ԼՂՀ ԱԺ-ում հյուրընկալվել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ ԱԺ-ում հյուրընկալվել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակությունը

ԼՂՀ ԱԺ-ում հյուրընկալվել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակությունը

Փետրվարի 19-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի մոտ հյուրընկալվել են Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակության անդամներ՝ Մերձդնեստրի Գերագույն խորհուրդի` օրենսդրության, իրավապահ մարմինների, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների հարցերով կոմիտեի փոխնախագահ Գրիգորի Դյաչենկոն և հայ համայնքի ղեկավար Գեղամ Գևորգյանը:

Կարևորելով Արցախի և Մերձդնեստրի միջև արդեն ձևավորված բարի ավանդույթը փոխադարձաբար իրականացնելու դիտորդական առաքելություն երկու երկրներում տեղի ունեցող ընտրական գործընթացներում՝ Աշոտ Ղուլյանը ընդգծել է Արցախի համար կարևոր քաղաքական իրադարձությանը Մերձդնեստրի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը:

Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության Գերագույն խորհուրդի պատգամավոր Գրիգորի Դյաչենկոն, երկրի ղեկավարության և ժողովրդի անունից ողջունելով ԱԺ նախագահին, նշել է, որ առաջին անգամ չէ Արցախում և ամեն անգամ հիանում է՝ տեսնելով, թե ինչպես են արցախցիները զարգացնում իրենց երկիրը:

«Ձեզ մոտ հստակ երևում է, որ քաղաքական զարգացումը զուգորդվում է տնտեսական առաջընթացով, ինչը շատ կարևոր է և ուսանելի մեզ համար»,- նշել է Գրիգորի Դյաչենկոն:

Հյուրերի խնդրանքով Աշոտ Ղուլյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի առանձին դրույթներ և պատրաստակամություն է հայտնել` փոխանցելու Արցախի փորձը հետխորհրդային տարածաշրջանի այլ պետություններին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը:

1