Խորհրդարանական կառավարման համակարգը համապատասխանում է մեր ժողովրդի խառնվածքին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Խորհրդարանական կառավարման համակարգը համապատասխանում է մեր ժողովրդի խառնվածքին

Խորհրդարանական կառավարման համակարգը համապատասխանում է մեր ժողովրդի խառնվածքին

ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի հետ զրույցի թեման Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը, նախագծի հանրաքվեն է:

-Պարոն Բալայան, 2017թ. փետրվարի 20-ին Արցախում նշանակված է Սահմանադրության նախագծի հանրաքվե: Ինչպե՞ս կմեկնաբանեիք ՀՅ Դաշնակցության դիրքորոշումը:

-Դաշնակցությունը, որպես ձևավորված կուսակցություն, իր գոյության ողջ ժամանակահատվածում, առավել ևս՝ մեր նորօրյա ժամանակահատվածում, պետականության գոյության տարիներին չի գործել պատահական շարժառիթներով: Դաշնակցությունն ունի իր հստակ ճանապարհը, ծրագիրը և փորձում է այդ ծրագրի շրջանակներում իրագործել այն աշխատանքները, որոնք հնարավորինս կամրապնդեն հայոց զույգ պետությունները: Սահմանադրության նախագծի նկատմամբ նման վերաբերմունքը հիմնավորված էր նրանով, որ մենք մեր գաղափարներին, մոտեցումներին չենք դավաճանել: Դաշնակցությունը, որպես քաղաքական ուժ, ժողովրդի առաջ պարզերես է: Կատարել է այն, ինչ գաղափարներ ժամանակի ընթացքում ներկայացրել է ժողովրդին:

Արցախում գործող քաղաքական կուսակցությունների համար անչափ կարևոր պետք է լինի՝ որդեգրել այնպիսի գործելաոճ, որը կնպաստի պետականության հզորացմանը, ընդունել այնպիսի օրենքներ, առաջնորդվել այնպիսի ծրագրերով, որոնք իրենց նպաստը կբերեն երկրի պաշտպանունակության ամրապնդմանը, տնտեսական բարեփոխումների իրագործմանը, կրթական համակարգի զարգացմանը և այլն: Մեր կարծիքով՝ առաջարկված Սահմանադրության նախագիծը չի համապատասխանում այսօրվա մեր ցանկություններին ու պահանջներին:

Ներկայացված նախագծի մեջ խոցելի մի շարք հանգամանքներ կան: Նախագահի և Ազգային ժողովի համաժամանակյա ընտրությունները հնարավորություն չեն տալիս, որպեսզի գործի իշխանության թևերի հակակշռության մեխանիզմը: Այսինքն՝ նման պարագայում ստացվում է այնպես, որ եթե նախագահը կամ ԱԺ-ն անվստահություն են հայտնում միմյանց, ապա 2 ինստիտուտներն էլ  լուծարվում են: Պարզից էլ պարզ է, որ այս պայմաններում ոչ մի մարմին չի գնա «ինքնաոչնչացման»: Նման իրավիճակում կյանքի բոլոր ասպարեզները կլճանան և հասարակության առաջընթաց չի արձանագրվի: Մյուս կողմից էլ՝ դա կնպաստի միակուսակցական համակարգի ամրապնդմանը:

Երկրորդը տարածքների հետ կապված հարցն է: Մենք գտնում ենք, որ Սահմանադրության մեջ պետք է հստակ ֆիքսվեն ոչ միայն այն տարածքները, որոնք այսօր գտնվում են ԼՂՀ վերահսկողության ներքո, այլև Արդբեջանի կողմից բռնազավթված՝ մեր երկրի մյուս հատվածները: Այն ընդգրկում է 1991 թվականի սեպտեմբերի 2-ի Հռչակագրով, 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով եւ 1998 թվականի հունիսի 26-ի՝ ԼՂՀ Ազգային ժողովի որոշումով ամրագրված տարածքները: Դա առաջին հերթին Ադրբեջանին և ընդհանրապես աշխարհին ուղղված մեսիջ կլիներ: Դրանով մենք ցույց կտայինք, որ մենք հաստատակամ ենք մեր դիրքորոշման մեջ և անզիջում երկրի սահմանների պաշտպանության գործում:

Ավելին, ամեն մի ազգ, ժողովուրդ պետք է ընտրի նախախնամության կողմից իրեն տրված ճանապարհը, գործադիրի կառավարման այնպիսի համակարգ, որը հատուկ է նրա կենսակերպին, անցած ճանապարհին, պատմությանը, կենսագրությանը: Այդ իսկ առումով՝ մենք գտնում ենք, որ խորհրդարանական կառավարման համակարգն է համապատասխանում մեր ժողովրդի խառնվածքին, մոտեցումներին: Մանավանդ, արցախահայության համար անչափ կարևոր է բոլոր հարցերին լուծումներ տալ համախորհուրդ ձևով: Հայությունն ունի ազգային իր կերպը, դիմագիծը: Մենք սովոր ենք իրար հետ քննարկելու, կիսվելու, մեր կյանքը իրար հետ կառուցելու, և կարծում եմ, որ այդ ապրելակերպը հնարավորություն է տվել, որպեսզի քիչ ուժերով կարողանանք դիմակայել ազգաբնակչության թվով, նյութական հնարավորություններով ավելի մեծ երկրների ու ժողովուրդների: Սա իր մեջ բավականին փիլիսոփայություն է պարունակում:

Սահմանադրության նախագծի հանրաքվեն նշանակված է փետրվարի 20-ին, որն Արցախի համար պատմական օր է: Չե՞ք կարծում արդյոք, որ մեր քաղաքացիների համար դժվար կլինի հենց այդ օրը «դեմ» քվեարկել, նույնիսկ եթե սկզբունքորեն դեմ լինեն:

Այս տարիների ընթացքում ժողովուրդը որոշակի քաղաքական գրագիտություն է ստացել և ունի իր մոտեցումները. բազում ընտրություններ են եղել, քաղաքական գործընթացների են մասնակցել: Կարծում եմ, որ ժողովուրդը որոշակի կողմնորոշում կունենա, և սա հնարավորություն չի տա, որպեսզի սխալվի: Այն մտածելակերպը, որ նա ունի, կարտահայտի քվեարկության ժամանակ:

Ի՞նչ կարծիք ունեք նախագծի կողմնակիցների կողմից առաջ քաշված կարգախոսի, նաև՝ տարբեր մակարդակներում շրջանառվող՝ նախագծին դեմ արտահայտվողների մասին բնութագրումներին:

Պետք է այդ հարցերում զգույշ լինել: Չեմ ուզում բնութագրումներ տալ, բայց քաղաքական ուժերը, քաղաքականությամբ զբաղվող մարդիկ իրենց ասած ամեն մի խոսքը պետք է արժևորեն: Ցավոք, մենք բավականին խոցելի երկիր ենք. միջազգային առումով ճանաչված չենք, պատերազմի մեջ ենք գտնվում, և նման կարգախոսներով կամ մոտեցումներով հանրությունը երկփեղկել կամ բաժանել յուրայինների և թշնամիների, անշնորհակալ գործ է ու հղի է բավական մեծ վտանգներով: Պատմության դասերը չպետք է մոռանալ, որովհետև դարերի ընթացքում մեր ներքին հակասությունների հետևանքով ենք կորցրել մեր հայրենիքի մեծ մասը: Պետք է մի քիչ ծանրութեթև անել ու նոր մտքեր արտահայտել: Կարծում եմ, որ նման կարգախոսները և մոտեցումները միշտ էլ քննադատելի են և անընդունելի: Բայց, մյուս կողմից էլ՝ պետք է անհանդուժողական կեցվածք որդեգրելով հանդերձ՝ հակասություններին հեզասահ լուծումներ ապահովել:

Բնակչության տարբեր խավերի հետ հանդիպումների ժամանակ ի՞նչ տպավորություն եք ստանում, ինչպիսի՞ն է մարդկանց վերաբերմունքը նախագծի նկատմամբ:

Հանրությունն այդ առումով բաժանված է երեք մասի: Ազգաբնակչության մի մասն ընդհանրապես անտարբեր է և չի ներկայանա ընտրատեղամաս: Մյուս մասը կողմնորոշված է, որ կողմ քվեարկի, մի մասն էլ, որ բավական մեծ թիվ է կազմում, տրամադրված է դեմ քվեարկելու ներկայացված նախագծին: Համենայնդեպս՝ շփումներն այդ տպավորությունն են ստեղծում:

Հարցազրույցը՝ Տ. Աղաջանյանի

1