«Քանի դեռ ուշ չէ, հետ կանգնենք այս պատմական սխալից»
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Քանի դեռ ուշ չէ, հետ կանգնենք այս պատմական սխալից»

«Քանի դեռ ուշ չէ, հետ կանգնենք այս պատմական սխալից»

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանը Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս»-ում հոդված է հրապարակել: Նա անդրադարձել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը մեջլիսում արտաբերելու համար իր դեմ կայացված որոշմանը, համաձայն որի` նա զրկվել է 3 նիստի մասնակցելու իրավունքից:

Փայլանն իր հոդվածում ներկայացրել է իր ելույթի մանրամասները և դրա նպատակը:

«Նախորդ շաբաթ Բեռլինում էի՝ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված համաժողովին մասնակցելու: Համաժողովի հաջորդ օրը հանդիպում ունեի Գերմանիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ: Ռեյխստագի շենք, որտեղ գտնվում է խորհրդարանը, մտնելիս լսեցի դաշնամուրի շատ հաճելի ձայն: Դռան մոտ ինձ դիմավորողներին հարցրեցի՝ ձայնը որտեղի՞ց է գալիս: Պատասխանեցին՝ գլխավոր խորհրդից: Չդիմացա և գլխավոր խորհրդի դահլիճի՝ հանդիսատեսի համար նախատեսված հատվածից հայացքս ներս գցեցի: Ինձ ասացին, որ այդ օրը հրեաների ցեղասպանության հիշատակին նվիրված ծրագիր կա: Խորհրդարանը լեցուն էր: Բոլոր պատգամավորները, կանցլեր Անգելա Մերկելն ու նախարարները ներկա էին դահլիճում: Բոլորը Հոլոքոստին նվիրված այս հուշ-ծրագրի դաշնամուրային համերգին ու ելույթներին հոտնկայս ծափահարեցին:

Ի՞նչ ասեմ, երանի տվեցի… Գերմանիայի խորհրդարանը հիշում էր ոչ վաղ անցյալում նացիստական կառավարության կողմից իրականացված մեծ մեղքի զոհերին: Իսկ ես գալիս էի լրիվ այլ մթնոլորտից` իմ այն երկրից, որը չի առերեսվում երեկվա հալածանքների հետ, և որտեղ անտարբերության մթնոլորտում  շարունակվում են հալածանքները… Հուզվեցի իմ երկրի համար, աչքերս թաց` գնացի հանդիպման…

Դեռևս վերջերս` ընդամենը մեկ շաբաթ առաջ, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իմ ելույթի ժամանակ Օսմանյան կայսրության ժամանակահատվածում իմ ժողովրդի գլխին եկածներին անդրադառնալիս վռնդվել էի Մեջլիսից: Ինձ, լինելով հայ պատգամավոր, չէր թույլատրված խոսել 102 տարի առաջվա մեղքերի մասին, մինչդեռ գերմանացիները՝ ձախակողմյաններով, աջակողմյաններով և ընդդիմությունով, թև թևի և մեծ ինքնավստահությամբ առերեսվում են սեփական պատմության հետ: Եվ ոչ ոք չի մտածում, թե «գերմանացի» ինքնությունը նվաստացվում է:

Օտյանի գրած Սահմանադրությունը

Իսկ Թուրքիայում օրեցօր դժվարանում է բացել պատմության թերթիկները: Տեսեք, թե դա ինձ հետ ինչպես պատահեց: Բեռլինում հիշատակի միջոցառումից մեկ շաբաթ առաջ Թուրքիայի Ազգային մեծ մեջլիսում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իմ ելույթը սկսեցի «կանգնած ենք լուրջ սխալ անելու եզրին» բառերով: Ասացի, որ «մեր համատեղ հայրենիքում յուրաքանչյուր ոք կարոտ է «իմ Սահմանադրությունը» ասել հավաքական համաձայնագրի»: Նպատակս պատգամավորներին Օսմանյան սահմանադրության վերաբերյալ քննարկումների օրերն ու այդ ժամանակվա սխալները հիշեցնելն էր: Իրականում Թուրքիայում շատ քչերը գիտեն, որ 1876 թվականի առաջին մեր Սահմանադրությունը գրվել է բազմանդամ հանձնաժողովի կողմից և մեծամասնության համաձայնությամբ, նաև այն մասին, որ այն գրել է Գրիգոր Օտյանը: Այս Սահմանադրությունը Ամդուլ Համիդի կողմից հետաձգվել է, և մինչև 1908 թվականը սկսվել է բռնապետական ժամանակահատվածը: Հետոն արդեն հայտնի է… Դեմոկրատական որոնումներ, Թալեաթ և Էնվեր փաշաների հեղաշրջում և մեծ ավեր…

Այսօր Մեջլիսում քննարկվող Սահմանադրության նախագիծը «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից սահմանվում է որպես «թուրքի  Սահմանադրություն»: Սա ինձ սարսափեցնում է, քանի որ այդ ժամանակներում էլ Թալեաթ և Էնվեր փաշաները նման տրամաբանությամբ փորձեցին թուրքի Սահմանադրություն կիրառել` քաղաքացիներից ոմանց ընդունեց, ոմանց արհամարհեց, ոմանց էլ ոչնչացրեց: 1913-1923 թվականներն անցան մեծ սպանություններով, ցեղասպանություններով: Կորցրեցինք հայ, ասորի, հույն և հրեա ժողովուրդների մեծ մասին:

Երբ այս մասին ասացի Մեջլիսում, աղմուկ բարձրացավ: «Ցեղասպանություն» բառն օգտագործելու պատճառով խորհրդարանի պատմության մեջ չտեսնված պատիժ ստացա` զրկվեցի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ 3 նիստի մասնակցելու իրավունքից: Ամբիոնից ունեցած իմ ելույթը հեռացվեց Մեջլիսի զեկույցներից:

Հաջորդ օրը կատարվածի մասին համացանցում կարդացած շատ բարեկամներ ասացին. «Կարո’, դու ճիշտ ես, սակայն հիմա ժամանա՞կն է Ցեղասպանության մասին քննարկումներ անելու: Երկիրը հաստատուն քայլերով գնում է դեպի բռնատիրական ռեժիմ»: Սա հասկանալի էր, քանի որ ամբողջ մեդիան ողողված էր իմ՝ «Ցեղասպանություն» ասելու վերաբերյալ նյութերով: ԶԼՄ-ների հետ զրույցում իմ ծանոթներից երկուսն էլ ելույթս որակել էին «ոչ տեղին և ոչ ժամանակին»: Զարմացել էի: Նման ժամանակներում վարանումներ լինում են, վախի և անհանգստանալու զգացողությունը հասկանալի է:

«Լավ, դուք որոշեք դրա անունը»

Բայց իմ նպատակն իրականում Մեջլիսի աժիոտաժում ամբիոն բարձրանալն ու անպայման «Ցեղասպանություն» ասելը չէր: Ես այդ ամբիոնից արդեն իսկ բազմիցս ասել եմ` Ցեղասպանություն կամ Հայոց ցեղասպանություն: Ոչ մի խնդիր չառաջացավ: Այս անգամ էլ, ինչպես միշտ, ինքնաբուխ կերպով ցեղասպանություն որակեցի իմ ազգի հետ պատահած աղետը: Բայց այս անգամ վիրավորանքներ և ճգնաժամ… Առարկողներին ասացի՝ լավ, դրա անունը դուք որոշեք:

Նույն գիշեր «Ազգայնական շարժում» կուսակցությունը «Արդարություն և զարգացում» կուսակցությանը սպառնաց. «Եթե Կարոյին չհանեք Մեջլիսից, չենք աջակցի սահմանադրական փոփոխությունների նախագծին»: Այդպիսով` դուրս հանվեցի Մեջլիսից՝ ԱԶԿ-ի, ԱՇԿ-ի և Ժողովրդահանրապետական կուսակցության քվեարկությամբ: Դատապարտվել էի ազգայնամոլ ճակատի քաղաքական ինքնադատաստանով:

Բայց իմ նպատակն իրականում բանավեճը չէր, այլ անցյալից դաս քաղելն ու այս հողերում նույն սխալները չկրկնելը հնարավոր դարձնելն էր: Ցանկացա բացատրել, թե Օսմանյան կայսրության վերջին ժամանակահատվածում սահմանադրական փոփոխությունների գործընթացը հավաքական ժողովրդին ինչպե՞ս մղեց դեպի մենիշխանության մտածելակերպի, ինչպիսի՞ բացթողումների և աղետների մղեց մենիշխանության ռեժիմը, և թե ի՞նչ իմաստ ունի այն մեզ`2017 թվականին Սահմանադրություն ստեղծելու ջանքեր գործադրողի համար:

Ես լավ գիտեմ, որ մեծ հորս հետ կատարվածները և Անատոլիայում տեղի ունեցած մեծ աղետները  մեզ նման քաղաքական գործիչների սխալների արդյունքն են: Մեջլիսը վերացնել փորձող համակարգը կստեղծի այն սարսափելի իրավիճակը, որը ստեղծվեց Թալեաթի և Էնվերի կողմից Մեջլիսը վերացնելուց հետո: Սահմանադրություն ձևավորելու նոր գործընթացը կառավարումն ու ուժը կապում է մեկ մարդու հետ, միանձնյա գաղափարախոսություն պարտադրում: Սա կհանգեցնի այն ժամանակ տեղի ունեցած արհավիրքների կրկնությանը:

Սա տեսնելով` չբարձրաձայնելը այս երկրում, այս հողերում համատեղ ապրող ժողովուրդների նկատմամբ դավաճանություն չէ՞:

Մենք կարող ենք միասին հաղթել

Մտահոգ եմ: «Թուրքի սահմանադրություն» ստեղծելու այդ գործընթացը դեռ չսկսած՝ քուրդ պատգամավորների զգալի մասին (խմբ.-ԺԴԿ համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը, նաև մի քանի պատգամավորներ շարունակում են մնալ բանտում) մեծ ախորժակով բանտ ուղարկած և գաղտնի քվեարկելու համարձակություն անգամ չունեցող Մեջլիսի բոլոր իրավասությունները մեկ անձի վստահելը լավ արդյունքներ չի ծնի:

Տեսեք,` քրիստոնյա և հրեա հասարակությունները օսմանյան վերջին ժամանակահատվածում միանձնյա մտածելակերպի պատճառով Անատոլիայում 40 տոկոսից հասան 1-ի: Մենք մեծ հետևանքներ կրեցինք, բայց միայն մենք չէ, բոլորը պակասեցին. մի քանի հոգու պատճառով բոլորը պղծվեցին:

Իրականում սարսափելին այն է, որ Թուրքիան վճռական է անցնել այն ճանապարհը, որի մասին սեփական պատմությունը նրան զգուշացրել է՝ «հանկարծ չանես» ասելով:

Իմ տեսանկյունից՝ խնդիրը միայն Մեջլիսում իմ խոսքի ազատության ոտնահարումը չէ կամ ընտրված կամքի դեմ անհարգալից վերաբերմունքն ու «այդ բառը» օգտագործել-չօգտագործելը: Իհարկե, դրանք էլ են կարևոր, սակայն սարսափելին այն է, որ Թուրքիան վճռական է անցնել այն ճանապարհը, որի մասին սեփական պատմությունը նրան զգուշացրել է՝ «հանկարծ չանես» ասելով: Ազգային հաշտեցման միջոցի վերածված անհանդուրժողականություն և կայունության ու վերահսկողության արգելակ չունեցող ավտորիտար ռեժիմի՝ հաստատուն քայլերով սողացող իրավիճակ…

Նոր ժամանակաշրջանի անտեսված անձինք կա’մ լռելու են, կա’մ` ըմբոստանալու, կա’մ էլ` արտագաղթելու: Ինչպես տեղի ունեցավ 100 տարի առաջ… Այդ ամենը վնաս կպատճառի այս երկրին, կպակասեցնի այս երկիրը: Կթևակոխենք այնպիսի ժամանակաշրջան, որ բոլորս միասնաբար կկորցնենք:

Թեև միասնաբար կարող ենք հաղթել:

Մեր այս ցավոտ հողերը, որոնց 10 տարի առաջ հանձնացինք Հրանտ Դինքին, այսօր ապրում են աղավնու վախվորածությունը (խմբ.- մեջբերում է Հրանտ Դինքի հոդվածներից մեկը): Մենք՝ հայերս, դա շատ լավ գիտենք: Դրա համար էլ ձեզ՝ մեծամասնությանդ, կոչ եմ անում՝ եկեք հետ կանգնենք այս պատմական սխալից, քանի դեռ ուշ չէ:

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի

1