Լապշինը մեր Լապշինը չէ, կամ՝ փոթորիկ մի բաժակ ջրում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Լապշինը մեր Լապշինը չէ, կամ՝ փոթորիկ մի բաժակ ջրում

Լապշինը մեր Լապշինը չէ, կամ՝ փոթորիկ մի բաժակ ջրում

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ կապված այս ամբողջ պատմությունը, որ ամենից աղմկահարույցն էր անցած շաբաթվա ընթացքում ու շարունակում է այդպիսին մնալ նաև այս օրերին՝ իր վրա սևեռելով գրեթե ողջ միջազգային հանրության, առանձնապես մեր՝ հայերիս, ուշադրությունը, ըստ իս՝ մի բաժակ ջրում առաջացած փոթորիկ է հիշեցնում։

Ո՞վ է Ալեքսանդր Լապշինը։ Ծննդով Ռուսաստանի Եկատերինբուրգ, նախկին Սվերդլովսկ քաղաքից է։ Քառասուն տարեկան։ Որպես բլոգեր հայտնի է «Պուերտո» մականվամբ։ Ունի Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի անձնագրեր։ Տարիներ շարունակ ճամփորդում է։ Իր իսկ հավաստմամբ՝ եղել է աշխարհի 122 երկրում և տարաբնույթ արկածներ ու դատական խնդիրներ ունեցել, որոնք այնուհետև նկարագրել է «Ժիվոյ ժուռնալ», թարգմանաբար՝ «Կենդանի հանդես» ռուսական համացանցային կայքում։ Երեք տարի զինվորական ծառայություն է անցել Իսրայելում, այդ թվում՝ Գազայի հատվածում և Լիբանանի սահմանում։ Երկու անգամ այցելել է Արցախ, ինչի համար նրա անունը մտցվել է Ադրբեջանի արտգործնախարարության տխրահռչակ «սև ցուցակի» մեջ։ Ի դեպ, անցանկալի անձանց այդ ցուցակը ներկայումս ներառում է Արցախ այցելած 623 մարդու, այդ թվում՝ 180 լրագրողի անուն։ Արցախից հետո երկու անգամ այցելել է Բաքու՝ օգտագործելով Ուկրաինայի քաղաքացու իր անձնագիրը, որի մեջ նրա անունը ուկրաիներեն լեզվի ուղղագրությամբ «Օ» տառով է սկսվում, այսինքն՝ Ալեքսանդրի փոխարեն գրված է Օլեկսանդր:

Որ երկրում էլ որ ճամփորդել է, իր ուղեգրական նոթերում նա ընդգծված ծաղր ու ծանակով է ներկայացրել այդ պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի,  Ուկրաինայի, Ադրբեջանի, անգամ իր հայրենի Իսրայելի, նաև՝ Արցախի իրավապահ գերատեսչությունների, մանավանդ՝ ազգային կամ պետական անվտանգության մարմինների գործունեությունը՝ մանրամասնելով, թե ինչպես է իրեն հաջողվել, այսպես ասած, «մատի շուրջ ֆռռացնել» նրանց՝ շրջանցելով օտարերկրացիների համար սահմանված մուտքի ու ելքի, կեցության, երթևեկության և այլ իրավական նորմերը։ Լայնորեն հայտնի է Լապշինի քննադատությունը ռուսաստանցի աստիճանավորների հասցեին, ինչը նրան «ազատամիտի» փառք ու համբավ է բերել այդ երկրի ազատական շրջանակներում։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա՝ չնայած Լեռնային Ղարաբաղ կատարած այցերի կապակցությամբ նրա՝ որպես անցանկալի անձի հանդեպ սահմանված արգելանքին և այն հանգամանքին, որ դեռևս 2011-ին չեղարկվել էր նրա ուկրաինական քաղաքացիությունը,  Լապշինը կարողացել է ուկրաինական անձնագրով երկու անգամ հատել այդ երկրի սահմանային հսկիչ անցակետը։ Հետագայում իր՝ հատկապես 2015թ∙ հունիսին կատարած շրջագայության արդյունքներով նա ծաղրալի հոդված է զետեղել իր բլոգում՝ «1։0 հօգուտ Սաշա Լապշինի» վերնագրով՝ երգիծանքի թիրախ դարձնելով ադրբեջանցի իրավապահներին, սահմանապահներին և, ընդհանուր առմամբ, այդ երկրի իշխող վարչախմբին։

Բլոգեր Լապշինի արցախյան այցերը, ինչպես ինքն է նկարագրել, նույնպես արկածախնդիր էին։ Ուղեկից ունենալով երևանցի իր հայ ընկերոջը, նա առաջին անգամ՝ 2011-ի ապրիլին Արցախ մուտք է գործել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների միջև գործող Աղավնոյի մաքսային անցակետով՝ որպես օտարերկրացի զբոսաշրջիկ, ընդունված կարգով գրանցվել ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական բաժնում, որտեղ հաստատվել, համաձայնեցվել են շրջագայության երթուղիներն ու տարածքները։ Սակայն ճամփորդող զույգը, օգտվելով հետագա վերահսկողության բացակայությունից, անտեսել է առաջադրված սահմանափակումները՝ ինքնակամ այցելելով սահմանամերձ գոտի և տեսալուսանկարահանելով ճանապարհին հանդիպած ամեն ինչ՝ Արցախյան ազատամարտի տարիներին ազատագրված տարածքների ավերակ բնակավայրեր,  պաշտպանական և այլ գաղտնի կառույցներ։ Նույն գործողությունները կրկնվել են նաև 2012-ի հոկտեմբերին։ Այդ անգամ մուտքն Արցախ նա իրականացրել է Քարվաճառի կողմից, որտեղ այդ ժամանակ մաքսային անցակետ տեղադրված չէր դեռևս, ընդ որում՝ առանց Ստեփանակերտում՝ հյուպատոսական բաժնում նախապես պարտադիր գրանցվելու։ Այսինքն՝ այցն Արցախ կատարվել է անօրինական, առանց իշխանություններին հարկ եղած կարգով իրազեկելու, շրջագայության երթուղիները համաձայնեցնելու, մի խոսքով՝ գործող իրավական նորմերի կամայական խախտմամբ։

Հարց է ծագում՝ ի՞նչ նպատակ էին հետապնդում Լապշինի այցերն Արցախ։ Արդյո՞ք միայն զբոսաշրջային- ճանաչողական։ Առաջին պահ ընդունենք, որ՝ կարծես թե այո։ Այդ դեպքում՝ ի՞նչ խնդրի էր նա հետամուտ՝ շրջագայելով հիմնականում մերձճակատային վայրերում և գաղտնի տեսալուսանկարահանելով հրապարակման ոչ ենթակա ռազմական և այլ կառույցները, ընդ որում, ինչպես ինքն է հետագայում գրել այդ այցերին նվիրված իր ճամփորդական նոթերում՝ նկարահանումների էլեկտրոնային կրիչները թաքցնելով ավտոմեքենայի կողմնակի աչքից հեռու տարբեր անկյուններում՝ հնարավոր ստուգումների դեպքում հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից դրանք չբացահայտվելու մտադրությամբ։ Արդյո՞ք դա չի հուշում, որ զուտ զբոսաշրջիկ-բլոգերի ավելորդ հետաքրքրասիրության արգասիք չէ այդ ամենը։ Արդյո՞ք այդ ամենում առկա չէ հատուկ հանձնարարության գործոնը, անկախ նրանից՝ թե ում կողմից հանձնարարված։ Մանավանդ, փաստ է, որ արցախյան այցերից հետո նա երկու անգամ մեկնել է Բաքու, և չեմ կարծում, թե նրա անձնագրի  ուկրաինական հանգի անունը բառիս բուն իմաստով իրոք մոլորեցրել է ադրբեջանցի սահմանապահներին՝ թույլ տալով, որ նա՝ Ուկրաինայի քաղաքացի Օլեքսանդր Լապշինը, անարգել հատի ռուս-ադրբեջանական սահմանի հսկիչ անցակետը։ Հետո՞ ինչ, որ ինքը՝ Լապշինը, առանձնակի ծաղրանքով հենց այդպես է ներկայացնում փաստը։ Հա՞րկ է հալած յուղի տեղ ընդունել։ Հազիվ թե։

Եվ հիմա, մեր հայրենական մամուլը, ձայնակցելով տարբեր տրամաչափի քաղաքական գործիչներին,փոթորկահույզ աղմուկ է բարձրացրել Լապշինի արտահանձնման կապակցությամբ։ Ի՞նչ խոսք, դույզն իսկ տարակույս չունեմ, առիթն ինքն աղմկահարույց է և պետք է աղմկել՝ ևս մեկ անգամ աշխարհով մեկ բարձրաձայնելով Մինսկի և Բաքվի բռնապետական իշխանությունների կողմից համընդունելի ժողովրդավարական արժեքների կոպիտ ոտնահարման, այդ երկրների հակահայ փոխգործակցության մասին։ Այդ ասպարեզում նման իրողություններն առավել քան շատ են, ի լրումն որոնց, ահավասիկ, նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքու արտահանձնելու աղաղակող  փաստն է։

Բայց ի՞նչ են նշանակում և ի՞նչ արդյունքի կարող են հանգեցնել Բելոռուսին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) դուրս մղելու, օտարելու վերաբերյալ Հայաստանի տարբեր քաղաքական հարթակներից հնչող բարձրագոչ կոչերը, որոնք, ի՞նչ թաքցնեմ, հակված եմ ենթադրելու՝ հիմնականում առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզչական թոհուբոհի խնդիր են պարունակում, այսպես ասած, Հռոմի պապից առավել կաթոլիկ երևալու ձգտումով։ Մի՞թե մենք այնքան էլ հստակ չենք գիտակցում, որ հետխորհրդային տարածքի այդ երկու կառույցներն էլ միաբևեռ են և անդամ երկրներից յուրաքանչյուրի, այդ թվում՝ Հայաստանի մասնակցությունն այդ կառույցներին ընդամենը մեկ ուղղաձիգ մայրուղի ունի՝ միայն դեպի Մոսկվա։ Երևի թե նման պարագայում են հներն ասել՝ բոլոր ճանապարհները տանում են Հռոմ։ Իսկ  Չարենցն ասում էր ու զուր չէր ասում∙ «Աշխարհի կենտրոնը Մոսկովն է, Մոսկովից մեծ քաղաք չիք»։ Անգամ նույն այդ մայրուղու ճյուղավորումները, որ ձգվում են անդամ երկրների մայրաքաղաքների միջև, դարձյալ ծառայում են տվյալ բևեռի քաղաքական ու տնտեսական շահերին՝ որպես դաշնակցային համերաշխության պատրանքի սնուցման երակներ։ Արդյոք չե՞նք պատկերացնում, որ ռազմաքաղաքական և տնտեսական այդ դաշինքներին անդամակցության կամ անդամությունից օտարման նրբանկատ խնդիրնեը, վճռվում են դարձյալ նույն Մոսկվայում, այլ ոչ՝ անդամ երկրների մայրաքաղաքներում, այդ թվում՝ Երևանում։ Իսկ Մոսկվան լռում է։ Լռում է նաև բլոգեր Լապշինի շուրջ ստեղծված աղմուկի պարագայում՝ ի լրումն՝ Ռուսաստան-Բելոռուս միջպետական, անգամ՝ միջգերատեսչական բարդ ու աղմկահարույց հարաբերությունների։ Նշանակում է՝ Մինսկը դեռ պետք է Մոսկվային, հետևապես՝ պետք է և մյուս անդամ երկրների մայրաքաղաքներին, այդ թվում՝ Երևանին։ Այս է հետխորհրդային տարածքի մերօրյա վերին ատյանի՝ Հռոմի կամքը։ Ի՞նչ արած։ Ցավոք, ֆրանսիացիների ասած՝ սե-լյա-վի, այսինքն՝ այսպիսին է կյանքը։

Չեմ կարծում, թե բլոգեր Լապշինի պատճառով արժե էլ ավելի բարդացնել Հայաստանի արտաքին քաղաքական հիմնախնդիրները՝ փոթորիկ առաջացնելով մի բաժակ ջրում։ Մանավանդ, Լապշինը Հայաստանի կամ Արցախի քաղաքացին չէ, այսինքն՝ Լապշինը մեր Լապշինը չէ։ Ու կարծում եմ՝ առանձնակի ոչինչ չի վտանգում Լապշինի կյանքը։ Հազիվ թե նրան սպառնում է նավապետ Ջեյմս Կուկի ճակատագիրը, ում տեղաբնիկները նրա երրորդ ճամփորդության ժամանակ, բառիս բուն իմաստով՝ կերան Հավայան կղզիներում։ Երրորդ անգամ Բաքվում գտնվող (այս անգամ՝ ոչ սեփական կամոք) Լապշինին հաստատապես չեն ուտի, թեկուզ մարդակերության դեպքեր այդ երկրում նույնպես արձանագրվել են Սումգայիթի և Բաքվի հայերի ջարդերի ժամանակ։ Նրան, անշուշտ, կհարցաքննեն, իրենց ուզած բովանդակության ներողություն կկորզեն բլոգերից, կդատեն և, ի վերջո, սիրահոժար կարտահանձնեն։ Իսրայելին թե Ռուսաստանին՝ Էական չէ, կարևորը՝ որպես այդ երկրների նկատմամբ Ադրբեջանի «անխախտ բարեկամության» արտահայտություն։ Բաքվի որկրամոլ ախորժակը Լապշինի համար չէ, Արցախի համար է, որ ոսկորի պես խրվել, մնացել է նրա կոկորդում՝ դառնալով այդ արհեստածին պետության վաղ թե ուշ փլուզման պատճառ։

Միքայել Հաջյան

1