Անսպասելի շրջադարձերի տարի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Անսպասելի շրջադարձերի տարի

Անսպասելի շրջադարձերի տարի

Աշխարհը թևակոխել է 2017 թվականը՝ անսպասելի շրջադարձերի ու քաղաքական անսպասելի գործընթացների տարին:

 

Դեռևս տարեվերջին ամերիկյան իշխանությունները, ռուսական հակերներին մեղադրեցին ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների ազդելու վրա և ռուսական հետախուզության կիբերհարձակումներից պաշտպանվելու պատրվակի տակ ռուսական դիվանագիտական կորպուսի բոլոր 32 աշխատակիցներին 72 ժամ ժամանակ տվին երկիրը լքելու համար: Ռուսական իշխանություններն էլ որպես հակադարձ քայլ, մեծահոգաբար թույլ տվին ամերիկացի դիվանագետներին՝ իրենց երեխաների հետ մասնակցելու Կրեմլում անցկացվող ամանորյա տոնակատարություններին: Իսկ նոր տարուց հետո ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամպը հայտարարեց, որ կաջակցի Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների վերանայմանը, եթե Ռուսաստանը համաձայնի կրճատել ատոմային սպառազինությունները:

 

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կռիլովի սպանության ֆոնի վրա շարունակվում են ռուս-թուրքական բազմասերիանոց սիրավեպերը. Թուրքիան ներողություն խնդրեց Ռուսաստանից կատարվածի համար, այն մեկնաբանելով որպես մեկ ահաբեկչի կատարած և ոչ՝ որպես պլանավորված գործողություն և ամեն ինչ դրանով հարթվեց: Բուն Թուրքիայի ներսում նոր տարվա գիշերը սկսված ահաբեկչական գործողությունները մինչ օրս շարունակվում են: Եւ քանի գնում ներքին ագրեսիվ քաղաքականությունն այդ երկրում ավելի է ուժեղանում, հատկապես՝ խոսքի ազատության բնագավառում, առաջադեմ մտավորականության, գիտնականների նկատմամբ իսկական հալածանք է սկսվել:

 

Թուրքական Միլլի մեջլիսում հայ պատգամավոր Կարո Փայլանի արտասանած ճառի վերջին հատվածը՝ «Ես այդ ամենը ցեղասպանություն եմ անվանում, իսկ դուք ինչպե՞ս կկոչեիք»,- կարծես եկավ սառը ցնցուղի ազդեցություն թողնելու: Կարո Փայլանին զրկեցին Միլլի մեջլիսում 3 նիստի մասնակցելու հնարավորությունից, ապա դատական հայց ներկայացրին՝ ազգամիջյան երկպառակություն սերմանելու մեղադրանքով: Մի՞թե 10 տարի հետո  նորից պիտի կրկնվի Հրանտ Դինքի պատմությունը: Եւ այսպես քանի՞ Հրանտ Դինքեր…

 

Անդրադառնալով ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջանին արտահանձնելու պահանջին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Լուկաշենկոյին հասկացրեց, որ Լապշինի արտահանձնումը դիտարկելու է ոչ թե որպես Բելոռուս-Ադրբեջան-Արցախ եռանկյունու տիրույթի, այլ որպես ռուս-բելոռուսական հարաբերությունների հարց: Այնուամենայնիվ, հայտնի դարձավ, որ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի Պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ:

 

Ահա այսպիսի անսպասելի շրջադարձեր…

Լ. Բաղրյան

1