Արցախի Ազգային ժողովը համաձայնություն է տվել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Արցախի Ազգային ժողովը համաձայնություն է տվել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Արցախի Ազգային ժողովը համաձայնություն է տվել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Հունվարի 17-ին Ազգային Ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարվել է արտահերթ նստաշրջան: Պատգամավորների նախաձեռնած արտահերթ նստաշրջանի օրակարգում առաջարկվել է Սահմանադրության նախագծի մասին հարցի քննարկման վերսկսումը, որն ընդմիջվել էր 2016թ. դեկտեմբերի 29-ի ԱԺ լիագումար նիստում:

Այդ ընթացքում խմբակցություններն ու պատգամավորները մասնագիտական հանձնաժողովին են ներկայացրել իրենց առաջարկները:

Ներկայացված առաջարկությունների մասին համառոտ վիճակագրություն է ներկայացրել մասնագիտական հանձնաժողովի անդամ, Սահմանադրության նախագիծը Ազգային ժողովում ներկայացնելու համար նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Արարատ Դանիելյանը:

Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ խմբակցություններից և պատգամավորներից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստացած առաջարկությունների պատկերն հետևյալն է .«Հայրենիք» խմբակցություն՝ 1, «Դաշնակցություն» խմբակցություն՝ 36, «Շարժում-88» խմբակցություն՝ 38, Լյուդմիլա Բարսեղյան՝ 3, Արմո Ծատրյան՝ 11, Վարդգես Բաղրյան՝ 13, Դավիթ Մելքումյան՝ 4, Արթուր Թովմասյան՝ 1, Ռամելա Դադայան՝ 2, Գագիկ Պերրոսյան և Արսեն Առստամյան՝ 75:

«Ընդհանուր առմամբ ներկայացվել է 184 առաջարկություն, որից 19-ը, բովանդակային առումով, կրկնվող էր:

Ներկայացված առաջարկություններից ընդունվել է 30-ը, որից 17-ն ամբողջությամբ, 13-ը՝ մասնակի:

Պատգամավոր Արսեն Առստամյանը Գագիկ Պետրոսյանի հետ համատեղ հանձնաժողովին  70-ից ավելի առաջարկներ  է ներկայացրել: «Անկախ այն հանգամանքից, թե մեր կողմից ներկայացված քանի առաջարկ է ընդունվել և քանիսն են մեզ համար անընդունելի հիմնավորումներով մերժվել մասնագիտական հանձնաժողովի կողմից, որոշել ենք կողմ քվեարկել սահամանդրության նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու որոշմանը, որովհետև, մեր խորին համոզմամբ, իրավունք չունենք բացասական քվեարկությամբ մեր ժողովրդին զրկել հանրաքվեի միջոցով իր վերաբերմունքը հայտնելու սահմանադրական իրավունքից»,- իր ելույթում  նշել է Արսեն Առստամյանը:

«Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը հիշեցրել է, որ «փետրվարին սահմանադրական փոփոխությունների հարցով տեղի ունեցած խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ քաղաքական ուժերից երեքը՝  ԱՀ-ն, ՀՅԴ-ն և ԱԺԿ-ն կողմ էին կառավարման խորհրդարանական մոդելին, «Շարժում-88»-ը՝ կիսանախագահականին, մենք ընդհանրապես դեմ էինք փոփոխություններին: Սակայն ընտրողների շահերը պաշտպանելու համար որոշեցին մասնակցել գործընթացին»: «Գործընթացը պատկերացնում էինք այսպես. Կլինեն քաղաքական ուժերի անընդհատ խորհրդակցություններ: Սակայն մի օր պարզվեց, որ ոչ քաղաքական ուժերը և ոչ էլ մասնագիտական հանձնաժողովը ոչինչ չեն որոշում: Խմբակցությունների հետ հանդիպեց հայեցակարգի փաստացի հեղինակը՝ ՀՀ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, որն էլ ներկայացրեց նախագծի հիմքում ընկած հայեցակարգը: Սա էր հիմնական գործընթացը որտեղի էր ունեցել սահմանադրական փոփոխությունների հետ կապված: Այս նախագիծը  ոչ արտահայտում է Արցախի ժողովրդի, ոչ Արցախի քաղաքական ուժերի ցանկությունը, այն բերվել և մեր սեղաններին է դրվել Երևանից»,- շեշտել է Հայկ Խանումյանը:

«Շարժում-88» խմբակցությունը կողմ է կիսանախագահական համակարգին: «Խմբակցության առաջարկների 10%-ն է ընդունվել սահմանադրական հանձնաժողովի կողմից, հենց դա էլ հուշում է, որ կողմ քվեարկել չենք  կարող»,- ընդգծել է Էդուարդ Աղաբեկյանը:

«Դաշնակցություն» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը: «Ընկալելով ստեղծված իրավիճակը և գիտակցելով երկրի ապագայի հանդեպ մեր պատասխանատվությունը «Դաշնակցություն» խմբակցությունը ներկայացված Սահմանադրության նախագծին քվեարկելու է դեմ»,- ընդգծել է Դավիթ Իշխանյանը:(խմբակցության ամբողջական տեսակետը՝ հղումով):

«ԼՂՀ-ում առաջիկա սահամանդրական փոփոխությունները ենթադրում են ուժեղացված և կենտրոնաձիգ նախագահական կառավարման և օրենսդիր մարմնի դերի բարձրացման նորովի մոդել, որը կնպաստի երկրի պաշտպանունակության և անվտանգության մակարդակի շարունակական բարձրացմանը ու կառավարման պետական համակարգի օպտիմալացմանը»,- նշել է  «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը,- ավելացնելով, որ ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցությունը կողմ է քվեարկելու  նախագծին, այնուհետև կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ակտիվորեն մասնակցելու է քարոզարշավին և իր «այո»-ն է հայտնելու սահմանադրության նախագծին:

«Ժողովրդավարություն» խմբակցությունը որպես խմբակցության տեսակետ առաջարկներ չի ներկայացրել, բայց խմբակցության անդամ առանձին պատգամավորներ մի շարք առաջարկություններ են ներկայացրել մասնագիտական հանձնաժողովին, որոնց մի մասն ընդունվել է, մի մասն էլ չի ընդունվել: «Ընդհանուր առմամբ այն համահունչ է Արցախի հանրապետության հավատարմությանը ժողովրդավարական արժեքներին, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության գաղափարին, արտահայտում է ժողովրդի կենսական շահերը,- նշել է «Ժողովրդավարություն» խմբակցությունը ղեկավար Վարդգես Բաղրյանը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել խմբակցություններին և պատգամավորների ներկայացված առաջարկների համար և կոչ արել կողմ քվեարկել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն:

Նիստին ներկա 28 պատգամավորները 20 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել են ԼՂՀ ԱԺ-ը որոշումը՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու Հանրապետության նախագահի նախաձեռնությանը համաձայնություն տալու մասին:

1