Ամերիկահայ կոմպոզիտոր և դաշնակահար Տաթև Ամիրյանի մենահամերգը՝ Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Ամերիկահայ կոմպոզիտոր և դաշնակահար Տաթև Ամիրյանի մենահամերգը՝ Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում

Ամերիկահայ կոմպոզիտոր և դաշնակահար Տաթև Ամիրյանի մենահամերգը՝ Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում

Փետրվարի 4-ին Սան Ֆրանցիսկոյի Սբ Հովհաննես հայկական եկեղեցում տեղի կունենա ամերիկաբնակ կոմպոզիտոր և դաշնակահար, երաժշտական արվեստների դոկտոր Տաթև Ամիրյանի ստեղծագործական մենահամերգը:

Ծրագրում հեղինակային կատարմամբ հնչելու են Ամիրյանի դաշնամուրային ստեղծագործությունները վերջերս թողարկած նրա ալբոմից, ինչպես նաև վոկալ և դաշնամուրային դուետներ ամերիկաբնակ երգչուհի Նադիմա Ավագյանի և հեղինակի կատարմամբ: Համերգի հասույթի մի մասը տրամադրվելու է Երևանի Սբ Աննա եկեղեցու նորաստեղծ «Գանձեր» երգչախմբին:

Ամիրյանը հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, գրված ամենատարբեր ժանրերում` վոկալ, գործիքային, կամերային, խմբերգային և սիմֆոնիկ: Նրա երաժշտությունը հնչել է Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ի տարբեր նահանգներում, Լեհաստանում, Անգլիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Հոլանդիայում և Ճապոնիայում, ճանաչված տարբեր կատարողների, այդ թվում դաշնակահարներ Ջեֆրի Ջակոբի, Հայկ Մելիքյանի, Արթուր Ավանեսովի, տերեմինահար Թորվալդ Ջորգենսենի, ամերիկյան Carme Diem լարային կվարտետի, գերմանական Oktoplus անսամբլի և Կանզաս քաղաքի Metropolitan Choral երգչախմբի կատարմամբ: 2016-ին Հայաստանում լույս է տեսել նրա դաշնամուրային ստեղծագործությունների առաջին ձայնասկավառակը Հայկ Մելիքյանի կատարմամբ:

Ամիրյանը մասնակցել է մի շարք հայտնի մրցույթների և փառատոների` Հայաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում: 2011թ. արժանացել է Armenian Allied Arts 71-րդ մրցույթի ստեղծագործական 1-ին մրցանակին, 2012 թ.` Կանզաս քաղաքի կոնսերվատորիայի կամերային և Metropolitan Choral երգչախմբի խմբերգային ստեղծագործությունների մրցույթների 1-ին մրցանակներին: 2016-ին նա արժանացել է New Ariel Recordings դաշնամուրային ստեղծագործությունների միջազգային մրցույթի երկրորդ մրցանակին և նրա ստեղծագործությունն ընդգրկվել է ամերիկյան դաշնակահար Ջեֆրի Ջակոբի New Ariel Recordings-ի հետ համատեղ թողարկած ձայնասկավառակում:

Ստեղծագործական գործունեությանը զուգահեռ Ամիրյանը հանդես է գալիս նաև որպես դաշնակահար` կատարելով իր հեղինակային ստեղծագործությունները, դասական և ժամանակակից գործեր, ինչպես նաև դաշնամուրային իմպրովիզացիաներ տարբեր ոճերում:

Նա կատարումներով ու զեկույցներով մասնակցել է մի շարք հեղինակավոր միջազգային կոնֆերանսների և փառատոների, այդ թվում՝ ԱՄՆ-ի Միսսուրիի համալսարանի Սենտ Լուիս քաղաքում անցկացված Women In The Arts միջազգային կոնֆերանսին, Լոնդոնի Դաշնամուրային Երաժշտության Միջազգային Սիմպոզիումին, Հարթֆորդի Կին Կոմպոզիտորների Երաժշտության Փառատոնին, հարավային Ֆլորիդայի համալսարանում անցկացվող Ժամանակակից Երաժշտության Միջազգային Փառատոնին, Քալիֆոռնիայի համալսարանում անցկացվող Hildegard Festival of Women in The Arts փառատոնին, ինչպես նաև Հավայան Կղզիներում անցկացվող ամենամյա Արվեստների և Հումանիտար Գիտությունների Միջազգային կոնֆերանսին: 2015-ին նա դասախոսություններով և կատարումներով հանդես է եկել ԱՄՆ-ի Ֆլորիդայի և Քաննեքտիկուտի պետական համալսարաններում որպես հրավիրված արտիստ:

Ամիրյանը դասավանդել է ԱՄՆ-ի մի շարք բարձրագույն կրթական հաստատություններում, այդ թվում՝ Միսսուրիի համալսարանում, Քալիֆոռնիա նահանգի Սան Հոզե քաղաքի Cogswell քոլեջում, SAE (School of Audio Engineering) Ինստիտուտում և Բերքլի քաղաքի Քրաուդենի անվան երաժշտական կենտրոնում:

1