմությամբ ու հոգատարությամբ տոլմա, աղցան, նրբաբլիթ, գաթա են պատրաստել և անձամբ հասցրել զորամաս ու դիրքեր:

«Ծրագիրը մշտական է, արդեն 5-րդ տարին է Արցախի ՀՕՄ-ուհիներն այցելում են սահմանապահ զինվորին: Բոլոր ուտեստները պատրաստված են մեր մայրերի ձեռքերով, տնական են, մեր հոգին, սերը ներ ենք դրել, որպեսզի զինվորն այսօր իրեն զգա ինչպես իր օջախում»,- նշել է ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղի ատենապետուհի Կարինե Դադայանը և ավելացրել, որ հայ կինը, հայ մայրը, ողջ ժողովուրդը սատար է կանգնած զինվորին, որը պատվով է կատարում իր վրա դրված պարտականությունը:

Արցախի N զորամասի Անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ Արա Քամալյանը նման այցելությունների մեջ առանձնահատուկ ջերմություն է տեսնում: «Նման դեպքերում և հուզմունք, և հպարտություն ենք ապրում, որովհետև զգում ենք, որ մեզ հետ են բոլորը»,- հավելել է նա:

«Այսօր ամենակարևորը մեզ համար դիրքապահ զինվորն է և մեր այցելության նպատակը նաև այն է, որ դիրքապահ զինվորն իմանա իր առաքելության կարևորությունը»,- նշել է Ստեփանակերտի ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզի տնօրեն Նելլի Ղուլյանը:

Ծրագիրը շարունակական բնույթ է կրում և ՀՕՄ-ուհիները պատրաստակամ են առաջիկայում ևս իրենց մայրական սերն ու օրհնանքը հասցնելու հայրենիքի պաշտպաններին:

Տրանսպորտի և կազմակերպչական հարցերով կազմակերպությանն օժանդակել է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:

 

«Ապառաժ»

1