Քառօրյա պատերազմի հերոսը. Վլադիմիր Նարինյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Քառօրյա պատերազմի հերոսը. Վլադիմիր Նարինյան

Քառօրյա պատերազմի հերոսը. Վլադիմիր Նարինյան

Հայրենիքի պաշտպանության շարքերի համալրման սրբազան գործը Նարինյանների գերդաստանն կատարել է արցախյան գոյապայքարի ակունքներից: Այս անգամ լրացվել էր հայրենիքի համար մարտիրոսվածների, անմահության ճանապարհը բռնածների շարքը: Փետրվարի 17-ին ապրիլյան պատերազմ կրտսեր սերժանտ, ԱրՊՀ պատմության բաժնի ուսանող Վլադիմիր Նարինյանը կդառնար 21 տարեկան: Վլադիմիրը ծնվել է 1996 թվականի փետրվարի 17-ին ՀՀ Մեծամոր քաղաքում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Արցախի Հանրապետության Մարտունի քաղաք: 2014 թվականի հուլիսի 7-ին զորակոչվել է ՊԲ շարքերը: Զոհվել է 2016 թվականի ապրիլի 5-ին: Հետմահու պարգևատրվել է ‹‹Արիություն›› մեդալով:

Օրվա առիթով հիշատակի միջոցառումներ կազմակերպվեցին Մարտունի քաղաքում: Վլադիմիրի ծնողներին, հարազատներին, ծառայակից և դպրոցական ընկերներին իրենց ցավակցությունը հայտնեցին և Վլադիմիրի շիրմին իրենց հարգանքի տուրքը մատուցեց նաև ԱրՊՀ-ից՝ հարազատ բուհից ժամանած խումբը՝ ԱրՊՀ պատմաիրավաբանական ֆակուլտետի ուսանողներ, այդ թվում՝ Վլ. Նարինյանի համակուրսեցիներ, ուսխորհրդի անդամներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և Հայագիտական կենտրոնի գիտաշխատողներ՝ պ.գ.թ., ԱրՊՀ պրոֆեսոր Ա. Վարդանյանը, պ.գ.թ., դոցենտ Ա. Առստամյանը /Պատմաիրավաբանական ֆակուլտետի դեկան/ պ.գ.թ., դոցենտ Ն. Բաղդասարյանը, և Հայագիտական կենտրոնի ղեկավար՝ Ն. Վարդանյանը:

Նարինյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ տեղի ունեցավ Մարտունու Նելսոն Ստեփանյանի անվան թիվ մեկ ավագ դպրոցում: Դասարանում, որն անվանակոչվել էր Նարինյանի անունով դպրոցի կողմից կազմակերպվել էր հիշատակի խոսք դպրոցականների կողմից: Հիշատակի միջոցառումն այնուհետև տեղափոխվեց նիստերի դահլիճ, որտեղ արտահայտվելու, հիշողություններով կիսվելու համար համալսարանականներն իրենց խոսքն ունեին: Վլադիմիրի մանկության ընկերուհին՝ ԱրՊՀ պատմության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Ասյա Սուլեյմանյանը ներկայացրեց կենսագրական տվյալներ և հուշեր: Նրա խոսքերով Վլադիմիրը տան կրտսերն էր, բարի, հոգատար, նվիրյալ զինվոր, անսահման ուշադիր ընկեր: Ծառայակից ընկեր, պատմության բաժնի 3-րդ կուրսի ուսանող՝ Հակոբ Ավանեսյանն էլ ներկայացրեց իր վառ հուշերը մարտական ծառայության շրջանից: Հակոբի հուշերում Նարինյանը մարդու եռացող տեսակն էր: Արմինե Առստամյանի հեղինակած բանաստեղծությունն էլ նվիրված էր օրվա հերոսի հիշատակին: Բանաստեղծությունը ներկայացվեց իրավագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Նաիրա Գաբրիելյանի կողմից:

Միջոցառումն ամփոփվեց Նելլի Բաղդասարյանի կողմից: Նա նշեց, որ շատ կարճ ժամանակահատվածում դասախոսելով օրվա հերոսին, կարող է ասել, որ նա այն առանձնացող տեսակն էր, ով անջնջելի հետք է թողել իր հուշերում, իսկ օրվա խորհրդին վերաբերվել է որպես ուխտագնացության: Միջոցառման ավարտին ԱրՊՀ կերպարվեստի ամբիոնի կողմից պատրաստված Վլադիմիր Նարինյանի յուղաներկ դիմանկարը հանձնվեց հարազատներին:

Ֆուտբոլասեր Վլադիմիրի պատմաբան դառնալու երազանքն այդպես էլ մնաց անավարտ: Սակայն այսօր նա կերտեց պատմության մի նոր էջ՝ համալրելով մերօրյա հերոսների շարքը:

Անի Ավանեսյան

1