Սոցիալիզմի վերադա՞րձը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Սոցիալիզմի վերադա՞րձը

Սոցիալիզմի վերադա՞րձը

Տասնամյակներ իվեր աշխարհի դիմագիծը արագորեն փոխվում է՝ բազում ու տարբեր ուղիներով դեպի լուսանցք մղելով երկրագնդի բնակչության լայն շերտեր: Վայրի ու վայրագ դրամատիրությունն իր ավերած համամարդկային բարօրության փոխարեն պարգևեց համատարած թշվառություն. դեռ մոտավոր անցյալի առողջ հասարակությունները հասել են սնանկության շեմին, երբ մյուսները լողում են նարգիզական պերճանքի մեջ:

Իրերի այս տխուր ընթացքի մեջ, դրամատիրական շրջանակների կողքին արհամարհելի չէ նաև երբեմնի սոցիալիստական շարժումների  ու կուսակցությունների պատասխանատվությունը: Նախորդ դարի 80-ական թթ. սկսած նրանք մեկ առ մեկ անձնատուր եղան համաշխարհային տնտեսության տկար մարգարեների շինծու տեսություններին, որոնք, այսօր արդեն փաստ է, աշխարհը հասցրել են նոր աղետների նախօրյակին: Ամենուրեք խաղաղությունն արհամարհող ծայրահեղական շարժումները վերելքի մեջ են: Այս կերպարանափոխությունից զերծ չեն մնում իրենց ժողովրդավարության փարոսի ու դաստիարակների դերակատարություն սահմանած արևմտյան տերությունները:

Ներկայի միջազգային տխուր ու մտահոգիչ հարթակի վրա հույսի նշույլ երևաց, երբ երեք շաբաթներ առաջ Գերմանիայի սոցիալիստական- ժողովրդավարական կուսակցության նախագահ Զիգմար Գաբրիելը ինքնագլուխ ու բոլորովին անակընկալ կերպով հայտարարեց, թե աշնան համար նախատեսված վարչապետի ընտրությունների թեկնածուն ինքը չպիտի լինի, այլ եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը: Հաջորդ օրն իսկ կուսակցության վարկանիշները արագորեն բարձրացան, իսկ մասնագիտական հաստատությունները նախատեսեցին, թե ուղղակի ընտրության պարագայում ժողովրդի մեծամասնության կամքով պիտի վարչապետ ընտրվի Մարտին Շուլցը:

Քրիսոնեա-ժողովրդավարական կուսակցության մեքենան շվարումից և իրարանցումից մի պահ հետո սկսեց ընդօրինակել ամերիկյան մեթոդներին՝ մատնացույց անելով սոցիալիստական թեկնածուների ենթադրաբար «քրեական» գործելաոճը: Իսկ վարչապետ Մերկելը հասկացրեց, որ ինքը համաձայն չէ ընտրապայքարի այս ձևին:

Մարդկանց տեսա՞կն է, թե՞ համաշխարհային վիճակի լրջությունը, որ երկրի պատասխանատուներին դնում է բարոյական քաղաքականության օրենքներին հետևելու պարտադրանքի տակ: Մի կողմից՝ Զիգմար Գաբրիելի իբրև իր կուսակցության երկրի գրավիչ պաշտոնի համար թեկնածու ներկայանալու անառարկելի իրավունքից հրաժարվելը, իսկ մյուս կողմից՝ Ա. Մերկելի ընտրապայքարի ամեն միջոց չընդունելու կեցվածքը, երբ դիմացի նոր թեկնածուն լուրջ կերպով վտանգում է իր վերընտրությունը: Երկու երևույթներն էլ վերջին տասնամյակների ընթացքում անհետացան եվրոպական քաղաքական բեմից:

Նույն ձևով անհետացավ սոցիալիստական կուսակցությունների ժողովրդավար գաղափարաբանությունը: Շուլցը կրկին խոսում է սոցիալիստական արդարության մասին, իր երկրի մեջ տիրական դարձած անարդարության մթնոլորտի մասին, զանց է առնում վերջին ժամանակաշրջանում իր կուսակցության ներս էլ մուտք գործած շուկայական բառամթերքը: Ակնհայտ է, որ Գերմանիայի  հասարակությունը Շուլցի խոսքն ընկալում է իբրև  ապագայի հույս: Իր երիտասարդության ժամանակ կյանքի դժվարին ուղի անցած, ուսումը կիսատ թողած, ալկոհոլի մոլոթյունից իրեն փրկած և մինչև Եվրոպայի խորհրդարան հասած ու նրա նախագահի պաշտոնը հաջողությամբ վարած Մ. Շուլցն առայժմ գոնե գրավում է վերջին ժամանակները ձանձրույթ պատճառող Գերմանիայի քաղաքական առօրյան:

Ներկա ժամանակներում, երբ մեծ պետությունները պատրաստվում են իրենք իրենց մորթու մեջ պատսպարվելու, երբ հազարումեկ դժվարություններով, ծով համբերությամբ քանակներով ու տևական խաղաղության տեսլականով մեջտեղ եկած Եվրամիությունն ինքնասպանության վտանգին է դիմագրավում, Գերմանիայի մեջ առողջ ինքնագիտակցություն փաստող Մարտին Շուլցի բերնով արտահայտվող և ուրիշների կողմից մեռած հայտարարված սոցիալիզմն իր հարությունն է ավետում՝ միաժամանակ երաշխավորելով տարածաշրջանի վրա նույնպես վտանգված ժողովրդավարությունը:

   Մկրտիչ  Մկրտչյան

«Ազդակ » 

1