Ադրբեջանն ունեցել է հարձակման Ռուսաստանի լռակյաց համաձայնությունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ադրբեջանն ունեցել է հարձակման Ռուսաստանի լռակյաց համաձայնությունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ադրբեջանն ունեցել է հարձակման Ռուսաստանի լռակյաց համաձայնությունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ապրիլյան ակտիվ մարտական գործողություններից հետո ստեղծված վիճակի, հնարավոր զարգացումների մասին «Ապառաժ»-ը զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:

Պարոն Մելիք-Շահնազարյան, որո՞նք են Ձեր կարծիքով ապրիլյան ակտիվ ռազմական գործողությունների դասերը և պատրաստ ենք արդյո՞ք հետագայում դիմագրավելու նմանատիպ ագրեսիայի:

Կարելի է խոսել երկու կոմպոնենտի մասին՝ զուտ ռազմական և դիվանագիտական: Անկեղծ ասած երկու ոլորտներում էլ ես ինչ-որ չափով գոհունակությամբ կարող եմ նշել, որ որոշակի դրական փոփոխություններ արվել են: Իհարկե բանակի հետ կապված սա ավելի ակնհայտ է երևում. ընդամենը մի քանի ամիսների ընթացքում  ամբողջ առաջնագիծն, ըստ էության, վերազինվեց նոր տեխնիկայով, դիտարկման նոր սարքերով, ինժեներական նոր կառույցներով:  Այսինքն մեծ ջանքեր գործադրվեցին առաջնագիծն ավելի ամուր դարձնելու և թշնամուն ավելի տեսանելի դարձնելու ուղղությամբ: Ինչու չէ նաև նոր զինատեսակներ ձեռք բերվեցին: Դա մենք տեսանք ՀՀ անկախության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ և այդ զինատեսակները Հայաստանը դարձնում են ոչ միայն տեղային, այլև տարածաշրջանային ուժի կենտրոն: Այսինքն ռազմական ոլորտում փոփոխություններն ակնհայտ են, դրանք հստակ երևում են և շարունակական են, ինչը կարևոր է, որովհետև մարտահրավերների բնույթն անընդհատ փոխվում է և պետք է հասցնել դրանց համապատասխան պատրաստության միջոցներ ձեռնարկել:

Քաղաքական ոլորտում դրական տեղաշարժեր տեսնում եմ, բայց ոչ այնքան, ինքան կարելի էր սպասել: Առաջին հերթին հայկական կողմը խստացրեց իր բանակցային դիրքորոշումը Ադրբեջանի հանդեպ: Պաշտոնական Երևանը նախապայմաններ է առաջ քաշել բանակցությունները շարունակելու համար և մինչև Ադրբեջանը չբավարարի այդ նախապայմանները բանակցային գործընթաց չի սկսվի:

Բացի դրանից մեծ հաշվով Մադրիդյան սկզբունքները մի կողմ են դրվել: Իհարկե հիմա Ադրբեջանը, միջնորդները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի վերակենդանացնեն փաստաթուղթը, բայց գործնականում մենք տեսնում ենք, որ դրանց շուրջ որևէ քննարկումներ չեն ընթանում, իսկ համանախագահների հանդիպումների ժամանակ քննարկվում են այնքան չնչին նշանակության հարցեր, որոնք հստակ կարող են վստահություն ներշնչել, որ այս պահին մադրիդյան սկզբունքներին վերադարձի մասին խոսք լինել չի կարող:

Քաղաքական որոշակի ճնշումներ են գործադրվել Ադրբեջանի վրա նաև Հայաստանի կողմից, ինչը լավ և դրական դինամիկա է: Վստահ եմ, որ 2017թ. հայկական դիվանագիտությունը կփորձի այս գիծը ավելի հստակ դարձնել, ուժեղացնել, ինչը, ցավոք, չի կարելի ասել միջնորդների հետ հարաբերություններում: Այստեղ բավական լուրջ բացթողումներ ունենք: Չենք ստիպել միջնորդներին որպես քաղաքական   գործոն ընկալել Ադրբեջանի հարձակումը. Դրանից բխող նոր մոտեցումներ չեն ձևավորվել Ադրբեջանի հանդեպ: Սա իմ կարծիքով ամենամեծ բացթողումն է, որին պետք է ուշադրություն դարձնել և այդ ուղղությամբ աշխատել: Միջնորդները իրավունք չունեն այլևս իրենց նախկին մոտեցումներով կամ գնահատականներով հանդես գալու, որովհետև իրավիճակ է փոխվել սահմանին և հստակ երևում է, թե ով է այդ իրավիճակը փոխողը, ով է բանակցային գործընթացին հատկացված ժամանակն օգտագործել նոր պատերազմին նախապատրաստվելու համար:

Հստակ է, որ միջնորդ պետությունները՝ այդ թվում Ռուսաստանը, ցանկանում են տեսնել խաղաղ տարածաշրջան, արդյո՞ք դա չի հակասում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելու քաղաքականությանը:

-Այո, հակասում է, Ռուսաստանը Ադրբեջանին զենք վաճառելը փորձում է ներկայացնել որպես բիզնես նախագիծ, բայց իրականում քաղաքական առումով լուրջ հարված են հասցնում հենց իրենց: Ռուսաստանում կան բավական ազդեցիկ ուժային կենտրոններ, որոնք դա գիտակցում են, փորձում են ազդել ռազմաարդյունաբերության կամ զենքի առևտրի մարտավարության վրա: Ընդ որում դա ազդում է ոչ միայն Հարավային Կովկասը խաղաղ տեսնելու իրենց նպատակին, այլ նաև լուրջ սպառնալիք է բուն Ռուսաստանին, որովհետև եթե պայթում է Հարավային Կովկասը, շղթայական ռեակցիայով պայթում են նաև Հյուսիսային Կովկասը, որտեղ Չեչնիայի Դաղստանի, Ինգուշեթիայի խնդիր կա:

Մեծ հաշվով զենք վաճառելով և այժմեական ֆինանսական օգուտ ստանալով Ռուսաստանը վտանգի է դնում իր հեռուն գնացող նպատակները և անգամ վտանգի սպառնալիք է առաջացնում իր իսկ տարածքային ամբողջականության համար: Բայց միշտ չէ, որ առաջնորդվում են ազգային, անվտանգության շահերով, հաճախ զուտ ֆինանսական եկամուտները մթագնում են ոմանց ուղեղը և ստիպում ֆինանսական եկամուտների ետևից ընկել, ոչ թե քաղաքական կամ անվտանգության: Ռուսաստանը ապրիլին դա հասկացավ, հենց  դրանով եմ պայամանավորում այն հանգամանքը, որ Հայաստանին տրվեցին զինատեսակներ, որոնք հայկական զինված ուժերի համար հասանելի են դարձնում Ադրբեջանի ցանկացած թիրախ:

Ապրիլի հետ կապված ես ավելի քան համոզված եմ, որ Ադրբեջանն ունեցել է հարձակման Ռուսաստանի լռակյաց համաձայնությունը, որովհետև փոխարենն էլ Ռուսաստանն ակնկալում էր տեսնել Ադրբեջանին ԵՏՄ կազմում, այսինքն մի քանի գործոններով է Ռուսաստանը բացասաբար ազդել իր իսկ համար կարևոր նշանակություն ունեցող անվտանգության համակարգի վրա: Բայց տպավորություն կա, որ Ռուսաստանում որոշակի եզրահանգումներ են արել և այնտեղ էլ են փորձում շտկել նախկինում թույլ տրված իրենց սխալները: Այսօր վստահ կարելի է ասել, որ հենց Ռուսաստանից ձեռք բերած զենքի շնորհիվ է, որ հայկական զինված ուժերը շարունակում են մարտական գերակայություն ունենալ Ադրբեջանի նկատմամբ:

Ինչպե՞ս կգնահատեիք Ադրբեջանի ռազմական պատրաստվածությունը, արդյո՞ք հավանական եք համարում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումը:

Ադրբեջանից բխում է սպառնալիք և Ադրբեջանն այսօր խնդիր ունի շտկելու բոլոր այն սխալները, որոնք գործել է ապրիլին: Ապրիլին փորձում էր ռազմական ճանապարհով իրավիճակ փոխել որոշակի հաջողություններ ունենալ և դա հետագայում կապիտալիզացնել քաղաքական դաշտում, փորձել դա դարձնել քաղաքական գործոն: Նրանց այդ փորձը տապալվեց: Դրա հետ միաժամանակ տապալվեց նաև մի շարք քաղաքական գործիքներ բանակցությունների սեղանին որպես իրենց կողմից հաղթաթուղթ օգտագործելու հնարավորությունը, մասնավորապես այլևս չեն կարող խոսել այն մասին, որ փոխզիջումային տրամաբանության մեջ ընթացող բանակցային գործընթացում իրենց կողմից զիջում կարող է լինել պատերազմի չվերսկսումը, որովհետև մինչ այդ սպառնում էին, որ պատերազմ կվերսկսեն և ռազմական ուղով կլուծեն խնդիրը: Հիմա ակնհայտ է, որ դա այլևս չեն կարողանա օգտագործել և առավել քան ակնհայտ է, որ իրենց կողմից չի կարող զիջում համարվել պատերազմ չվերսկսելը: Քանդվեց նաև իրենց այն միֆը, թե ռազմի դաշտում պարտվել էին, բայց հետագայում հաղթել են, որովհետև ավելի հզոր տնտեսություն ունեն և իրենց ռազմական բյուջեն հավասար է Հայաստանի ողջ բյուջեին և այլն:

Ադրբեջանը կցանկանար սկսել պատերազմական գործողությունները, շտկել ապրիլյան սխալները, բայց պրոբլեմ ունեն, որովհետև ապրիլին նախ հայտնի դարձավ, որ բավականաչափ ռազմական պոտենցիալ չունեն հարցն այդ ուղիով լուծելու համար և երկրորդն այն է, որ ապրիլյան օրերին կորցրեցին իրենց հարվածային ուժի զգալի մասը, մոտ 1000 զինծառայողներ, որոնք հիմնականում հատուկ ջոկատայիններ էին: Դա շուտ վերականգնվող կորուստ չէ իրենց համար: Ժամանակ է պետք որպեսզի կարողանան նմանատիպ հարվածային ուժեր ձևավորել: Այդ իսկ պատճառով կասեի, որ ցանկություն ունեն, բայց հնարավորություն չունեն: Այս իրավիճակում ավելի տրամաբանական է Ադրբեջանի կողմից սպասել կարճատև, փոքրիկ, լոկալ խնդիրների լուծման փորձերի, դա դիվերսիոն գործողությունների միջոցով կլինի, թե մեծ ուժերի կուտակումով խնդիր լուծելու մարտավարություն, որն իհարկե մեծ սպառնալիք է, թե հայկական պետությունների, թե ընդհանրապես տարածաշրջանային անվտանգության համակարգին և կարծում եմ, որ 2017թ. պետք է պատրաստ լինենք կանխելու հակառակորդի հենց նման գործողությունները:

Այսինքն բացառու՞մ եք լայնածավալ մարտական գործողությունների վերսկսումը:

Վստահ եմ, որ լայնածավալ ռազմական գործողությունները հավանական չեն, չնայած լոկալ պատերազմները միշտ ավելի մեծանալու հավանականություն ունեն, շանսերը շատ են, բայց Ադրբեջանը պատրաստ չէ լայնածավալ պատերազմի վերսկսվելուն ոչ ռազմականապես, ոչ տնտեսապես, ոչ քաղաքականապես, որովհետև ապրիլից հետո, բացի նրանից, որ թուլացել է նրանց դիրքերը բանակցությունների սեղանին, թուլացել են դիրքերը նաև միջազգային քաղաքական ընկալումներում: Այսինքն նրանք նորից իրենց դրսևորեցին որպես ագրեսոր կողմ, իսկ մեր տարածաշրջանում հիմնական աշխարհաքաղաքական խաղացողները, լինի դա Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա և այլն, բոլորը հետաքրքրված են տեսնելու կանխատեսելի և խաղաղ Հարավային Կովկաս, ոչ թե վտանգերով լի:

Այստեղ տարբեր կոմունիկացիոն, էներգետիկ և այլ  ծրագրեր են իրականացվում, որոնց համար խաղաղություն է պետք: Ադրբեջանն արդեն մեկ անգամ ցույց տվեց, որ ինքը հստակ սպառնալիք է այդ խաղաղությանը և դրա արդյունքում բավական լուրջ ճնշումների ենթարկվեց: Նրանք անգամ խոստովանում էին դրա մասին: Ալիևը խոսում էր այն մասին, որ փակ սենյակներում իրեն ճնշում են, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը: Ալիևը հասկանում է, որ մեկ անգամ դա հնարավոր եղավ անել և միջազգային հանրությունից պատիժ չստանալ, երկորդ անգամ դա չի ստացվի:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

1