«Իմ այգին» Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Իմ այգին» Արցախում

«Իմ այգին» Արցախում

Փետրվարի 15-ին հայտարարվել էր «Իմ այգին» նախաձեռնության մասին: Ինչպես հաղորդվում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում, գաղափարը ծագել է մի քանի տարի առաջ, նպատակն Արցախում, եւ հատկապես Արաքսի հովտում, պտղատու այգի հիմնելն է, նաև՝ համահայկական ներուժի՝ Արցախի զարգացմանը յուրովի մասնակից դարձնելը:

Նախաձեռնությունն ամեն հայի հնարավորություն կտա հեռակա, առանց անմիջական մասնակցության եւ ժամանակի կորստի, ունենալ այգի Արցախի Հանրապետությունում: Այս նպատակով ստեղծվել է «Իմ այգին» բարեգործության եւ աջակցության հիմնադրամը: Հիմնադիրներն են՝ Սուրեն Շինդյանը (տնօրեն), Սեւակ Խաչատրյանը և Ազատուհի Սիմոնյանը:

Մեկ ծառի արժեքը կազմում է 5000 ՀՀ դրամ, որի մեջ մտնում է բոլոր ծախսերը՝ տնկիների ձեռք բերումից մինչեւ չորս տարի մշակումն ու պահպանումը: Չորրորդ տարուց սկսած ծառի բերքի 50 տոկոսը պատկանում է ծառի նվիրատուին, մյուս 50 տոկոսը՝ հիմնադրամին՝ այգիների հետագա պահպանության նպատակով: Հիմնադրամի եւ նվիրատուի միջեւ փոխհարաբերությունները կարգավորվում են երկուստեք կնքված պայմանագրով:

«Ծրագրի մեկնարկն արդեն տրված է: Մարտի մեկից սկսվում է այգիները հիմնելու բուն գործընթացը: Սակայն ցանկացողները կարող են հենց այսօր էլ պատվիրել իրենց նախընտրած ծառերը: Արձագանքը բավական մեծ է եւ արդեն բազմաթիվ մեր հայրենակիցներ տարբեր երկրներից կապ են հաստատել մեզ հետ՝ նախաձեռնությանը միանալու համար»,- նշել է նախաձեռնության հեղինակներից Սևակ Խաչատրյանը և հավելել, որ հենց իրենց ցանկությամբ որոշել են հրապարակային աշխատել եւ, համաձայն կանոնադրության, ամեն տարի ԶԼՄ-ներով հրապարակելու են գործունեության մասին տեղեկություններ:

1