Ցանկացած լեզու հոգածության կարիք ունի, փոքր ազգերի լեզուն՝ առավել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ցանկացած լեզու հոգածության կարիք ունի, փոքր ազգերի լեզուն՝ առավել

Ցանկացած լեզու հոգածության կարիք ունի, փոքր ազգերի լեզուն՝ առավել

Փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն է: Ամեն տարի տոնի կապակցությամբ ԼՂՀ բոլոր ուսումնական հաստատություններում հայտարարվում է մայրենիի միամսյակ, որի շրջանակներում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ՝ շարադրությունների մրցույթ, պատի թերթերի ձևավորում, գրական-գեղարվեստական ցերեկույթներ և այլն:

Նկատի ունենալով, որ միամսյակն արդեն հայտարարված է, նպատակահարմար ենք գտնում ընթերցողի ուշադրությանը ներկայացնել մեր Մեծ հայի, թատրոնի և կինոյի դերասան, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երջանկահիշատակ Սոս Սարգսյանի՝ հայոց լեզվի հարցերին նվիրված զրույցը, որը 2011 թ. տպագրվել է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության «Լեզվաշխարհ» հանդեսում:

Սոս Սարգսյանի անկեղծ ու ճշմարիտ խոսքը տեղին է հնչեցնել այնքան ժամանակ, քանի դեռ մեր մեջ կան շատ-շատերը, ովքեր անտարբեր են մայրենի լեզվի հանդեպ, ովքեր նախընտրում են օտար լեզուն ու մշակույթը, մի խոսքով՝ տառապում են օտարամոլությամբ:

 

 Մեր լեզվի լեզվական խնդիրները գնահատվում են խիստ մտահոգիչ: Դուք այդ մտահոգությունը տեղի՞ն եք համարում:

-Լեզվաբանները զբաղվում են մեր լեզվի խնդիրներով, և, որպես գիտություն, հայոց լեզուն ապրում է իր բնական կյանքով: Այլ է լեզվագործածության խնդիրը, այսինքն՝ թե ինչպես ենք խոսում: Լեզվական սխալներն առկա են ամենուր՝ սխալ ընտրված բառեր, սխալ կառուցվածքներ, հայերեն բառերով ոչ հայերեն խոսք: Բայց ինձ համար առավել ցավալի են արտասանական աղավաղումները: Ինչպե՞ս ենք հնչեցնում մեր լեզուն: Այսօր մենք կորցնում ենք հայոց լեզվի գեղեցիկ հնչերանգը: Ես բախտ եմ ունեցել լսելու մեր մեծերի խոսքը: Նրանք խոսում էին չափազանց գեղեցիկ ու գրագետ: Բայց ինչպիսին էր նրանց խոսքի հնչերանգը: Դա բոլորովին այլ հայերեն էր: Ցավալի է, որ քերականական ու արտասանական սխալներն ամենուր են, նաև՝ գրականության մեջ ու արվեստում: Այդ աղավաղված հայերենը մենք լսում ենք նաև եթերից, ամբիոններից: Բայց չէ՞ որ մեր լեզուն մեր գլխավոր ու մեծ հարստությունն է: Մենք պարտավոր ենք պահպանել մեր լեզվի հմայքը: Այնպիսի հրաշք բառեր կան մեր լեզվում, որ երբ արտասանում ես, հոգիդ հրճվանքով է լցվում: Հապա ասեք՝ քանքար, տավիղ: Սա մի իսկական երաժշտություն է:

Ցանկացած լեզու հոգածության կարիք ունի, փոքր ազգերի լեզուն՝ առավել: Լեզվի նկատմամբ ոտնձգությունները չի կարելի հանդուրժել: Ասում են՝ ի՞նչ տարբերություն՝ ա-ով եմ խոսում, թե է-ով, առհասարակ՝ ի՞նչ տարբերություն, թե ինչպես եմ խոսում, կարևորը՝ որ դիմացինս հասկանում է: Ասում են ու հրամցնում իրենց կեղտոտ, ցեխոտ խոսքը: Երբ մարդու համար իր սեփական խոսքը արժեք չունի, ի՞նչ արժեք պիտի ունենա իր մայրենի լեզուն առհասարակ: Սա է հենց անգրագիտությունը: Բայց չէ՞ որ լեզուն երեխայի նման է: Նրան պետք է գուրգուրես, սիրես, փայփայես: Լեզուն չի կարելի անտեր թողնել: Հայերենը մեծ հնարավորությունների տեր լեզու է: Անսահման է մեր լեզուն: Պետք է պահպանել ու զարգացնել այդ ամենը, այլ ոչ՝ կորստյան մատնել:

-Թատրոնը, կինոն և լեզուն փոխներգործուն երևույթներ են: Դուք, որ ամբողջ կյանքում այդ ասպարեզում եք եղել, ի՞նչ կասեք այսօրվա թատրոնի և կինոյի մասին:

— Ես 1947 թվականից թատրոնում եմ և տեսել եմ, թե իմ սերնդակիցները կամ ավագ սերնդի մարդիկ ինչպես են գուրգուրում հայոց լեզուն: Հիշում եմ, թե ինչ հայերենով էին դասավանդում: Մեր ուսուցիչները մեծ խնդիր ունեին: Այդ խնդիրը իրենց իմացածը մեզ փոխանցելն էր: Մենք դերասաններ ենք ունեցել, որոնց խոսքը ինքնին ուսուցում էր: Պետք էր լսել, թե ինչպես էին խոսում Խորեն Աբրահամյանը, Մետաքսյա Սիմոնյանը և այլք: Նրանք բարձր ու մաքուր էին պահում հայոց լեզուն: Նախկինում թատրոնում կային գրական մասի վարիչներ՝ տաղանդավոր մարդիկ, ովքեր իրենց գործը լավ էին անում: Բայց այսօր շատ բան է կորսված: Հրանտ Մաթևոսյանը  «Չեզոք գոտի» պիեսում մի այսպիսի խոսք ունի. «Մեր լեզուն անց ենք կացրել արաբների, քրմերի միջով և հասցրել մինչև այսօր, ու պետք է պահպանենք»: Ցավոք, այս մասին քչերն են մտածում: Աբսուրդ է, երբ էկրանից սխալ հայերեն է հնչում: Իհարկե, կինոյի համեմատ թատրոնի ղեկավարներն ավելի ուշադիր են: Այդ պատճառով էկրանից ավելի հաճախ է հնչում սխալ հայերեն, քան բեմից: Բայց այսօր պիեսներում էլ ինչքան ասես լեզվական սխալներ կան: Հիմա ամեն մեկը գիրք է գրում, ամեն մեկը դերասան ու ռեժիսոր է: Հենց այս երևույթի հետևանքն էլ այսօրվա լեզվավիճակն է կինոյում ու թատրոնում:

՞րն է գրական հայերենը ժողովրդին մոտեցնելու ամենաճիշտ ձևը:

— Պետք է կարողանալ փոխել տիրող ընդհանուր մթնոլորտը: Պետք է մարդկանց մոտեցնել գրքին, խոսքի մշակույթին: Գրական լեզվի գեղեցիկ օրինակներ են մեր տաղանդավոր գրողների գործերը, նրանց խոսքը: Հապա նայեք, թե ինչպիսին է Պարույր Սևակի, Համո Սահյանի հայերենը, Շիրազի, Հրանտ Մաթևոսյանի հայերենը: Պետք է հաճախ թատրոն գնալ: Թատրոնը կրթելու մի յուրահատուկ ունակություն ունի: Այս ամենը թողած՝ հետևում ենք ինչ-որ կիսագրագետների, որոնք այսօր ճաշակ թելադրող են դարձել: Դա սոսկալի երևույթ է: Այդ կիսագրագետները ձևավորում են կիսագրագետների սերունդ, իսկ կիսագրագետին իր իմացածի հակառակն ապացուցելն անհնար է: Շատ եմ կարևորում եթերի լեզուն: Այսօր եթերում խոսողներից քչերն են որպիսի-ն տարբերում որպեսզի-ից: Վատ են խոսում թե՛լրագրողները, թե՛ եթեր հրավիրվածները: Բայց եթերը իր հյուրի խոսքի համար էլ է պատասխանատու: Տգետ մարդուն չի կարելի հրավիրել հեռուստատեսություն և խոսեցնել: Ամոթ է: Ես ինչու՞ պիտի լսեմ ինչ-որ մեկի կիսագրագետ խոսքը, եթե անգամ հանճարեղ բան է ասում: Թեև սխալվեցի, կիսագրագետ մարդը չի կարող հանճարեղ բան ասել:

-Դուք հայ հանդիսատեսի սիրելի դերասաններից եք, ընդունված մտավորական: Անգերազանցելի է Ձեր ասմունքը, թե՛ արձակ, թե՛ չափածո խոսքի ընթերցումը, երբ Դուք մի յուրահատուկ գեղեցիկ հայերեն եք հնչեցնում: Ուսուցանո՞ւմ եք Ձեր այդ արվեստը ուսանողներին:

-Ես նրանց միշտ հորդորում եմ շատ կարդալ: Կարդալիս ուշադիր լինել լեզվին, ընկալել յուրաքանչյուր գրողի լեզվական առանձնահատկությունը, մի գրողի լեզվի, ոճի տարբերությունը մեկ այլ գրողից: Ես չեմ հոգնում ամեն վայրկյան երիտասարդներին դիտողություն անելուց: Երբեմն նույնիսկ մտածում եմ, թե կարող եմ նրանց նեղացնել: Բայց չեմ կարողանում չստիպել, որ ճիշտ խոսեն: Ես չեմ կարող թույլ տալ, որ նրանք ասեն, օրինակ, կարամ անեմ: Ասում եմ՝ հապա ասեք՝ կարող եմ անել: Բայց, ուզում եմ կրկնել, ամենից շատ ինձ բարկացնում է, երբ հայերեն են խոսում ոչ հայերեն հնչերանգով: Պետք է խոսքի արտաբերման կուլտուրա ունենալ: Չի կարելի մեր լեզվի մեջ մտցնել օտար հնչյունաբանություն: Չի կարելի անգլիական առոգանությամբ հայերեն խոսել: Հայկական հնչյունաբանությունը շատ գեղեցիկ է և շատ ազնիվ: Մենք էլ պետք է մեր լեզվի հետ ազնիվ վարվենք:

-Ոչ հայերեն հնչերանգով խոսելը լեզվական օտարամոլության դրսևորումներից մեկն է: Նման դրսևորումները մեզանում շատ են: Ինչի՞ հետ եք դա կապում:

-Չտեսության: Խանութների վրա գրում են անգլերեն: Ո՞ւմ համար: Անգլիացո՞ւ: Դա չտեսություն է, ուրիշ ոչինչ: Ամեն ինչի մեջ շահ են փնտրում: Նույնիսկ այնտեղ, որտեղ հաստատ չեն գտնելու: Սա բնական ընթացք է անկախացած երկրի ժողովրդի համար: Միայն թե մեզանում այդ ընթացքը մի քիչ շատ երկարեց:

Ես կարծում եմ, որ մենք այն ազգն ենք, որ կարող ենք և պետք է 2-4 օտար լեզու իմանանք, բայց ոչ երբեք՝ մեր մայրենիի հաշվին: Ես եղել եմ Սփյուռքի համարյա բոլոր դպրոցներում: Ինձ ապշեցրել է հայոց լեզվի հարցում նրանց զգուշությունն ու պահանջկոտությունը: Սխալ բառ ասելուն պես ուսուցիչներն ուղղում են իրենց սաներին: Լիբանանում մի դպրոց կար, որտեղ աշակերտը գիտեր, որ թուրքերեն մի բառ արտասանելու պատճառով կարող է վտարվել դպրոցից: Սփյուռքում հասկանում են, որ լեզուն է ազգին պահողը: Այն հանգամանքը, որ մենք մեր հայրենիքում ենք ապրում, մեզ իրավունք չի տալիս մատների արանքով նայելու լեզվական խնդիրներին: Մենք էլ իմաստություն պիտի ունենանք հասկանալու համար, որ ազգին պահողը լեզուն է: Բոլոր երկրները բոլոր ժամանակներում ունենում են լեզվական մտահոգություններ: Միայն թե մենք պետք է կարողանանք ոչ միայն լեզվական, այլև, ընդհանուր առմամբ, օտարամոլությունը հանենք մեր միջից:

-Դուք երանությամբ եք խոսում անցյալ ժամանակների մասին: Խորհրդային շրջանում հայոց լեզվի համար մտահոգվելու պատճառներ չե՞ն եղել:

-Եղել են: Երկիրը ռուսականացվում էր, և մտավորականությունն անհանգիստ էր: Բայց այսօրվա խնդիրը դրանից շատ տարբեր չէ: Մի բան միանշանակ է. առանց մայրենի լեզվի մնացած բոլոր գիտելիքներն անհիմն են: Առանց մայրենի լեզվի չկա ոչինչ: Առաջին հերթին պետք է մտածել մեր երկրում տիրող ընդհանուր հոգեբանական մթնոլորտի մասին: Հայոց լեզու պետք է դասավանդի նվիրյալը, գիրք պետք է հրատարակի գիրք սիրողը: Այդպես, երկրում կստեղծվի մթնոլորտ, որը նպաստավոր կլինի մեր մայրենի լեզվի, մեր պետական լեզվի համար:

-Եվ որպես ամփոփո՞ւմ:

-Որպես ամփոփում՝ կասեմ. չարը, վատը միշտ կա ու լինելու է: Խնդիրն այն է՝ պայքարո՞ւմ ենք դրա դեմ, թե ոչ: Իսկ ընդդեմ մարտնչող կիսագրագետների և հանուն մեր չքնաղ լեզվի պայքարը պետք է անընդհատ մղվի:

1